Tags

, ,

Ես մի շատ գեղեցիկ օձ եմ՝ թռիչքի անուրջներում։ Չզարմանաք, նույնիսկ ես չեմ զարմանում, որ սավառնում եմ երկնքում՝ շարժելով աղավնիների զայրույթը, չէ որ նրանց է արտոնված երկնքում սավառնելու կարողություն, և ոչխարների նախանձը, չէ որ նրանք առավել արժանի են սավառնելու։ Ավելի գեղեցիկ և հոգեթով զգացում երբևէ չեմ ապրել։ Լազուր երկինք, կանաչ մարգագետիներ, ոսկեզօծ արտեր, փարթամ անտառներ, փոքրիկ կենդանիներ ու մարդիկ, և ես, ուղղաձիգ մարմնով սավառնող այդ ամբողջի վրայով՝ չզգալով մարմնիս ծանրությունը, վայելելով թռիչքի ողջ հրապույրը։ Նույնիսկ օդը այստեղ առանձնահատուկ բուրմունք ունի՝ վեհացնող ողջ շրջակայքը և ինձ ամբողջությամբ։

Առաջին անգամ աչքերումս բարի հիացմունք է լցվել դեպի աշխարհը՝ բուսականությունը, կենդանիները, և նույնիսկ՝ մարդիկ։ Այս զգացումը բոլորովին նման չէ որս ճաշակելուս մարմնիս պատող ջերմությանը և բավարարվածությանը։ Ներքևում անհնար է տեսնել այս գեղեցկությունը, շնչել այս օդը, ապրել այն։ Ներքևում ամեն ինչ այլ է՝ ճնշող երկինք, սև ամպեր, թշնամիներով լցված մարգագետիններ ու դաշտեր, մռայլ անտառներ ու ամենասարսափելին՝ մարդը, բռնկված սպանելու մոլուցքով։ Եվ ես էլ դարձել եմ այդ գաղջության մասնիկը։ Չարություն դեպի բոլոր կենդանիները, և մանավանդ՝ մարդիկ, նույն սպանելու մոլուցքը՝ անհրաժեշտությունից դրդված կամ առանց անհրաժեշտության։

Չհասկացա, ինչպե՞ս սավառնել կարողացա։ Ամեն ինչ այնպես հեշտ ստացվեց, որ կարծես ողջ կյանքում թռչուն էի։ Սկզբում դա ցնորք էր, ապա ցանկություն, հետո՝ համոզմունք, հաստատակամություն, փոքրիկ ցատկ, անկում, և հրաշք՝ թռիչք։ Ծեծված բառերի այս շղթայից ծնված ճառագայթը նոր լույսով լցրեց մշուշվող գոյությունս։ Առաջին անգամ ժպտացի աշխարհին և իմ գոյությանը։

Դիմացից աղավնիների երամ հայտնվեց՝ ծածկելով տեսադաշտս։ Գեղեցիկ տեսարանը մշուշվեց։ Աչքերս սկսեցին կուրանալ, և ողջ գեղեցիկ տեսարանը մռայլվեց։ Փորձերս՝ վերադարձնելու հրաշք զգացումներս, անարդյունք էր։ Որսի մերձեցման ծանոթ բնազդը կայծակահարեց մարմինս։ Փորձեցի վանել և շարունակել մահացող թռիչքս։ Ջանքերս զուր անցան. տեսողությունս խիստ թուլացել էր։ Որսից տարածվող արյան հոտը արդեն գրավել էր ինձ, և դժկամորեն հասկացա, որ քնած էի։ Շուրջս լցված էին ընկեր օձերի կծիկներ՝ ջերմացող կեսօրվա արևից։ Ինչո՞ւ եմ շարունակում ապրել։ Հրաշք վայելք ունեցա, և այն էլ պարզվեց ընդամենը երազ էր։ Նույն պահին նկատեցի ինձ երազից զրկած որսին՝ աղավնուն՝ թառած մերձակա ճյուղին։ Ցանկացա ինձ հատուկ ձևով՝ գաղտնիորեն մոտենալով և թունավորելով, պատասխանել երազիցս կտրելու համար, սակայն հասկացա, որ երազս, թեկուզ և պատրանք, իմ մեջ ինչ որ բան փոխել էր։

Առաջին անգամ տեսա աղավնու գեղեցկությունը. այն այժմ մսագունդ չէր, այլ հիասքանչ արարած։ Ամենահրաշալին նրա ջինջ ու մաքուր աչքերն էին։ Իսկ ինչպիսին են իմ աչքերը, արդյո՞ք այսպես գեղեցիկ։ Երբևէ չէի մտածել: Նայեցի շրջապատող ցեղակիցներիս։ Մի՞թե ինքս էլ այդպիսի աչքեր ունեմ։ Դա մեր ապրելակերպի պատճառո՞վ է՝ գենետիկորեն դարերի ընթացքում դառնալով բնույթ ու կերպար, թե՞ ի վերուստ այդպես է որոշված՝ դառնալով ցեղիս բաժին հասած ճակատագիր և մենք ոչնինչ փոխել ի վիճակի չենք։ Հրաշալի կերպար պարգևված աղավնիներին պարտադրվել է դառնալ որս՝ այլանդակ աչքերով իմ ցեղակիցների համար, և ես ոչինչ փոխել չեմ կարող։ Այդ պահին նկատեցի ծառով գաղտնագողի դեպի ոչինչ չկասկածող աղավնին սողացող օձին։ Ակնհայտ էր, որ ցեղակիցս, մեկ ավելորդ անգամ ևս, փորձելու էր իրագործել բնության պարտադրած աշխատանքը։

Արևից այրվող ուղեղումս խլրտոց զգացի, որից մարմինս փշաքաղվեց ու մղվեց առաջ։ Քանզի ցեղակիցս գաղտնիությունից ելնելով դանդաղ էր շարժվում, հաջողացրի աղավնուց մեկ մետր հեռավորության վրա հասնել նրան։ Վերջինս զայրույթից մոռացավ զգուշությունը և հարվածեց մարմնիս, ՝ կարծելով, որ ցանկանում եմ որսը խլել իրենից։ Աղավնին հարվածի ձայնից նկատեց մեզ և թռավ։ Ցեղակիցներս շարունակեցինք պայքարել։

Պայքարելը անիմաստ էր. մարմնիս ողջ ուժերը վատնել էի ցեղակցիս հասնելու շտապողականության մեջ։ Նայեցի ներքև. անկումը ճյուղից հինգ-վեց մետր ներքև գտնվող քարին միայն մեկ ելք ուներ։ Զգացի ուժգին հարված ևս, որից մարմինս մեկեն թուլացավ՝ ապրելով անկման սարսափ։ Մի ակնթարթ սարսուռով լցվեցի, մտածեցի մահվան սպասվելիք դաժանության մասին, ափսոսացի, որ այլևս չեմ ջերմանա արեգակի ճառագայթներից՝ ձգվելով աշխարհի ամենագեղեցիկ քարին, հիշեցի աղավնուն, հանուն որի զոհաբերեցի կյանքս և որին այլևս չեմ տեսնի։ Հետո մոռացա այդ ամենը. անցյալը և մանավանդ ապագան արդեն գոյություն չունեին։ Կար միայն ներկան. թռիչքի պարգևած զմայլանքը. երազը վերագտնված էր։ Մնացյալ ամբողջ ժամանակ, աչքերս փակ վայելեցի հրաշք թռիչքը. այն իրականացել էր։ Գլխիս լույս զարկեց…

Գնել Խաչատրյան
Գնելի բլոգին ծանոթանալ այստեղ