Tags

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ետ էր գլորվում սեփական ծանրության պատճառով: Աստվածները հիմքեր ունեին կարծելու, որ ծանր և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել:

Եթե հավատալու լինենք Հոմերոսին, Սիզիփոսը մահկանացուների մեջ ամենաիմաստունն ու հեռատեսն էր: Ըստ մեկ այլ ավանդության, ընդհակառակը, ավազակային կյանքի հակում ուներ: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Պարզապես տարբեր կարծիքներ կան այն պատճառների շուրջ, որոնք նրան դժոխքի անօգտակար աշխատավոր դարձրին: Սկզբում նրան մեղադրում էին աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու մեջ: Իբր տարածել էր նրանց գաղտնիքը: Յուպիտերը փախցրել էր Էգինային` Ասոպոսի դստերը: Հայրն անակնկալի եկավ այդ անհայտացումից, բողոքեց Սիզիփոսին: Վերջինս, որ գիտեր առևանգման մասին, խոստացավ Ասոպոսին ամեն կերպ օգնել այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի ամրոցին:Սիզիփոսը ջրի օրհնությունը նախընտրեց երկնային շանթերից, դրա համար էլ դատապարտվեց դժոխային տանջանքների: Հոմերոսը պատմում է նաև, թե ինչպես էր Սիզիփոսը շղթայել Մահը: Պլուտոնը չկարողացավ հանդուրժել իր տիրակալության ամայությունն ու լռությունը, ուղարկեց պատերազմի աստծուն, որը Մահվանը խլեց հաղթողի ձեռքից:

Պատմում են մինչև անգամ, որ մոտալուտ մահն զգալով, Սիզիփոսը անխոհեմաբար ուզեց փորձել կնոջ սերը և հրամայեց մահից հետո իր մարմինը առանց թաղման արարողության շպրտել քաղաքային հրապարակը: Շուտով նա հայտնվեց դժոխքում: Եվ այնտեղ վրդովվա կնոջ` մարդասիրությանն այնքան խորթ հնազանդությունից, կողակցին պատժելու թույլտվություն ստացավ: Բայց երբ նորից տեսավ այս աշխարհը, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությունն ու ծովը, չուզեց մտնել ստորգետնյա խավարի դժոխքը: Աստվածների հիշեցումները, զայրույթը, նախազգուշացումները, ոչինչ չօգնեց: Դեռ երկար տարիներ նա ապրեց ծովածոցի ափին` ալիքների խշշոցի, հողի ժպիտների մեջ: Աստվածները ստիպված էին վճռական միջոցների դիմել: Հերմեսը եկավ, բռնեց այդ անհնազանդի օձիքից ու երջանկության գրկից խլելով, քարշ տվեց դեպի դժոխք, ուր քարն արդեն պատրաստ էր:

Այսքանը բավական է, որպեսզի հասկանալի դառնա` Սիզիփոսը աբսուրդ հերոս է: Այդպիսին է նա թե’ իր ուրախությունների, թե’ իր տառապանքների մեջ: Աստվածներին արհամարհելու, մահը ատելու, կյանքը կրքոտ սիրով սիրելու համար նա դատապարտվեց ահավոր տանջանքների` ստիպված եղավ զբաղվել մի գործով, որը վերջ չունի: Ահա’ երկրային վայելքները սիրելու գինը: Մեզ հայտնի չեն Սիզիփոսի` դժոխային կյանքի մանրամասները: Առասպելները ստեղծում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ Սիզիփոսին, մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես էր մինչև վերջ պրկում մարմինը, որպեսզի բարձրացնի ահռելի քարը, գլորի լեռն ի վեր և հարյուրերորդ անգամ հաղթահարի նույն վերելքը: Մենք անգամ տեսնում ենք նրա ջղաձգված դեմքը, ժայռին հպված այտը, ցեխոտ ծանրությունը պահող ուսը, սայթաքող ոտքը, փոշոտ ափերն ու երկու թևերի խիստ մարդկային ինքնավստահությունը: Այս երկար տառապանքը, որը կարող է չափվել միայն աներկինք անսահմանությամբ ու անսկիզբ-անվերջ ժամանակով, պսակվում է հաջողությամբ: Նա հասնում է իր նպատակին ու տեսնում, թե ինչպես է քարը հաշվված վայրկյաններում գլորվում խորխորատ, որտեղից նորից գագաթ պետք է բարձրացնել: Սիզիփոսը հովիտ է իջնում:

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ: Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն: Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի: Ահա այդ` թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է: Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից: Նա իր ժայռից ավելի կարծր է:

Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է: Իրո’ք, ի՞նչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր: Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, և նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ: Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա: Սիզիփոսը` անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. Այդ մասին է նա մտածում ցած իջնելիս: Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում: Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով:

Եվ այսպես, եթե հովիտ իջնելիս որոշ օրեր նա տխրում է, որոշ օրեր էլ կարող է ուրախ լինել: Սա չափազանցություն չէ: Ես նորից պատկերացնում եմ, թե ինչպես է մոտենում ժայռաբեկորին Սիզիփոսը և ինչ մեծ վիշտ է ապրում: Սակայն երբ երկրային հիշատակները պարուրում են նրան, երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը` ինքը ժայռ է: Խորունկ վիշտը դժվար է տանել: Դրանք մեր Գեթսեմանիի գիշերներն են: Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են: Այդպես Էդիպը ինքն էլ չիմանալով սկզբում, համակերպվում էր ճակատագրին: Դժբախտությունն սկսվում է այն պահից, երբ նա հասկանում է դա: Բայց այդ նույն պահին կուրացած ու հուսահատ Էդիպը իմանում է նաև, որ իրեն աշխարհին կապող միակ կապը աղջկա նուրբ ձեռքն է: Հնչում են նրա պաթետիկ բառերը. «Չնայած այդքան փորձություններին, իմ առաջացած տարիքն ու մեծահոգությունն ինձ ստիպում են խոստովանել, որ ամեն ինչ լավ է»: Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ստեղծում են աբսուրդ հաղթանակի բանաձևը: Անտիկ իմաստնությունը միանում է ժամանակակից հերոսականությանը:

Աբսուրդի բացահայտումը միշտ զուգակցվում է երջանկության ձեռնարկ գրելու գայթակղությանը: «Ի՞նչ, այդքան նեղ արահետ ընտրել…»: Բայց չէ՞ որ միայն մի աշխարհ կա: Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են: Նրանք անբաժանելի են իրարից: Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունը առաջանում է աբսուրդի կրկնությունից: Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում: «Ինձ թվում է`ամեն ինչ լավ է»,- ասում է Էդիպը: Իրոք սուրբ բառեր են, արձագանքում են մարդկային դաժան ու ինքնամփոփ տիեզերքում: Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ վերջացած չէ, վերջացած չէր: Նրանք այս աշխարհից վռնդում են Աստծուն, որն իր հետ բերել էր անբավարարվածության և անիմաստ տառապանքի զգացում: Այդ բառերը ճակատագրի զեկը հանձնում են մարդուն, նրան ստիպում տնօրինել:

Սիզիփոսի լուռ երջանկության պատճառը հենց դա է: Իր ճակատագիրն իրեն է պատկանում: Իր գործն իր քարն է: Ճիշտ այդպես աբսուրդ մարդը, մտասևեռվելով իր տառապանքների վրա, բոլոր կուռքերին ստիպում է սսկվել: Եվ ահա’, տիեզերքում, ուր անսպասելիորեն լռություն էր հաստատվել, լսվում են հազարավոր նուրբ, հիասքանչ –երկրային ձայներ: Այս տարերային և խորհրդավոր կանչերը, բոլոր հրավիրող դեմքերը հակառակ իմաստ ունեն և հաղթանակի արժեք են ստանում: Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն էլ պետք է ընդունել: Աբսուրդ մարդն ասում է` այո’, և նրա եռանդն անսպառ է դառնում: Գոյություն ունի անձնական և ոչ ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի: Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը: Ահա այդ ակնթարթային պահերին, երբ մարդը հետադարձ հայացք է նետում ապրած կյանքի վրա, Սիզիփոսը վերադառնալով դեպի իր քարը` տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով: Եվ այսպես, ընդունելով այն ամենի մարդկային լինելը, ինչը մարդկային ծագում ունի, տեսնել ուզող և գիշերվա անվերջ լինելն իմացող կույրը` Սիզիփոսը, շարունակում է քայլել: Ժայռը դեռ գլորվում է:

Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում: Ամեն մարդ ունի իր ժայռը: Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում: Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է: Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո’չ ամուլ, ո’չ էլ ճղճիմ: Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում: Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը: Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ:

Ալբերտ Քամյու, իմ շատ սիրելի հեղինակներից

Տեքստը իմ լավ բարեկամ Արթուր Ավթանդիլյանի նոթերից: