Tags

, , , , , ,

Համանվագ էր հնչում մեր քաղաքում, սակայն այն չուներ ձև և զուրկ էր նրբագեղությունից։ Այն սկսվում էր լռությամբ, խավարով ու երազով, և երբ մեր քաղաքն օրվա մի պահի արթնանում էր, այդ համանվագի երաժշտությունն ու թափը դառնում էին առավել բարձր ու արագ, և երաժշտությունն ամեն օր ստեղծվում էր տարբեր հնչյուններից ու տարբեր ռիթմերից։ Սակայն մեկ տարի անց, երկու տարի անց, այն բանից հետո, երբ ժամանակ էինք ունենում հիշելու բոլոր այդ օրերը, մենք հասկանում էինք, որ դրանք բոլորը միասին գոյացնում են մի համանվագ, և դա մեր կյանքի համանվագն է։ Դա մեր շարժումն էր երկրի վրա, և համանվագի հնչյունները մենք ընդունում էինք որպես ապրող ու կենդանի ձայներ։

Քնի մեջ մենք լսում էինք գնացքների շչակները կամ ձիերի քառատրոփը, և այդպես էր լինում նաև ցերեկը, երբ մենք արթուն էինք լինում ու սկսում էինք ականջ դնել աշխարհի ձայներին. այդ ամենի ունկնդրությունը մեր ներսում էր մշտապես, նույնիսկ այն ժամանակ, երբ լռություն էր։ Մենք ելնում էինք մեր անկողիններից և լվացվելիս լսում ջրի ճողփյունը, ականջ էինք դնում վառարաններում այրվող փայտի ճարճատյունին, թեյնիկների մեջ եռացող ջրի ձայնին, գդալների, դանակների, պատառաքաղների և ամանեղենի զրնգոցին։ Եվ աննշան այս ձայները գեղեցիկ էին ու իմաստալից։

Դպրոցի բակում մենք լսում էինք ձայները մեզ պես հարյուրավորների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անունը, իր կերպարն ու անցյալը, որ հարյուրամյակների միջով ձգվում էր դեպի երկրի ջերմությունն ու քարի ամրությունը։ Եվ հանկարծ ուժգին հնչում էր դպրոցի էլեկտրական զանգը, ու մենք ավագների հրամանով լռում ու շարժվում էինք դեպի դասասենյակներն ու դպրոցական սեղանները, դառնում էինք ոչնչից մարդկանց ստեղծած այս բոլոր ձևերի մի մասը։ Եվ լսում էինք ձայնը մեր ուսուցչուհի օրիորդ Գամմայի, որ փորձ էր անում հասկանալ մեզ։

Քաղաքում մենք լսում էինք ցեմենտի վրա տեղաշարժվող յուրայինների ոտնաձայները, նրանց խոսակցությունը, կառքերի, ավտոմեքենաների, տրամվայների գալն ու գնալը։ Ունկնդրում էինք այն ձայները, որոնք առաջանում էին փայտեր սղոցելուց, մեխերին մուրճի հարվածներից, բետոնախառնիչի պտույտներից, նոր շենքերի վրա պտուտակների տեղադրումից, շենքերի, որոնք մենք կառուցում էինք անապատի ավազի մեջ, լսում էինք փաթեթավորման արտադրամասի կեսօրվա սուլոցը, որ հնչում էր միանգամից կես դյուժին անգամ այն ժամանակ, երբ արևը գլխավերևումդ էր։ Եվ ամռան օրերի անշարժության մեջ մեր ականջին էր հասնում հռնդյունը ծանրորեն շարժվող հսկա տրակտորի, որի թրթուռավոր անիվները խրվում էին մեր քաղաքի թույլ ասֆալտի մեջ։ Եվ ագարակում մենք լսում էինք, թե ինչպես են պոմպակայանի մխոցները դուրս մղում ջուրը մեր անապատի ընդերքից։ Եվ այդ ամբողջը երաժշտություն էր, որ օժտված էր գեղեցկությամբ ու ռիթմով։ Սակայն մենք զգում էինք, որ մեր ժամանակի բոլոր այս ձայները կմիավորվեն մեկ մեծ երաժշտական ստեղծագործության մեջ, և այդ երկն իրոք ինչ-որ հրաշալի ու բացառիկ իմաստ կհաղորդի մեր կյանքին, ու այն հավերժ կտևի։

