Tags

, ,

-Իմ սերե՞րն անացած…
Նախ ` նորից ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի~զբ,
Որ չի կրկնվում,
Ինչպես…ծննդյան եզակի օրը;
Եվ հետո…հետո`
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել `
Երբեք ավելին չենք ունենալու,
Ինչպես չի լինում … ավելորդ ատամ:

Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած.
Դեռ չեմ բաժանվել ո~չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ոչ իրենց:
Եվ ի~նչ փոխել են ` իրենք են փոխել,
Իրե~նք , ոչ թե ես, –
Այս մի մոռացիր:

Եվ զուր մի հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի հարցրու:
Սերերը , սեր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են`
Անհավասար են , ինչպես …մատները .
Ո՞ր մատդ կտրես`
Պիտի շատ ցավի կամ պակաս ավի:
Էլ ի՞նչ ամենա…

Ախ այս ամենա -ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանակարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ … այդ ամենա –ից.
Անծանոթ է դա ոչ միայն բույսին,
Այլև կենդանուն,
Ապուշի~ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե~ն զգում…

Ամենա չկա~:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է`
Էլ ի՞նչ վատ ,ինչպե՞ս ,
Ու եթե սեր է `
Էլ ի՞նչ ամենա…

-Իսկ անցած սերերն , ի~նչ է , չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ , աստված չարասցե , մեռնում են նրանք,
Դարձյալ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր …մեռած երեխաները…
Ահավոր ցավը չեն վերհիշեցնում:
Գրկի~ր ինձ:
Մեղք եմ…

Պարույր Սևակ