Tags

Grigor-Zohrap«ԿԸ ՄՏԱԾԵՄ, ՈՐ ՊՈՔԵՐ ՄԸՆ Է ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ» ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

1915թ. հուլիսի 6, եվրոպական ժամանակով առավոտյան 5: Հալեպից Ուրֆա տանող ճանապարհ: Կառքը ուղեկցող ժանդարմները դիրք են գրավում Գասապթաշի երկու կողմերում և նշան բռնելով կառքում նստածների վրա՝ կրակում են: Գնդակներից մեկը դիպչում է Վարդգես Սերինկյուլյանին: Նա սպանվում է անմիջապես: Մյուս աքսորյալը չի վիրավորվում: Դահիճները մոտենում են կառքին:

«_ Իջի՛ր,_ կը պոռային ամեն կողմե:
Բայց կարծես իրեն չէին, ձայն չի հաներ: Այն ատեն Չերքես Ահմետ պեյը կը բռնե ետևեն և ուժով մը ցնցելով.
_ Իջի՛ր,_ կը կրկնե,_ այլևս ապրելիք չունիս, որովհետև բարձրագույն հրաման կա:
Զոհրապ, աչվըները արցունքով լեցուն, կը մերժե իջնել:
_ Հոս սպաննեցեք,_ կ’ըսե,_ կարողություն չունիմ շտկվելու:

Կը փորձեն քաշքշել զինքը և այդպես վար առնել կառքեն, բայց երկու ձեռքերով կը կառչե կողմնակի ամբարտակներուն: Այն ատեն Ահմետ պեյ իր չերքեսի դաշույնը կը խրե անոր կուշտը: Մյուսները նույնպես դաշույնով բազմաթիվ հարվածներ կուտան, թերևս բոլորովին ավելորդ տեղը: Հետո մարմինը քաշքշելով՝ կը ձգեն գետին, Գասապթաշիի առջև և բոլորովին ապահով ըլլալու համար իրենց րեվոլվերներով կը կրակեն վրան՝ միշտ ավելորդ տեղը»: Սա գրառում է պատմաբան, գրող Արամ Անտոնյանից: Իսկ ըստ Զարեհ Որբերյանի տեղեկությունների՝ Ահմեդը չհանգստանալով՝ սպանելուց հետո քարով ջախջախում է Զոհրապի գլուխը: Հետո սպանվածների դիակներից հանում են հագուստները և ոտքերից քարշ տալով տանում են կամուրջը և նետում ճանապարհի մյուս կողմը՝ մացառուտների մեջ:

Ոճրագործության հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին, Ուրֆայի շուկայում վաճառքի են հանվում Գր. Զոհրապի ոսկյա ժամացույցն ու մատանին և Վ. Սերինկյուլյանի ճերմակեղենը: Անգլիացի ճանապարհորդ ոմն Էքպր Ռիցցան նույն այդ շուկայից գնում և Հալեպ է տանում անվան սկզբնատառերով և արյան բծերով աղտոտված Զոհրապի պայուսակը: Նույն օրը Թալեաթի խորհրդական Ալի Մյունիֆ բեյը Կլարա Զոհրապին հայտնում է ամուսնու մահվան մասին:

…Քսանյոթուկես տարիների ընթացքում նրանք շատ անգամ էին բաժանվել: Մերթ պաշտոնական գործերով և քաղաքական պատճառներով, մերթ առողջական, երբեմն էլ անձնական հարցերով ամուսինը մեկնել էր արտասահման կամ կայսրության տարբեր անկյուններ: Բայց այդ բաժանումները եղել էին ժամանակավոր: Ամեն օր անհամբերությամբ պոկվող օրացույցի թերթերը մոտեցրել էին հանդիպման պահը, իսկ նամակագրությունը նվազեցրել էր հեռավորությունը:

Նրանք ծանոթացել էին 1885-ին: Բայց միայն երեք տարի անց Գր. Զոհրապը Պողոս Յազըճյանից խնդրեց դստեր՝ Կլարայի ձեռքը: 1888թ. հունվարի 31-ին Գատըգյուղի բնակարանում կատարվեց հարսանյաց շքեղ հանդեսը: Տարիներ անց՝ 1912-ի օգոստոսի 23-ին կնոջը նամակով խոստովանել է. «…ստորագրյալս, Գրիգոր Զոհրապ, փաստաբան արվեստով և օսմանեան Երեսփոխան դիպվածով, գրագետ, proffesseur, օրագրող և ամեն բանե առաջ և վերջը քիչիկ մը չափխընը, ասկե 28 տարի առաջ աղվորիկ, պզտիկ աղջիկ մը հանդիպած, զայն շատ հավնած իր խահվեի գույն շրջազգեստովը պոյովը շատ սիրած և մասնավորապես քիթիկին շատ զմայլած ըլլալովս, զինքը սիրելով կնության առի և սիրելով 28 տարի շարունակ երջանիկ ապրեցա և սիրելով որոշված օրը այս երկրես պիտի երթամ…»