Եվ երբ լռություն էր տիրում, մենք երբեմն նորից այս երաժշտությունը լսում էինք մեր կյանքի ոճերի և ռիթմերի, ինչպես նաև սեփական խղճի մեջ։ Երբեմն մեր լռության մեջ մենք նորից լսում էինք ՙԼիբերթի՚ թատրոնի երբեմնի խաղաղ ձայնը, փողոցների անկյունում փրկության բանակի մարդկանց երգն ու աղոթքը, և անձրևի թափվելը, և դաշնամուրի անզուսպ մաքառումը ՙԲիժու՚ թատրոնում, և թափառական ավետարանականների բացականչությունները կրկեսի վրաններում, և Հիսուսին ապավինած կանանց ջղային աղաղակները։

Մենք նորից էինք լսում Գասպարյանի՝ սեխավաճառի բացականչությունը, Սանտա Կլարա փողոցով անցնող եգիպտացորենի սայլերի հանդարտ սուլոցը, ապրանքատար ու մարդատար գնացքների ժամանումի ու մեկնումի աղմուկը գիշերվա և ցերեկվա ընթացքում, թռչունների գարնանային անսպասելի մեղեդիները, կատուների սիրային վայրենի ոռնոցը, եկեղեցու զանգերի ղողանջը, վագոնների և հրշեջ մեքենաների ականջ ծակող ու հրդեհ գուժող տագնապալից ազդանշաններն ու սրընթաց վազքը։ Եվ մենք լսում էինք երաժշտությունը շոգեերգեհոնահարների, որոնք կրկեսների հետ մեր քաղաք էին գալիս Ամերիկայի բոլոր քաղաքներից, և դրածո աճուրդավարների գեղեցկախոս ճարտասանական ճառերը գյուղատնտեսական տոնավաճառներում, եկեղեցական երգեցողությունը, կիրակնօրյա բարոյախրատական քարոզները, Ազատության պարտատոմսերի օգտին հնչող ելույթները, անծանոթ մարդկանց շաղակրատանքը, որոնք մեր թաղամասում տեղավորել էին իրենց շարժական տաղավարները և ջանք չէին խնայում մերոնց վրա իրացնել Ցինցիննատիից, Օհայոյից բերված արտոնագրված տաբատակալների նոր տեսակները։ Մենք լսում էինք ամռան ամիսների ընթացքում կիրակնօրյա գիշերներին Կուրտ Հաուզ զբոսայգում հանրային նվագախմբի համերգներին հնչող հարյուրավոր մարդկանց ծափահարությունները։ Եվ այս ամենը մենք լսում էինք մեր լռության մեջ իբրև երաժշտություն, և խոսքերը, երբ մենք դրանք հիշում էինք, կարող էին բառեր չունենալ։ Եվ այս բոլոր ձայներն ու ռիթմերը վերականգնվում էին մեր հիշողության մեջ, և նրանց միջոցով մենք սպասում էինք երաժշտական մեծ գործի կայացմանը։ Եվ այս մեծ երաժշտական ստեղծագործությանը սպասելիս մենք անհանգիստ էինք ու անհամբեր։ Եվ վերջապես իմ եղբայր Գրիգորն ինքը գնեց հին մետաղի մի կտոր, որ ենթադրվում էր, թե կոռնետ է։ Ես նստում էի մեր դաշնամուրի առջև և արձակում հիմար, տափակ ու սին աղմուկների բոլոր տեսակները։

Եվ երբևէ մեր լսած բոլոր ձայների հիշողության մեջ մենք ունկնդրում էինք հատվածներ այն երգերի խոսքերից ու մեղեդիներից, որոնք մեր ներսում մնացել էին մեր կյանքի մեծ պահերից և անցած-գնացած տարիներից։ Եվ մենք լսում էինք ՙԽմի՛ր իմ կենացը միայն արցունքոտ աչքերով՚, ՙՎերադարձի՛ր, վերադարձի՛ր, Էրի՛ն՚ և ՙՄերիլե՛նդ, իմ Մերիլե՛նդ՚, որ ինձ համար մահվան թախծի քնքշալից արտահայտությամբ առանձնացող մի վայր էր աշխարհում։ Ունկնդրում էինք ՙՔեթլի՛ն Մավուրին, գունատ օրը բացվում է՚, ՙԱղջամուղջում, օ~հ,իմ թանկագի’ն՚, ՙԵս գնում եմ այնտեղ, որտեղ սիրտս է՚, ՙՄնաս բարո՛վ, մնաս բարո՛վ՚, ՙԼո՛ւռ գիշեր, նվիրակա՛ն գիշեր՚։ Հին օրերի այս երգերի հատվածների միջով մենք զգում էինք մարդկային սրտի հավիտենական քնքշությունը, և չէինք կարողանում հիշել, թե որտեղ ենք լսել այդ երգերը, կամ ինչպես էին նրանք ներթափանցել մեր մեջ և դարձել մեր մի մասը։ Այդ երգերը միշտ և ամենուր մեր ներսում էին՝ շարունակելով ապրել ուրույն կյանքով, և անհնար էր դրանք մոռանալ։

