Tags

, , , ,

Կոնստանտին Բրակուզի, «Լը Բեզե» («Համբույրը») 1907-08 թթ.

 

Հեղինակը Խաչիկ Խաչիկյանն է: Կարծում եմ հետաքրքիր մեկնություն է սիրո ժամանակակից տեսության ֆոնին: Արժե կարդալ, և քննարկել, իհարկե🙂

Մարդկության պատմության բոլոր ժամանակներում «սեր» կոչվող հուզական բարդույթը կատարելատիպային արժեք է հանդիսացել եւ նրա ներկայիս արժեզրկումը մտորումների առիթ է տալիս:

Կյանքի քառուղիներում homo sapiens-ը հասկանում է, որ, ճիշտ է, եզակի, բայցեւ՝ վաղանցիկ գոյություն է, որ ծնվել է ոչ իր կամքով եւ ի հեճուկս իր կամքի՝ մեռնելու է: Բնության ուժերի ու հասարակության առջեւ նա անօգնական է, միայնակ (homo solitarius): Բնականաբար, նրա ամենախորքային պահանջը նեանդերթալյան մարդուց մինչեւ ժամանակակից նեղմիտ մարդ՝ սպառողը (homo consumens) շարունակում է մնալ միայնության հաղթահարումը, որը տեղի է ունենում միասնանալու ստորեւ շարադրվող ձեւերով:

Այսպես կոչված, օրգիաստիկ միասնության (ՕՄ) զգացումն, օրինակ, մարդն ապրում սեքսուալ եւ ոչ սեքսուալ խմբային ծիսակատարությունների (տրանսը, էկզալտացիան (հուզավառություն) աշխարհի չքացման, դրա հետ մեկտեղ՝ միայնության փարատման պատրանք են ստեղծում) ժամանակ, նարկոտիկներ (անգամ՝ ալկոհոլ, կոֆեին ու նիկոտին) կիրառելիս եւ այլն: Նշյալ զգայություններն, այնուամենայնիվ, վաղանցիկ են, կեղծ եւ գրգռում ու ոգեշնչում են ոչ ավելի, քան ՀՀ Ազգային ժողովի նիստերի տեսագրությունը քվեարկության պահին, բայց այդուհանդերձ, թեկուզեւ կարճատեւորեն կլանում են մարդու մարմինն ու միտքը: Ըստ էության, ՕՄ-ն փախուստ է իրական աշխարհից (էսկապիզմ, Աբու Լալայի համախտանիշ):

Միավորման մեկ այլ ձեւ է կոնֆորմիստական միասնությունը (ԿՄ), երբ մարդը դառնում է որեւէ խմբի անդամ, ընդունում նրա խաղի կանոնները, դրանով իսկ՝ հաղթահարում իր մեկուսացումը: Նա կարող է նաեւ հպարտանալ իր խմբի եզակիությամբ («Civis romanus sum` Ես Հռոմի քաղաքացի եմ», “Читайте, завидуйте, я гражданин Советского Союза”) եւ այլն: Սակայն այդ միաձուլումն անխուսափելիորեն բերում է անհատականության կորստի:

Միավորվում են նաեւ ստեղծագործության մեջ (ստեղծագործական միասնություն, ՍՄ): Պիգմալիոնը միավորվում է իր իսկ ստեղծած Գալաթեային, ավելին, կենդանացնում նրան Աֆրոդիտեի ձեռքերով, Դալին՝ իր անասնապղծական եւ ֆալլիկ նկարներին, Ծերեթելին՝ իր կիկլոպիկ արձաններին, Ռոդենն՝ իր բազմաբովանդակ արձանախմբերին: Այլ կերպ, քան միավորված հնարավոր չէ պատկերացնել նաեւ Պագանինիին՝ իր կապրիսներով, Վիվալդիին՝ իր տարվա եղանակներով եւ այլն:

Ստեղծագործելիս է միայն մարդն ինքնուրույն աշխատում եւ անձամբ քաղում այդ աշխատանքի պտուղները: Իրականում մարդն այսօր ոչինչ է եւ ավելի շատ շահագործվում է, քան ստեղծագործում: Եթե Վան Գոգն իր մոտ 1700 կտավներից միայն մեկն է վաճառել (ընդամենը 80 դոլարով), ապա ներկայիս նկարիչներն առաջնորդվում են, ոչ անշուշտ, ստեղծելու եւ արարելու ներքին պահանջով եւ ուստի՝ մշտապես մնում իրենց իսկ մենության անդաստանում:

Այսպիսով, ՕՄ-ն վաղանցիկ, ԿՄ-ն՝ կեղծ, իսկ ՍՄ-ն՝ ներանձնային միասնականացում են ապահովում: Նրանցում միջանձնային շփումները պարզապես բացակայում են եւ ուստի չեն պատասխանում գոյության գլխավոր հիմնախնդրի՝ սիրո հարցերին:

Միասնականանալու ամենահզոր մղումը միջանձնային միավորումն է (ՄՄ), նրա ոչ հասուն (սիմբիոզ- sym՝ լատ.՝ միասին, bios՝ կյանք), եւ հատկապես, հասուն (սեր) ձեւերը: Մարդկային ցեղի գոյությունն անհնար է պատկերացնել նրանցից դուրս:

Սիմբիոզն իր երկու՝ պասսիվ եւ ակտիվ արտահայտություններում էլ ունի մի ելակետ՝ փարատել միայնությունը, ձուլվել սիմբիոնտին եւ նրա կողմից ուղղորդվել ու ենթարկվել (մազոխիզմ), եւ կամ ընդհակառակը՝ իշխել, հրամայել, սպառնալ (սադիզմ): Այսինքն սադիստ-մազոխիստ կապն ակտիվ, բայց միեւնույն է, ոչ ամբողջական կապ է: Եվ նաեւ՝ ոչ բացարձակ՝ տարբեր իրավիճակներում մարդը կարող է կրկնակի դերում հանդես գալ- սադիզմի քրեստոմատիկական օրինակներ Հիտլերը եւ Չերչիլը Եվա Բրաունի եւ լեդի Կլեմենտինայի մոտ վերածվում էին օրինապահ եւ վախվորած մազոխիստների:

Սերը ՄՄ-ի հասուն ձեւն է եւ եթե մարդը սիրո միջոցով չի միավորվում, ապա դատապարտվում է ինքնաոչնչացման: Ի տարբերություն սիմբիոզի, իրական սիրո պարագայում հոգիների ձուլումն իրականանում է առանց անհատականության կորստի, առանց ենթարկվելու եւ ենթարկեցնելու:

Անհատի սիրելու փիլիսոփայությունն անպայմանորեն ենթարկվում է տվյալ մշակույթի, ձեւավորվող կապիտալիզմի բանդիտային դրսեւորումների ազդեցությանն՝ իր ողջ սահմռկելիությամբ: Դրսեւորումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում սիրո զարգացմանը: Այն գեղարվեստորեն իմաստազերծվել-կազմալուծվել է եւ միտում ունի վերածվելու պատմական ռարիտետի (հազվագյուտություն): Կարծում եմ, որ «Das Kapital»-ին ստորեւ կատարվող մեր հղումները չեն դիտվի որպես movais ton:

Մեր ներկա, չգիտեմ թե ինչպես կոչվող, սոցիալ-տնտեսական ֆորմացիան ենթադրում է քաղաքական ազատություններ, շուկայական հարաբերություններ, ապրանքների փոխանակություն եւ այլն: Ամենայն ինչ ապրանք է, որի արժեքը որոշվում է նրա պահանջարկով, եւ ուստի աշխատանքի շատ ձեւեր (լեզու, մշակույթ, գիտություն եւ այլն) եւս հանիրավի արժեզրկվել են:

Արժեքների նոր հիերարխիայում գերիշխում է կապիտալը, քանի որ միայն նա կարող է վարձել աշխատանքը, հասկանալի է, կողոպտիչ պայմաններով (մեր օլիգարխների պարադիգման, անշուշտ, հակառակ բեւեռում է.- նրանք «մեծագույն զոհողություններով» նոր աշխատատեղեր են ստեղծում, «մտատանջվում» թե ինչպես թոթափեն բազազարտեմյան հոգեբանությունը եւ անցում կատարեն մանթաշովյան կենսակերպի):

Ընդ որում, ավելի արժեքավոր է մեռյալ ապրանքը, քան կենդանի ուժը՝ աշխատանքը, զգացմունքը, էներգիան: Չէ՞ որ մարդն ածանցյալ է: Նա ստիպված է վաճառել իր մտավոր եւ կամ ֆիզիկական ներուժը, նաեւ՝ սերը: Մարդը կորցնում է իր անհատականությունը, դառնում անվաճաղ: Նա առերեւույթ զգում է իրեն անկախ, որեւէ սկզբունքի կամ իր խղճի առջեւ չի ստորադասվում եւ իրականացնում է սոցիալական մեքենայի ամեն հրահանգ: Նա ունի միայն մի նպատակ՝ ապրանք ստեղծել, այն վաճառել եւ տիրոջը գերշահույթներ ապահովել:

Արդյունքում միջմարդկային հարաբերությունները վերածվում են օտարացած եւ չափորոշված ավտոմատների հարաբերության: Վտանգի եւ տագնապի զգացողությունը նրանց չի լքում, ավելին, ահագնանում է:

Իսկ ի՞նչ եք կարծում, այսօրինակ մարդ-ավտոմատները կարո՞ղ են սիրել: Բացահայտել հոգու դիալեկտիկան: Երիցս ոչ՛: Նրանք կարող են փոխանակել իրենց «սիրո» ակցիաների փաթեթները եւ աուդիտ անցկացնել՝ հաջո՞ղ էր արդյոք տվյալ գործարքը, թե՞ ոչ:

Ժամանակակից ջրակայուն եւ հրակայուն կապիտալիստը լավ է ըմբռնում, որ մարդկային հարաբերությունների օտարացումը սրելու է հակասությունները եւ իր համար ոչ նպաստավոր հանգուցալուծման բերելու: Ուստի նա աշխատավորին «հրամցնում է» միասնականանալու իր ծրագիրը (տես՝ ԿՄ):

Գլոբալիզացիայի գերխնդիրը հենց ԿՄ-ն է՝- աշխատանքի շաբլոնավորում, տարբերությունների ոչնչացում, մարդկանց հավասարեցում (այո, գուցեեւ սա լյումպեն-պրոլետարիատի սրտովն է, բայց ստանդարտը քայքայում է անհատին): Մեզ փորձել են «հավասարեցնել» բոլոր ժամանակներում. կրոնի սպասավորներն՝ Աստծո, մարքսիզմի տեսաբաններն՝ աշխատանքի առջեւ: Մերօրյա կապիտալիստները հասարակությունը բաժանում են խմբերի, կատարում ուղեղների ձեւաչափում (форматирование мозгов արտահայտության իմաստային ծավալն ավելի ընդարձակ է), ստեղծում նույնատիպ ու կանխատեսելի գործողություններ կատարող, տագնապի զգացողությունը թոթափած, անհատականությունն ու դիմագիծը կորցրած ստրուկների հավասարություն: Այդ խմբերում ամեն ինչ կանոնակարգված է, ի վերուստ չափորոշված, մարդիկ՝ անդեմ: Ձեզ մի՞թե դեռ շարունակու՞մ է թվալ, թե դեպերսոնալիզացիան (ապաանհատականացում) հոգեբույժների ենթադատության ախտաբանություն է:

Ժամանցի կոնֆորմիստական խմբերում եւս հրամցվում են կաղապարներ՝ սարսափ- ֆիլմեր, ճապաղ սերիալներ եւ ծանծաղ հարցազրույցներ, սրճարաններում՝ պսեւդոերաժշտություն, հրապարակներում՝ «անվճար» համերգներ եւ այլն:

Հանգիստը եւս ունիֆիկացված է՝ Քոբուլետի, Սեւան, Անթալիա, Ծաղկաձոր:

Որքան էլ տարօրինակ է, նույնական են դարձել նաեւ տղամարդն ու կինը, հար եւ նման, բայց ոչ հավասար: «Ֆեմինիզմ» հորջորջվող դոկտրինայի տարփողման նպատակը եւս հավասարեցումն է: Սեռերի հավասարեցումը, սեռային հակադրության, ի վերջո նաեւ՝ էրոտիկ սիրո ոչնչացումը:

Ներկայիս բավականին արդեն թրծված կապիտալիստի հայեցումը կարծես թե իրականացել է՝- իր ենթադատության տակ ունենալ ոչ շատ սովյալ, ոչ շատ վատ հագնված, փոքրիշատե բավարարված, բայց ամենակարեւորը՝ սեփական «ԵՍ» չունեցող, մակերեսային եւ ծանծաղ մարդ, նրա մոտ զվարճանքի եւ բավականության պատրանք ստեղծել (մոտ 2 ժամ սխալմամբ հայկական հեռուստատեսային ալիքներն «ըմբոշխնելու» պարագայում ձեզ մոտ անվերապահորեն միտք կծագի, թե մենք ազգովին պերմանենտ դիվերտիսմենտի (ներբող) մեջ գտնվելու կենսական անհրաժեշտություն ունենք), նրա գլխավոր գործառույթը դարձնել սպառելը (իր իսկ արտադրած ապրանքը), գնելը, փոխանակելը, սակարկելը եւ «հաճույքի» այլ դրսեւորումներ: Աշխարհը եւս դարձել է մեր ահագնացող ախորժակին հագուրդ տալու մեկ այլ առարկա (կարդա՝ ապրանք):

Սա է մեր կյանքի անպաճույճ իրականությունը՝ ձեւ, այլ ոչ թե բովանդակություն, սիրո պատրանք, այլ ոչ թե սեր: Այո՛, մենք կարեւորում ենք ոչ թե կյանքն, այլ կյանքի պատրանքը, նրա «դասդասված լինելը» (Համմերներ, պալատներ, լատիֆունդիաներ եւ այլն): Եվ կյանքի այս երեսպաշտ ու պատիր զգացումային հարթակում, մոլեգնող օտարացման պայմաններում մարդ-ավտոմատներն ու ձեւաչափված ամուսիններն իրենց սիմբիոզն են ապրում ու… սպառում այդ կյանք-ապրանքը: «Ջուրը ջաղացն է տարել, մենք չախչախն ենք փնտրում» տիպի ասացվածքներն ամենեւին չեն մխիթարում: Չե՞ք կարծում, որ ջաղացի եւ չախչախի տեղերի վերադասավորման մասին արժե խորհել: Մի բան է հաստատապես հայտնի՝ սերն իր հանդեպ ստորադասական որեւէ մոտեցում չի ներում ու չպետք է այն արժեքների սանդղակում այլ տեղ զբաղեցնի: Նրա տեղն անփոփոխ է:

Աղբյուրը` ԱԶԳ