Ինքզինքը շափխընը (կնամոլ) կոչած Զոհրապը 22-23 տարեկան հասակում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, կանաց դերի մասին: Նա սիրում էր կանանց իրենց կին լինելու, նուրբ, հեզ, թույլ, անօգնական լինելու համար: Նրա համար հակաբնական էին երկու սեռերի իրավահավասարության մասին նոր-նոր ծլող հայացքները, առավել ևս դրանց հայկական դրսևորումները: Երբ 5 տարի հետո Զոհրապը ամուսնանա և հանգստանա, կփոխի իր ձևակերպումները: Կարծիքը երկու սեռերի վերաբերյալ կմնա նույնը, բայց կդառնա առավել հանդուրժող և փափուկ: Զոհրապը գրում է, որ կնոջ սիրտը նավահանգիստ է, ուր «պիտի ապաստանինք աշխարհի փոթորիկներեն», որ կնոջը պետք է սիրել սրտի և ոչ մտքի համար. «Ուսյալ կին մը՝ կին ըլլալե կը դադրի իմ աչքիս»: Բայց կանանց հասարակական, մասնագիտական ակտիվության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը բումերանգի պես վերադարձվեց իր ընտանիքին: Իր ավագ դուստրը՝ Դոլորես Նվարդ Զոհրապ, հետագայում դարձավ բորսայի աշխատող և ճկուն մտքի և խելացի հաշվարկներ անելու կարողության շնորհիվ իր գործում հասավ մեծ հաջողության: Ունեցավ շատ փող, բայց երբեք չեղավ այն կինը, ում կերպարը պրապագանդում էր իր հայրը. ամբողջությամբ նյույորքյան բիզնեսի մեջ՝ Դոլորես Զոհրապ-Լիպմանը (ամուսնացել էր մեծահամբավ Լիպմանի հետ) վերջնականապես կորցրեց առողջությունը և մնաց անժառանգ: Տեր և տիկին Զոհրապների զավակներից և ոչ մեկը չունեցավ ամուսնական, ընտանեկան այն ջերմությունը, որ առկա էր Գրիգորի և Կլարայի միջև: Զոհրապ ընտանիքը երրորդ սերունդ չտվեց . չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ: Զոհրապի և Կլարայի սերը մնաց չգերազանցված:

Klara-ZohrapՆրանց սիրո պատմությունը ամենագեղեցիկը և ամենադրամատիկն էր իր իսկ ստեղծած նորավեպերի բոլոր պատմություններից… Կնոջ արդուզարդի համար նա կարող էր մի ամբողջ օր վատնել և այդ օրը համարել «աղվոր օր մը»: Մարդկային փոքրիկ ուրախություններից նա ստեղծում էր երջանկություն: Իսկ փոքրիկ ուրախությունները իր համար թե՛ գնումներն էին, թե՛ թղթախաղը: Նա կարող էր ընթրիքից հրաժարվել խնայողության համար, բայց գնալ խաղատուն և տասնապատիկը տանուլ տալ: Դա կյանքն էր: Ընդհանրապես, կյանքը խաղ էր իր դիտարկմամբ. «Կը մտածեմ, որ պոքեր մըն է ամբողջ կյանքը»,_ գրում է որդուն՝ Արամին՝ 1912-ին հասցեագրված նամակում:

Վիսբադենում եղած ժամանակ՝ 1911թ. Զոհրապը հանկարծ վերհիշում է իր պատանեկության սերը: 1881-ն էր, երբ նա տեսավ ու սիրեց Մաթիլդը՝ այն համակրելի կաթոլիկ հայուհին: Հիմա՝ շատ տարիներ անց, նորից այդ անունը տակնուվրա է անում Զոհրապի հոգին: Իր այս առաջին և մերժված սիրո գրական վերարտադրությունը եղան երկու բանաստեղծությունները՝ «Նախանձը» և «Հրաժեշտը» և սիրո պատմության արտացոլանքը հայտնվեց «Անհետացած սերունդ մը» վեպում: Բայց առաջին սիրո այդ վերհուշը չէր կարող հեռացնել Կլարային. այս կինն այնքան մոտ և սիրելի, այնքան թանկ և անփոխարինելի էր Զոհրապի համար: Բայց կար մի բան, որ երբեմն փչացնում էր իրենց ամուսնական կյանքի հովվերգությունը. խանդն էր: Կլարայի խանդը Գրիգորի հանդեպ: Զոհրապը կարողանում էր թեթևություն մտցնել լրջացող խնդրի մեջ, որն էր խանդը, այն վերածել հումորի և անմեղ երևալ, կամ գուցե և իսկապե՞ս անմեղ էր:

Ինչպես կուզենար թոթափել ամեն խնդիր, անջատվել կյանքի աղմուկից և մարդկային սխալ հարաբերություններից և զբաղվել այգեգործությամբ: 1913-ին կարծես թե իր այս երազանքը պիտի իրագործվեր: Բայց պատերազմը խափանեց իր այս ծրագիրը:
1915-ի մայիսին նոր-նոր էր վերադարձել տուն Թալեաթի հետ Արևելյան ակումբում թուղթ խաղալուց, երբ ձերբակալեցին և տարան Ղալաթասերայի ոստիկանատուն, այնտեղից՝ Գոնիա, հետո՝ Ադանա, որտեղ երազում էր նարնջենիներ տնկել, ապա՝ Հալեպ: Նա շարունակում էր կնոջը նամակներ գրել, ինչպես միշտ սովորություն ուներ գրելու, երբ բաժանվում էին: «Սիրական, աղվորիկ, քիթիկլի կնիկս», «մեկ հատիկ, անուշիկ, չի գտնված գանձս, կնիկս, հոգիս». այս արտահայտությունները, որ արվել էին համատեղ կյանքի 27 տարիների ընթացքին, մի քանի օրում խմբագրվեցին «սիրական և խեղճ կնիկս», «սիրելի և դժբախտ կողակիցս»: Հումորը, որ միշտ օգնել էր նրան հաղթահարել դժվարությունները, բթացել էր:
…1915թ. հուլիսի 6, եվրոպական ժամանակով առավոտյան 5…

(Ն. Թուխիկյան «Խոստովանություն» գրքից)
(Նկարում՝ Գրիգոր Զոհրապ, Կլարա Յազըճյան)