Tags

,

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ –
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ –
Սիրիր, ինչպես կամ –
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը –
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա –
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից –
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար…

Սիլվա Կապուտիկյան