Tags

, , , , , ,

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ՝ և տերդ։
Ինչքան որ ուժերս ներել է,
Ներել եմ մեղքերդ։

Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ։

Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ։

Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս։

Տվել եմ,– չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ։

Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ուր մնաց մնալդ։

Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չես զգում կարիքս։

Քո խոնարհ ջրկիրն եմ եդել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել է,
Ներել եմ մեղքերդ։

Համո Սահյան