Tags

,

Umberto-Eco«Կորրիդան» ռիսկասեր դելետանտների հաղորդում է, որտեղ հանդիսատեսը սադիստորեն զվարճանում է՝ նայելով դոփապար պարող ծերուկներին, Մադոննային նմանակել փորձող տնային տնտեսուհիներին ու նրանց նման այլոց։ Սա նման է հին աշխարհի արենաների այն դաժան տեսարաններին, որոնց հանդեպ հետաքրքրությունը խարսխված էր գլադիատորի կամ տառապյալի հայտարարված մահվան սրտատրոփ կանխավայելման հետ։

Իսկ նորօրյա կրկեսների արենաները հիմնվում են երեք հակասական զգացումների վրա․ մի քիչ խղճահարություն այն թշվառի հանդեպ, որն իրեն համընդհանուր ծաղրի առարկա է դարձնում, սադիստական հաճույքի զգացում այն պատճառով, որ այդ թշվառները ոչ թե համակերպվում են կոլիզեյի տառապյալների նման, այլ իրենք են ընտրում այդ՝ կամովին, և վերջապես թաքուն նախանձի պես մի բան նրանց հանդեպ, ովքեր ամոթը մի կողմ դնելով և թույլ տալով, որ իրենց ծաղրեն, փոխարենը մեծ հայտնիություն են ձեռք բերում։ Չէ որ հաջորդ օրը կրպակի տերն ու հացավաճառը շնորհավորելու են նրանց՝ մոռանալով, թե նրանք ինչ ողորմելի տեսք ունեին երեկ և հիշելով միայն, որ նրանց ցուցադրել են հեռուստացույցով, ինչը այսօր յուրաքանչյուրի երազանքն է։

«Կորրիդան», որը տարիներ առաջ սկսվել էր գուցե որպես վատորակ խեղկատակություն, այսօր հաջողություն ունի, որովհետև ներկայացնում է հասարակության էությունը։ Այն ստեղծվել է անցումային ժամանակաշրջանում՝ ռիսկ սիրող դելիտանտների ձեռքով, ովքեր սեփական քաղաքական անկրթությունը ի ցույց դնելով, անակոլուֆներ են շաղ տալիս․․․ սխալ փոխաբերություններ, օտարաբանություններ, աղավաղված մեջբերումներ, ոճական վրիպակներ։

Նրանք նախ և առաջ եթերից փոխեցին լեզուն։ Բարձրաոճ «կուրիայի» լեզուն փոխարինեցին ոչ թե խոսակցական, այլ գռեհիկ լեզվով, բանավեճը փոխարինեցին հայհոյանքներով, բառեզրերը՝ կեղտոտ բառերով, և կարծելով, թե «խոսում են անբռնազբոսիկ», իրականում այնպես են խոսում, ասես զկռտում են։ Շարքային հանդիսատեսն էլ փորձում է համապատասպանել այս նոր պահվածքին և խթանում է այդպիսի հաղորդումների ի հայտ գալը, որոնցում երևում է նրանց՝ բոլոր կողմերից բզկտված մշակույթը։

Բարյացակամորեն են ընդունվում այն շարժուձևերը, որոնք մի ժամանակ հոգեբուժական սեմինարների քննարկման նյութ կդառնային, համընդհանուր քննարկման են դրվում ընտանեկան առօրյա վեճերը, և ծափերով են դիմավորում նրանց, ովքեր իրենց պահում են Կապրիոլիի կինոպերսոնաժի պես, ով քիթը քաշելով ու կակազելով բողոքում էր, որ իրեն ռադիոհաղորդավարի աշխատանք չեն տվել, որովհետև ինքը դռան տակ մնացած մատի վրա ռետինե վիրակապ էր հագցել։

Բարսելունում մի ժամանակ գոյություն ուներ (ասում են այսօր էլ գոյություն ունի, միայն թե դերակատարներն են ուրիշ) մի հաստատություն, որը կոչվում էր «բոհեմի ապաստան», որտեղ ելույթ էին ունենում իրենց դարն ապրած դերասաններ, ութսունամյա, շնչահեղ եղող երգիչներ, բառավ սուբրետուհիներ՝ խռպոտած ու ցելյուլիտավոր։ Հանդիսատեսը սարսափի սիրահարներ էին կամ էլ սնոբ ինտելեկտուալներ, որոնք այդ կերպ հաճույք էին ստանում «դաժանության թատրոնից», ծափահարում էին ձեռքերը ջարդելով, իսկ ամենակլանող պահերին հույզերի ավելցուկից պատրաստ էին կրակել դաշնակահարի վրա։ Կատարողներն էի երջանիկ էին, որովհետև զգում էին, որ դահլիճը ինչ-որ առումով իրենց հետ է ու իրենց նման։

Հասարակական կյանքն այսօր երբեմն շատ է հիշեցնում այդ «Բոհեմի ապաստանը»․ այստեղ իշխում են ճիչերն ու իրարանցումը, անզսպությունը, վիրավորանքները, փրփրած բերանները, և «հանրությունը» (ոչ թե հասարակության տականքը) սկսում է իրադարձություններին վերաբերվել որպես Արիասի ստեղծած դաժանության թատրոնի, որին մասնակցում են թզուկներն ու բալետի պառավ պարուհիները։

Մյուս կողմից «Կորրիդան» պոլիտկոռեկտության հաղթանակն է և ուրիշ՝ ավելի «լուրջ» հաղորդումների համար կարող է օրինակ ծառայել։ Ավանդական կատակերգական թատրոնը միշտ շահագործում էր անճոռնիներին, կույրերին, կակազներին, թզուկներին ու հաստլիկներին, տկարամիտներին ու անազնիվ համարվող աշխատանքով զբաղվողներին կամ էլ ստորակարգ համարվող էթնիկ խմբի պատկանողներին։ Հիմա ոչ միայն անհնար է անպաշտպան պարիաների հանդեպ վիրավորական ծաղրը, այլև՝ հիմա նույնիսկ Մոլիերին թույլ չէին տա հեգնել բժիշկներին․ նրանց իրավունքների պաշտպանության լիգան անմիջապես ոտքի կկանգներ՝ ենթադրյալ զրպարտությունից նրանց պաշտպանելու։

Անհրաժեշտ էր որևէ լուծում գտնել, և լուծումը գտնվեց։ Այլևս չի կարելի գյուղացի հիմարին ծիծաղի առարկա դարձնել․ սա դեմոկրատիկ չէ։ Բայց ժողովրդավարական է նրան խոսքի իրավունք տալը և իրեն ինքնուրույնաբար՝ ուղիղ խոսքով, կամ գյուղացի հիմարի բառապաշարով ասած՝ առաջին դեմքով ներկայացնելու հնարավորություն ընձեռելը։ Հիմա այլևս երբեք չեն ծիծաղում հարբածի դեր խաղացող դերասանի վրա, այլ հարբեցողի համար խմիչք են գնում ու ծիծաղում նրա խոզության վրա։

Հերիք է միայն հիշել, որ էկզբիցիոնիզմը ոչ միայն համարվում է գյուղացի հիմարի աչքի ընկնող հատկանիշներից մեկը, այլև բազմաթիվ են նրանք, ովքերի էկզբիցիոնիզմի նկատմամբ սեփական կիրքը հագեցնելու համար պատրաստ են գյուղացի հիմարի դեր կատարել։

Մի ժամանակ ապահարզանի եզրին գտնվող ամուսինները զրպարտության մեղադրանքով դատի կտային նրան, ով կհամարձակվեր ներկայացնել նրանց թշվառ վեճերը․ ինչպես որ ասացվածքն է ասում՝ «կեղտոտ սպիտակեղենը պետք է տանը լվանալ»։ Բայց եթե այդ նույն ամուսինները ոչ միայլ թույլ են տալիս, այլև իրենք են իրենց թշվառությունը համընդհանուր դիտարկման դնելու հնարավորություն փնտրում, էլ ով կարող է կշտամբել նրանց։

Այսօր մեր արժեհամակարգը մեր իսկ աչքի առաջ տարօրինակորեն շրջվում է գլխիվայր։ Երջանիկ է նա, ով ի ցույց է դնում իրեն։ Երջանիկ է հեռուստաալիքը, որ կարող է «թամաշա» սարքել՝ առանց վճարելու դերասաններին։ Եվ երջանիկ ենք մենք, որ կարող ենք ծիծաղել ուրիշների հիմարության վրա՝ բավարարելով սեփական սադիստական հակումները։

Հեռուստաէկրաններն այժմ լի են բայերը համարձակորեն շփոթող անգրագետներով, միասեռականներով, ովքեր «ծեր արվամոլ» են կոչում նրանց, ովքեր նույն ճաշակը չունեն, ինչ իրենք, հիստերիկ մարգարեուհիներով, ովքեր իրենց չբուժված հիվանդությունների պատճառով խեղկատակություն են անում, սխալ նոտաներ երգող երգիչներով, երջանիկ ամուսիններով, ովքեր դավաճանել են միմյանց, իրենց հաշվին իրենց գրքերը տպող հեղինակներով, նրանցով, ովքեր վիրավորանքներ են բաժանում, և մյուսներով, ովքեր ընդունում են վիրավորանքները, և վերջապես նրանցով, ովքեր երջանիկ են, որ առավոտյան կրպակավաճառը ճանաչելու ու շնորհավորելու է իրենց, մոռանալով, թե նրանք ինչ ողորմելի տեսք ունեին երեկ էկրանին։

Ումբերտո Էկո, 1995 թվական

Ներկայացրել եմ ես որոշ խմբագրումներով: