Tags

, , , , ,

… հետո նույն արագությամբ կոճկեցիր կուրծքդ.
նույն դանդաղությամբ` ես այն բացել էի…
հիմա փակվում ես նաև շապիկով…
Հիմա, աշխարհի ամենա հանճարեղ կադրը ստինքների և կիսաբաց շապիկի համադրումն է:

… միայն ես գիտեմ.
ազդրերդ դեռ թրթռում են…
այն ջութակի կնտացող լարի արձագանքի պես է…
Ջութակի կնտացող լարի արձագանքը լռության անձավներում մերկանալով` սկսում է անլսելի ժպտալ…
Ջութակի կնտացող լարի արձագանքը լռության անձավներում մերկանալով` ոչ լսվում է, ոչ էլ…
… ու մեր ականջների երեք բաժինների համար էլ մնում է անխմելի` ջութակի կնտացող լարի արձագանքը` լռության ակվարիումում լողացող…

Իսկ այն` ինչին մենք ապրել ենք անվանում, իրականում, միջին ականջում ինքնահաստատվելու անընդհատ փորձ է` անցյալի ու ապագայի ազդակներից դողացող փորձ…

***

Մինչ քեզ` բազմաթիվ ու բազմաձև մարմիններ իրենց հետքերը թողեցին իմ վրա…
Դե… մի խոսքով` հանցանշաններից կուշտ եմ ու հարուստ.
հեշտությամբ կբռնվեմ, ինչպես դաջվածքով մարդը…
… քո դեպքը ուրիշ էր…
Առայժմ, միայն մարմին չես:
Բոլորին եմ սա ասել.
բոլորն էլ, դարձել են մարմին…
ավելի ճիշտ, միայն մարմին…

Իսկ ավելի ճիշտ, ես չեմ հիշում իմ առաջին սերը.
ինքնիրեն ստացվեց.
ոչինչ չզգացի.
հետո չէի հասկանում` ինչու չզգացի.
հետո հասկացա` ինչու չէի հասկանում.
հիմա հասկանում եմ, որ առաջին սեր չեմ ունեցել.
հետո կհասկանամ, որ առաջին սեր, ընդհանրապես չի լինում…
Այն մեր հորինած երազանքն է, որով շատն ենք ուզում, որով մեկընդմեջ մաքրվում ենք ու ապրում ավելի թեթև թոքերով…

Իսկ շրթհամբույրը երկու բան է.
1. Արհեստական շնչառություն` մեր պարտադրանքով մոռացված, նյարդաթելերում տնավորված հիշողություններին:
2. Շրթհարմոնահարություն, որի մեղեդին լսվում է միջին ականջում…

***

… Մի քանի ժամ առաջ` գարնանը` ծաղկած ծիրանենիները բռնաբարվեցին…
Մի քանի ժամ հետո` գարնանը` ագահ ձյունաթափից մնաց մահվան քրտինքի պես հիշողություն ու ափսոսանք…

… Հետո առավոտը իր արևոտ մատնաթմբերով շոյեց քո ստինքներն ու իմ պարանոցը…
Մեր կապվածությունը վերածվեց անկողնայինից էլ դուրս ու վեր մի բանի.
անգամ, սիրուց էլ այնկողմնային մի բանի…
Իսկ սրանից առաջ` գարունն ապտակեց մեր քիթումռութին.
մենք վերհիշեցինք մանկական շրթակիտումն ու…
սիրահարվեցինք…
Սա ծիծաղելի չէ.
ժպտալու բան է…
Գոնե…

– Քնեն’ք:
– Քնե՞նք:
– Հա’, ի՞նչ:
– Բա քնելուց առա՞ջ:
– Էլի կքնենք` խո~րը, առանց հորինովի երազի…
– …տաք, ու փափկելու աստիճա՞ն…
– …քրտնելու, անշարժանալու, կծկվելու չափ…
– Բա քնելուց հետո՞…
– Կքնենք…
– Է~հ…
– Էլի` խորը, տաք ու կծկվելու չափ…
– Լա~վ էլի… Չէ’, վախենում եմ արդեն քնելուց…
– Մենակ քնելու պատճառով:
– Երևի չգիտեմ… Բայց ապրել ուզում եմ…
– Արի’, գիշերն էլ մատնաթմբեր ունի…
– Հա… մոռացել էի. գիշերը շոյում է այն մարմնամասերը, որոնցից առավոտն ամաչում է…
– Ես էլ էի մոռացել, որ գիշերով շոյվում են այն մանրամասները, որոնք առավոտյան փակվում են…

… Հետո առավոտը ցուցամատով քորեց քիթը…
Ա~յ քեզ ուղեղից հիվանդ առավոտ.
բռնել մեր ստինքներից ու պարանոցներից` ստիպում է համբուրվել:
Ավելի լավ է դեղաբույսի դառը թուրմ խմես, քան չուզելով շրթհարմոն նվագես.
սիրտ խառնելու չափ տհաճ հնչյուններ կլսվեն, չէ՞…
Երևի` առավոտը ծնվելիս բժշկի ձեռքից ընկել է ծնարանի հատակին…
Լավ, ոչինչ…

***
Հիմա վատ չէր լինի թունավորվել անկողնային ծույլ թավալտվությամբ…

…Ուզում եմ իջնել ու հասնել բարձունքին:
…Դրա համար պետք է մահվան օղակում գլուխկոնծի տվող աշխարհ:
…Կա. առաջին տիեզերքն ու Երկիր մոլորակը:
…Դրա համար պետք ես նաև դու:
…Է~հ, էլի բարդացրիր պարզ գլուխկոտրուկը…

Մարմինս պատշգամբում է.
Մարմինս լիցքավորվում է մարզանքով, իսկ աչքերս…

…դու երկու ձեռքով կոճկում ես ձախ ձեռքիս երկու մատներով արձակած կրծկալդ…
Մի կարմրագույն դեղին է ներծծվել ճերմակ կապույտի թաղանթում:

Ես,
աչքերս,
մարմինս,
պատշգամբը…
պայթելու չափ լցվել ենք, բայց դեռ մնում ենք գայլախտավոր…

Կոնքիդ բաց ամոթխածությունն ամբողջացավ.
նյարդաթելեր, ծակոտկեն, եռանկյուն սրտամաշկ.
սրանցից սարքված վարտիք ու…
Կոնք…
Ինչ-որ պահի ծնված մտածողության ակնագնդերին փռվում է հիացմունքի փառը…

Ատելու չափ չեմ սիրում կոստյում, մանավանդ, երբ դու ես կեղևակալված դրանով:

– Գեղեցիկը ծնվում է իր բնից,
Ինչպես թիթեռը` բոժոժից…

***

Ճմրթված բարձի ու սավանի ծալքերում ավելի շատ հիշողություն կա, քան ուղեղի ծալքերում:
Կուսությունը արդուկված հոգին ու աշխարհընկալումն է` թափանցիկությամբ փաթեթավորված ու երբևէ չօգտագործված սպիտակեղենի պես…

Ես ծամոնի պես ձգձգում եմ ՙառայժմի՚ համբույրը, որ դու…

Հիշողություններ կուտակելը ցավոտ հաճույք է,
Հիշողություններն հիշելը` հաճելի ցավ…

Ես մնացի շուրթերիդ ու վերելակով ներքև իջա:
Այնտեղ, վերևում, լավ էր:
Ես լվացվում էի քո լռությամբ ու սրբվում թաքուն հոգոցներովդ…

Ես արգելված պտուղ եմ քո համար…
Շատ ծիծաղելու էր. դուրս եկավ, որ ես քաղցր եմ…
Բա էլ ինչու՞ եմ այսքան դառնություն զգում մեջս:
Փաստորեն, մարդիկ դառն են կամ հակառակը, ըստ արգելված լինելու կամ հակառակը…

***

Մի քանի դար առաջ քնից զարթնեցի ու որոշեցի հագնվել:
Ինչ-որ շորեր գտա…
Դրսում պարզվեց, /բնականաբար, կողմնակի աչքերի լուսանկարչությամբ/, որ տարբեր գուլպաներ եմ հագել…
Հետո, իմ պատահական հագնվելը դարձավ նորաձևություն…
Դու ինձնից նորաձև ես:

Հ.Գ. “Քնած չղջիկի վերելքը”-ի առաջին հատվածն էր միայն: Գարիկը նաև գիրք ա տպել, ՆՓԱԿ-ում հարցրեք, կասեն ինչպես գտնել: Ու առհասարակ, անպայման կարդացեք, լավ?