Tags

,

Այնպես անփույթ, այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

Ասում են, թե մոռացել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես, մոտս թողել քո հոգին։

Եվ այնպես հեշտ, այնպես հանգիստ
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են, թե ինձ դավել ես, չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն

Ասում են, թե սերը սուտ է, չեմ հավատում, իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է, արի շունչ տուր կրակին:

Սիլվա Կապուտիկյան