Tags

, , , , ,

Ես զգում եմ ապրելու անասելի ցանկություն,
երբ ամեն առավոտ զարթնում-ընդվզում եմ փարավոնյան քնի դեմ,
որսում արևի փամփուշտն առաջին
և հանգուցելով կոշիկիս փոփոխվող կապերը՝
ժայթքում եմ փողոց:

Թաղամասերի գետնախորշերից մեկում
առավոտը աշխատանքային շորերն է հագնում
և ամենօրյա հարության համար
սպասում երկնի հրահանգ-ազդանշանին,
և չի լսում, որ…
կավատ գիշերվա ցաք ու ցրիվ մայթերին
դեռ արձագանքվում է չծնված մանուկի
ճիչը… առաջին… ու … վերջին…

Այստեղ՝ փողոցում կարող եմ խմել մուրացկանի ողորմաթասը
և սուրճի բաժակի պես շրջել մանրադրամները խղճիս,
միայն այստեղ կարող եմ մոռանալ
սուգ-լուրերի կպչուն շարանը,
ուր ինքնաթիռ է պայթում, կամ գնացք, կամ ուղղակի մի ռումբ ուղղակի
պայթեցնողի հետ միասին
(որը նույն մետաղն է, ինչ գնացնք ու ինքնաթիռը)
կարող եմ մոռանալ սերը
և սեր երգող կիսամերկ գեղեցկուհուն,
որ նրբորեն ուղղում է վերջերս սեփականաշնորհված
իր կաուչուկե անտառ-հատվածը:

Այո՛,
Ամենքին պետք է սեփական անտառ-հատված,
Ամենքին պետք է հավատարիմ-խորամանկ կոշկավոր կատու,
Ամենքին պետք է երկաթբետոնյա թիկնապահ,
ու քաղաքում ամեն րոպե հատուկ դրություն մտցնող մեքենաների շարասյուն,
Ամենքին պետք է հավերժության սեփական պատրանքը
ու վայելքների գաղտնի բնակարան,
ուր անտակ նկուղի կավե դռնակը երկնային
ցավ-աղոթք է խոստանում,
հրամայում ծաղկամանում կախաղանված ծաղիկներին
կրկին ժպտալ… և…

Այսպես, մարդ-շարժում էի փնտրում մանեկենազարդ ցուցափեղկերում,
փնտրում էի հոգիների գերեզմանատներում,
անհույս հիվանդների մոտակայքում,
որպեսզի ապացուցեմ գոյությունս եւ ապրեմ հավերժ,
սփոփվեմ-գիտակցեմ, որ դեռ չեմ գործել տիեզերական մեղքեր,
Եվ հին-հարազատ իմ բակում միշտ ունեմ հեծանիվ քշելու պահեստային մի շրջան-ուղեծիր:

Վերադարձի ճամփին փոքրիկ մի Արև
խնդրեց կրակս,
որ ծխախոտն այրեր:

Վահե Արսեն

——————————–

Հ.Գ. /Ավելի շուտ էս Հ.Գ.-ն կողմից/ Վահեն համալսարանում առաջին կուրսում ու մեկ էլ կարծեմ երրորդում արտգրակ էր դասավանդում մեզ: Ինձ մոտ էն տարիքն էր, որ նոր համալսարան ընդունված, եվրոպա-մեվրոպա մի երկու “թրեյնինգ” գնացած, գլոբալիզացիայի հերն անիծած, կարծում էի, թե համալսարանը թանգարանային ա ու համալսարանից վերցնելու ոչինչ չունեմ ու, կարճ ասած, բոլոր դասախոսություններին “թռած” էի, իբրև թե զբաղված եմ Ա1-ի իմ երթերներով, նյութերով ու գործուղղումներով🙂 Վահեին կիսամյակի վերջում “հայտնաբերեցի” միայն… Փոշմանեցի, որ ասենք Արթյուր Ռեմբոյի “վահեական” մեկնությունը բաց եմ թողել… Եթե համալսարանում հիմա լինելի, միայն երկու առարկա նորից կուզեի անցնել… Վահե արտգրակն ու Սիրանույշ Դվոյանի ժամանակակից հայ գրակը… Էդպես սենտիմենտալ հետուսանողական բաներ էլի🙂