Եվ մենք չգիտեինք, որ հարյուրավոր տարիներ այն բանից առաջ, մինչ կսկսվեր կառուցվել մեր քաղաքը, հողածին մարդու այս մեծ երաժշտությունը, որ մենք սաստիկ տենչում էինք լսել, մարդկային մտքի, հոգու և մարմնի այս երգը դառնում էր իրականություն։ Մենք չգիտեինք, որ այն, ինչը մեր հոգում մշտնջենական է և ամենահրաշալին, արդեն իսկ պահպանված էր մեծ մարդկանց համանվագների չափերի մեջ։ Եվ մենք այն զգացողությունն ունեինք, թե այն, ինչ մեր մեջ է ու մեր շուրջը, ինչ-որ նոր բան է, քանի որ մենք աշխարհում քիչ էինք ապրել։ Եվ մենք հավատում էինք, որ մեր կյանքի բոլոր պահերի հանրագումարը որևէ կերպ պահպանվում է ներդաշն հնչյունների մեծ ռիթմերում։

Եվ վերջապես մենք պարզեցինք, որ այդ ամբողջը կարծես թե վերածվել է ջղագրգիռ աղմուկի, որը լսելի էր մեր ողջ երկրով մեկ։ Դա կոչվում էր ջազ, որը նոր բառ էր, և բոլորը հուզվում էին, ցնցվում էին պարահրապարակներում այս նոր երաժշտության հնչյունների ներքո։

Այդ օրերին մենք դեռևս պատեֆոն չունեինք, սակայն դրա կարիքն էլ չկար, որովհետև մենք երաժշտություն լսում էինք ամենուրեք։ Մենք մշտապես կարող էինք երաժշտությունն զգալ մի նոր ձևով՝ հետևելով, թե ինչպես են մարդիկ ինչ-որ բաներ անում, վեր կենում և արթուն մնում, խոսում, քայլում, ուտում, աշխատում։ Եվ սկզբում մեծ հիասթափություն զգացինք, քանի որ մեր հույսի ողջ շքեղությունը վերածվեց անհանգիստ ու լարված վիճակի։ Սակայն որոշ ժամանակ անց, մեկ, երկու կամ երեք տարի անց` մեր արագընթաց հասունացման բոլոր պահերից հետո, այն բանից հետո, երբ իմ եղբայր Գրիգորը եկավ տուն՝ հետը բերելով մի պատեֆոն, և մենք սկսեցինք ձայնապնակներ գնել, պատերազմից և զորահանդեսներից հետո, պատերազմի հուզումներից հետո սկսեցինք զգալ կարևոր նշանակությունն այս երաժշտության, որը ծնունդ էր առել մեր մայրցամաքի սահմաններից, մեր ազգային դժբախտությունից ու մեկուսացումից։ Մենք սկսեցինք զգալ այս երաժշտության իսկական խորքը և սկսեցինք գիտակցել, որ նրա սրտաշարժ պայծառության ու նրբագեղության խորքում մարդկային սրտի նույն հնօրյա քնքշությունն է և ճշմարտության, սիրո ու գեղեցկության հնամյա նույն ձգտումը։

Վիլիամ Սարոյան
Մշակումը ըստ Ասատուր Սարյանի

Մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը թարգմանման և մշակման հեղինակներին պարտադիր է: Թույլ է տրվում տարածել միայն ոչ կոմերցիոն նպատակների դեպքում:

Սարոյանի 100 ամյակին նվիրված Մշակույթի նախարարության պատրաստած կայքում կարող եք գտնել հավելյալ տեղեկություններ, համ էլ Սարոյանի գեղանկարչությունը: