Tags

, ,

Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ…
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ։
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ…

*******

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ձգտել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Հ.Սահյան