Tags

,

Մի ժամանակ մենք չէինք համարձակվում նույնիսկ  կիսաձայն շշնջալ: Այժմ ահա ՙՍամիզդատ՚ ենք գրում ու կարդում, իսկ  մեկս մյուսին, հավաքվելով  ԳՀ ինստիտուտների ծխարաններում, արդեն ի սրտե  բողոքում ենք, թե ինչ չարություն ասես չեն անի նրանք, ուր ասես կարող են մեզ տանել: Եվ  անհարկի տիեզերական պարծենկոտությունը` տան սնանկացման ու աղքատության  պայմաններում, և հեռավոր  վայրենի   ռեժիմների ամրացումը, և քաղաքացիական կռիվների  հրահրումը, և անխոհեմաբար Մաո Ցզե Դուն աճեցրինք “մեր միջոցներով”` ու հենց մեզ էլ կքշեն նրա դեմ, ու ստիպված  կգնանք , ուր պիտի փախչես: Եվ դատում են, ում կամենում են, և առողջներին գժանոց են քշում, ամենը` ՙնրանք՚, իսկ մենք… անզոր ենք:

Արդեն պռնկին է հասել, արդեն համընդհանուր հոգևոր կործանումը համակել է մեզ բոլորիս, իսկ ֆիզիկականն  ահա ուր որ է կբռնկվի ու կմոխրացնի  և° մեզ, և° մեր երեխաներին, իսկ  մենք առաջվա պես անընդհատ ժպտում ենք վախվորած ու կցկտուր թոթովախոսում.

– Իսկ ինչով կարող ենք  մենք խանգարել: Մենք ուժ  չունենք:

Մենք այնքան անհուսալիորեն ապամարդկայնացել ենք, որ հանուն հանապազօրյա համեստ կերատաշտի կտանք մեր սկզբունքները, մեր շունչը, մեր նախնիների  բոլոր ջանքերը, սերունդների բոլոր հնարավորությունները. միայն թե չխափանենք մեր խախուտ գոյությունը: Մեզ չմնաց ո°չ ամրություն, ո°չ հպարտություն, ոչ էլ սրտի հուր: Մենք նույնիսկ համընդհանուր ատոմային մահից չենք վախենում, երրորդ համաշխարհային պատերազմից չենք վախենում գուցե, բանալու անցքում կթաքնվենք¤, մենք միայն վախենում ենք քաղաքացիական արիության քայլերից:  Միայն թե չկտրվենք հոտից, միայնակ քայլ չանենք և հանկարծ մնանք առանց սպիտակ հացի, առանց ջեռուցիչի, առանց մոսկովյան գրանցման: Ինչպես մտցրել են մեր գլուխը քաղխմբակներում, այնպես էլ ծիլ է տվել մեր մեջ, հարմար կյանք է ծայրից ծայր` գերազանց. միջավայրը, սոցիալական պայմանները, դրանցից չես փախչի, կեցությունն է պայմանավորում գիտակցությունը, մենք ի±նչ գործ ունենք: Մենք ոչինչ չենք կարող:

Իսկ մենք  կարող ենք ամեն բան, սակայն խաբում ենք ինքներս մեզ, որպեսզի հանգստացնենք մեզ: Ոչ մի դեպքում դեպքում ՙնրանք՚ չեն ամեն ինչի մեղավորը,- այլ մենք, ինքներս, միայն մենք:

Կհակաճառեն. բայց, իսկապես, ելք չես գտնի: Մեր բերանները փակել են, մեզ չեն լսում, չեն հարցնում: Ինչպե±ս ստիպենք նրանց, որ մեզ լսեն:

Ետ համոզել նրանց` անհնար է:

Բնական կլիներ` նրանց վերընտրել, բայց վերընտրություններ մեր երկրում չեն լինում:

Արևմուտքում մարդիկ գործադուլներ գիտեն, բողոքի ցույցեր, բայց մենք չափից դուրս ծեծված ենք, դա մեզ համար սարսափելի է: Ո±նց կլինի` հանկարծ` հրաժարվենք աշխատանքից, ոնց կլինի հանկարծ` դուրս գանք փողոց:

Դե իսկ մյուս ճակատագրական ուղիները, որ վերջին հարյուրամյակի ընթացքում փորձարկվեցին ռուսական  դառը պատմության մեջ, առավել ևս մեզ համար չեն, և հիրավի` հարկավոր էլ չեն: Այժմ, երբ բոլոր կացիններն իրենցը կտրել են, երբ բոլոր սերմերը ծիլ են արձակել, ակնհայտ է, թե ինչպես են մոլորվել, ինչպես են մոլագարվել այն ինքնասպան  ջահելները, ովքեր  մտածում էին տեռորով, արյունոտ  ապստամբությամբ ու քաղաքացիական պատերազմով երկիրը դարձնել երջանիկ: Ո°չ,  շնորհակալ ենք, լուսավորության հայրեր: Հիմա արդեն  մենք գիտենք, որ  մեթոդների նողկալիությունը վերաճում է արդյունքների նողկալիության: Մեր ձեռքերը թո°ղ մաքուր լինեն:

Ուրեմն փակվեց շրջանակը: Եվ ելք իսկապես չկա: Եվ մեզ մնում է սոսկ անգործության մեջ սպասել. գուցե ինքն իրեն մի բան տեղի կունենա:

Սակայն երբեք այն մեզնից ինքն իրեն պոկ չի գա, եթե մենք բոլորս օրեր շարունակ ճանաչենք, փառաբանենք և հաստատուն դարձնենք այն, եթե ետ չքաշվենք թեկուզ նրա ամենազգայուն կետից:

Ստից:

Երբ բռնությունը ներխուժում է  խաղաղ մարդկային կյանքի մեջ, նրա դեմքը ճառագում է ինքնավստահությունից, այն այդպես էլ հենց կրում է  դրոշի վրա և բղավում է. ՙԵս Բռնությունն եմ: Ցրվիր, ետ քաշվիր` կճզմեմ՚: Բայց բռնությունը շուտ է ծերանում, մի քանի  տարի` և այն արդեն վստահ չէ իր վրա, և որպեսզի դիմանա, որպեսզի բարեկիրթ տեսք ունենա, անխուսափելիորեն իրեն դաշնակից է կանչում ստին: Քանզի բռնությունը ոչնչով չի կարող ծածկվել, բացի ստից, իսկ սուտը կարող է դիմանալ միայն բռնությամբ: Եվ ամեն օր ու ամեն ուսի վրա չի բռնությունն իր ծանր թաթը դնում. այն  պահանջում է մեզնից միայն հնազանդություն, ամենօրյա  մասնակցություն ստին`  և սա է ողջ հավատարմությունը:

Եվ հենց այստեղ է ընկած մեր կողմից անտեսված մեր ազատագրման ամենապարզ, ամենամատչելի բանալին. անձամբ չմասնակցել ստին: Թող որ սուտը պատել է ամեն բան, թող որ սուտը տիրում է ամենին, բայց փոքրագույնի մեջ համառենք. թող տիրի ո°չ իմ մեղքով:

Եվ դա ճեղքվածք է մեր անգործության կարծեցյալ օղակում` ամենահեշտը մեզ համար և ամենակործանարարը ստի համար:  Քանզի երբ մարդիկ ետ են քաշվում ստից, այն պարզապես դադարում է գոյություն ունենալ: Վարակի պես, այն կարող է գոյատևել միայն մարդկանց մեջ:

Չենք կոչվում, չենք հասունացել մենք հրապարակներ գնալու և բարձրագոչելու ճշմարտությունը, ի լուր ամենքի ասելու այն, ինչ մտածում ենք. պետք չէ. դա սարսափելի է:  Բայց գոնե հրաժարվենք  ասել այն, ինչ չենք մտածում:

Հենց սա է մեր ճանապարհը: Ամենահեշտն ու  ամենամատչելին մեր ընձյուղված օրգանական  վախկոտության պայմաններում, շատ ավելի հեշտ, քան սարսափելի է ասել քաղաքացիական անհնազանդությունն ըստ Գանդիի:

Մեր ճանապարհն է` գիտակցաբար ոչնչով սատար չկանգնել ստին: Գիտակցելով, թե որտեղ է  ստի սահմանը ամեն մեկի համար այն դեռևս  տարբեր կերպ է երևում, ետ քաշվել այդ փտախտային սահմանից: Չսոսնձել  Գաղափարախոսության  մեռած ոսկորներն ու թեփուկները, փտած հնոտիներ չկարել, և  մենք ապշահար կլինենք, թե ինչպես է արագ ու անօգնական կերպով սուտը պակասում, և ինչը մերկ պետք է լինի` աշխարհին այն մերկ կհայտնվի:

Եվ այսպես, մեր  ամոթխածությամբ թող յուրաքանչյուրն ընտրի. արդյոք նա մնում է ստի գիտակից ծառա օ, իհարկե, ոչ ըստ հակումի, այլ ընտանիքը կերակրելու համար, երեխաներին ստի հոգով դաստիարակելու համար, թե եկել է ժամանակը իր վրայից թոթափելու որպես ազնիվ մարդ, արժանի և° իր երեխաների, և°  ժամանակակիցների հարգանքին: Եվ այսօրվանից նա.

այլևս չի գրի, չի ստորագրի, ոչ մի միջոցով չի տպագրի և ոչ մի ֆրազ, որն իր կարծիքով աղճատում է ճիշտը.

նման ֆրազ ո°չ մասնավոր զրույցում, ո°չ հրապարակավ չի արտահայտի ո°չ իր անունից, ո°չ հուշաթերթիկով, ո°չ քարոզչի, ուսուցչի, դաստիարակի դերում, ո°չ էլ թատերական դերով.

գեղանկարով, քանդակով, լուսանկարով, տեխնիկայով, երաժշտությամբ չի պատկերի, չի հարակցի, չի հաղորդի ոչ մի կեղծ միտք, ճշմարտության ոչ մի աղավաղում, ինչը տարբերակում է.

ո°չ բանավոր, ո°չ էլ գրավոր խոսքում չի մեջբերի ոչ մի ՙղեկավարող՚ ֆրազ` հաճկատարությունից, ապահովագրման, իր աշխատանքի հաջողության համար, եթե մեջբերված միտքը չի կիսում ամբողջությամբ կամ այն ճշգրիտ կերպով չի վերաբերում այդ տեղին.

թույլ չի տա ստիպել իրեն գնալ ցույցի կամ միտինգի, եթե դա իր ցանկության ու կամքի դեմ է: Ձեռքը չի վերցնի, չի բարձրացնի  ոչ մի տրանսպարանտ, լոզունգ, որն ամբողջությամբ չի կիսում.

քվեարկող ձեռք չի բարձրացնի այն առաջարկին, որն անկեղծությամբ չի հուզում նրան. չի քվեարկի ո°չ առերես, ո°չ գաղտնի կերպով այն անձի օգտին, ում անարժան կամ կասկածեոլի է համարում.

թույլ չի տա քշել իրեն մի ժողովի, ուր սպասվում է հարցի ստիպողական աղավաղված քննարկում.

անմիջապես կլքի նիստը, ժողովը, դասախոսությունը, ներկայացումը, կինոդիտումը, հենց որ հռետորից լսի կեղծիք, գաղափարախոսական բարբաջանք կամ անամոթ քարոզչություն.

