Tags

, ,

Դռան վրա գրված էր.
«Սենտիմենտ չկա,
ռոմանտիզմ չկա,
NON – զեղում,
խեղում,
շեղում:

Ներսում սառը վարունգի հոտ էր,
ինստրումենտալ ջազ,
լաքապատ հատակ,
սպիտակ անկողին,
ինչպիսին լինում է գժանոցում,
հիվանդանոցում
ու դրախտում,
պարապ վախտի սերս էր,
ում հետ բարևը վերջանում էր աշխարհը տակնուվրա անելով,
ում գնալուց հետո վերցնում էի ավելն ու լավ աղջիկ դառնում,
քստքստոցով մաքրում կեղևներ ու բառեր,
բառեր ու կեղևներ,
ու լռությունը ֆալոսի… թու~… վարունգի ձև էր ստանում…

Սաքսոֆոնով չէին նվագում Ֆրեյդի մասին,
որովհետև… էնքան հեշտ է.
կյանքի մասին մտքերը ցրվում են ապրելով,
սուբլիմացիան կորում` վարունգն ուտելով:
……………………………………………….
Լուսնի եզրագծից չգլորվեցի,
պատուհանի գոգից չընկա,
ոչինչ դոշակի տակ չխոթեցի,
չշեղվեցի,
շխեղվեցի,
երբ մաման թակեց դուռը`
վարունգի թեյը ձեռքին:

Տաթև Չախչախյան