Tags

,

Վիլիամ Սարոյան – ինքնանկար

Երբ դադարեցի որեւէ մեկից կարեւոր սպասելիքներ ունենալ, բացի ինքս ինձանից, սկսեցի ամեն մեկի մեջ բազմաթիվ արժանիքներ նկատել, որ առաջներում երբեք չէի նշմարել, իսկ տեսածս անարժան բաներին սկսեցի ժպիտով ու սրտակցությամբ նայել:

Սա նշանակալից նվաճում է ուզածդ մարդու հոգեւոր հասունացման ճանապարհին, որովհետեւ ամեն ոք, հիրավի’, այնքանով է իր մեջ մարմնավորում մարդկությունը, որքանով մոտենում է կատարելության նվաճմանը: Անթույլատրելի է ու անվայել պահանջներ ունենալ մեկնումեկից, բացի ինքդ քեզանից: Պահանջներ դնելը ոչինչ էլ չի տա: Ոչ ոք էլ չպետք է պահանջներ ունենա հորից կամ մորից, եղբորից կամ քրոջից, որդուց կամ աղջկանից:

Մարդ պիտի պահանջներ ունենա միայն ինքն իրենից, իսկ մյուսներին վերաբերվի հասկացողությամբ կամ սիրով, կամ էլ եւ հասկացողությամբ, եւ սիրով: Բայց կատարելության նվաճումը միշտ էլ առնվազն ճիգ ու եռանդ թափելու հարց է: Պակասությունը մնայուն է եւ անխուսափելի, այնպես որ ուրիշների պակասություններին ժպիտով, հասկացողությամբ ու բարյացակամորեն նայելիս` քո սեփական պակասությունից ավելի ու ավելի քիչ ես սրտնեղում:

***

Ամբողջ գիտակցական կյանքիս ընթացքում ես հավատացած եմ եղել, որ ունեմ ինքնակատարելագործման անսպառ հնարավորություն, որ եղել եմ մի մարդ` օժտված թե՛ գիտելիքով, թե՛ պրպտելու ձիրքով, մի մարդ, ումից կարելի է պահանջել և ստանալ պահանջվածը:

Միաժամանակ, եթե չասեմ` մշտապես, ես զգացել եմ, որ չունեմ որևէ առնչություն այն ամենի հետ, ինչը կարելի է նկարագրել որպես անսովոր, անհայտ կամ անճանաչելի: Ես եղել եմ չափազանց խոցելի, անգամ տկար, անդրդվելի իրականությանը հլու մի էակ, որը կարող է կործանվել անսպասելիորեն: Ես եղել եմ մի տարագիր` զուրկ որևէ նշանակությունից, մարդ՝ առանց ուղեցույցի կամ որևէ հստակ ծրագրի: Եղել եմ ենթակա անվերջ անցումների, հարափոփոխ մի էակ, որի աճը, սակայն, հազիվ թե նկատվել է որևէ մեկի կողմից:

Այսպիսով, գնահատելով ինքս ինձ, ես զերծ եմ մնացել ավելորդ հոխորտանքից, եթե, իհարկե, որևէ հոխորտանքի մասին առհասարակ կարող է խոսք գնալ: Ճիշտ է, ես նույնպես երբեմն հրճվանքի պահեր եմ ապրել ինքնաճանաչման ճանապարհին, բայց այդ հրճվանքը ես հավանաբար քաղել էի այն բազմաթիվ բողոքական օրհներգերից, որոնք լսել էի կամ նույնիսկ անգիր գիտեի ու երգում էի: Ինչպես «Joy to the World» զատկի երգը, օրինակ:

Պարզապես բանն այն էր, որ ես այդքան էլ լավ չէի պատկերացնում, որ այդ երգը կարող էր լինել որևէ այլ մարդու և ոչ իմ մասին: Անգամ իմանալով, թե օրենքով ում պետք է այն նվիրված լիներ: Ի դեպ, հաջողություն եմ մաղթում նրան:

***

– Մեծագույն երջանկությունը գիտակցելն է այն, որ երջանկության պահանջ չես զգում:

***

– Փնտրեք բարին ամենուրեք: Եվ երբ գտնեք, հանեք այն թաքստոցից ու ազատ արձակեք:

***

– Կյանքում ինձ երեք անգամ են բանտարկել: Մեկ՝ որբանոցում, մեկ՝ դպրոցում և մեկ էլ՝ բանակում: Բայց ես սխալվում եմ, թերևս: Իրականում ինձ բանտարկել են միայն մեկ անգամ` ծնվելուս պահին: Բայց այդ բանտարկությունն ինձ նույնպես ազատություն պարգևեց: Եվ բանը հենց դրանում է:

***

– Ես այն մարդկանցից չեմ, ովքեր թակում են դուռը և հետո, երբ դուռն արդեն բացվել է, հրաժարվում են մտնել:

***

– Ինձ երբեք չի հետաքրքրել ակնհայտը կամ այն մանրամասները, որոնք ընկալվում են որպես պարզ ու սովորական: Մինչդեռ թվում է, թե բոլորը կառչել են ակնհայտ ու ակներև փաստերից, որ հմայված են դրանցով ու ներբողում են այն մանրամասները, որոնք ես վաղուց քննության եմ առել, կշռադատել ու վերջում` պարզապես անտեսել:

***

– Եթե կարող ես չափել մի բան, մի՛ չափիր: Եթե կարող ես կշռել մի բան, ապա այդ գործն ուղղակի անարժան է ջանքերիդ: Նպատակդ այլ պիտի լինի:

***

– Ես երկար նայեցի, ես տեսա ամեն բան ու հասկացա: Այնուհետև մտածեցի. «Լավ, իսկ սրանից հետո ի՞նչ պիտի անենք»:

***

– Ո՛չ սերը, ո՛չ ատելությունը, ո՛չ էլ անգամ մարդկության կյանքի անցուդարձին մասնակցելու մոլեգին մղումը չեն կարող հոգու համար նույնքան նշանակալից լինել, որքան բարի լինելու ազատությունն ու անհրաժեշտությունը:

***

– Նրանք հասկանում են լոկ նյութականը, ոգեղենը` երբեք: Իսկ ես ու դու ապրում ենք ոգեղեն կյանք:

Վիլյամ Սարոյան