չի բաժանորդագրվի և չի գնի կրպակներից այն թերթերն ու հանդեսները, ուր տեղեկություններն աղավաղվում են, հիմքում ընկած փաստերը` թաքցվում:

Մենք թվարկեցինք, ինքստինքյան, ոչ բոլոր հնարավոր և անհրաժեշտ շեղումները ստից: Սակայն նա, ով կսկսի մաքրվել, մաքրված  հայացքով հեշտությամբ կտարբերակի նաև մյուս դեպքերը:

Այո, սկզբնական շրջանում հարթ չի ընթանա: Ինչ-որ մեկին կվիճակվի ժամանակավորապես զրկվել աշխատանքից: Երբ երիտասարդները ցանկանան ապրել ըստ ճշմարտության, սկզբում դա խիստ կդժվարացնի նրանց երիտասարդ կյանքը. չէ± որ պատասխանվող դասերը նույնպես առլեցուն են ստով, պետք է ընտրել: Բայց ոչ մեկի համար, ով ուզում է ազնիվ լինել, նույնպես սողանցք չմնաց. ոչ մի օր մեզնից և ոչ մեկը նույնիսկ ամենաանվտանգ  տեխնիկական գիտություններում չի խաբի նշված քայլերից  թեկուզ և մեկին` հօգուտ ճշմարտության, թե ստի, հօգուտ հոգևոր անկախության, թե հոգևոր քծնանքի:  Եվ նա, ով համարձակություն չի գտնում նույնիսկ իր  հոգու պաշտպանության համար, թող չհպարտանա իր առաջավոր հայացքներով, չգոռոզանա, թե ինքը ակադեմիկոս է կամ ժողովրդական դերասան, վաստակավոր գործիչ կամ գեներալ` թող հենց այդպես էլ ասի իրեն. ՙԵս  անասուն  եմ  և  վախկոտ, միայն  թե կուշտ լինեմ ու տաքուկ՚:

Նույնիսկ այս ճանապարհը` դիմադրության բոլոր ճանապարհներից ամենաչափավորը, լճացածներիս  համար հեշտ չի լինի: Բայց որքան ավելի հեշտ է ինքնակիզումից կամ նույնիսկ հացադուլից, բոցը չի համակի քո մարմինը, աչքերդ չեն պայթի ջերմությունից, դե իսկ սև հաց մաքուր ջրի հետ միշտ էլ կգտնվի քո ընտանիքի համար:

Մեր կողմից դավաճանված, խաբված չեխոսլովակյան մեծ ժողովուրդը  Եվրոպայի, մեզ ցույց չտվեց, արդյո±ք, թե ինչպես է նույնիսկ  տանկերի դեմ աներեր մնում անպաշտպան կուրծքը, եթե կրծքի տակ արժանի սիրտ կա:

Դա դժվար ճանապարհ է… սակայն  հնարավորներից ամենահեշտը: Դժվար ընտրություն մարմնի համար, սակայն միակը հոգու համար: Դժվար ճանապարհ, միայն թե մեր մեջ արդեն մարդիկ կան, նույնիսկ  տասնյակներ, որ տարիներով հավատարիմ են բոլոր այս կետերին, ապրում են ըստ  ճշմարտության:

Իսկ եթե  մենք  վախենանք, էլ ուրեմն բավ է բողոքենք, թե ինչ-ր մեկը մեզ չի թողնում շնչել, այդ մենք ինքներս մեզ չենք թողնում: Մի քիչ էլ  կռանանք, սպասենք, իսկ մեր եղբայր կենսաբանները կօգնեն մոտեցնել մեր մտքերի ընթերցումը և մեր գեների վերափոխումը:

Եթե այստեղ էլ մենք վախենանք, ուրեմն ոչնչություն ենք, անհուսալի ենք և մեզ է ուղղված պուշկինյան արհամարհանք.

Ինչին են պետք նախիրներին ազատության պարգևները:

Նրանք ի ծնե ժառանգում են

Մտրակն ու լուծը զանգուլակներով:

Ալեքսանդր Սոլժենիցին 

12 փետրվարի 1974.

Թարգմանիչ Էդուարդ Սարոյան, ՙԳարուն՚, №3 1989