An Armenian Journalist's Notes

Անահիտ Հայրապետյան. ամենավերջինը

Advertisements

դու ինձ համար միակը
միակն ու անկրկնելին
ու ես ընտանիքս
ու ես ինձ
ու ես կովին ձիուն ու իմ փիսոյին
միշտ դրեցի երկրորդ երրորդ և ինչու չէ տասներկուերորդ տեղում
միայն թե դու լինես առաջինը
առաջինը պահեցի քեզ համար
դու եղար առաջինը գրեթե ամեն ինչում
սրտիս անկյունները պահեցի քեզ համար
կենտրոնում դրեցի քեզ
եզրերում գրեցի քո անունը
քո անունն ամենուրեք իմ մեջ
իմ մեջ աչքերիս մեջ ականջներիս մեջ
դու իմ մեջ
ես ես չեղա առանց քեզ
առանց քեզ ես չեղա էլ երբեք չեղա քեզ համար առաջինը
ճամփաս չանցավ քո սրտի միջով
նախ եղավ քո ընտանիքը քո ձին ու կովը կատուն աղջիկները հետո միայն եկա ես
ես եկա երբ արդեն տեղ չկար
տեղ չկար ու ոտքի վրա պիտի սպասեի
սպասեի այնքան մինչև բոլորը գնային ու վերջերում մի տեղ
սրտից դուրս
մի քիչ վերև
կոկորդիդ կանգնեի
սպասեի սպասեի
ես քեզ համար երբեք չեղա առաջինը երկրորդը երրորդ ու ավաղ տասներկուերորդն էլ չեղա

Անահիտ Հայրապետյան
Անահիտի այլ գործեր այստեղ

Advertisements