Tags

,

Քամին սարերից առաջին ձյունի փոշին է բերում
Եվ շաղ է տալիս բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված մարմնիս վրա։

Շապիկիս փեղքից ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն խաշամանման
Կարտանանները պոկում է քամին
Խառնում ծառերից թափվող խաշամին…

Խաշա, ի՜նչ խաշամ, թեժաթուխ լավաշ
Տավարն ուտում է ու չի կշտանում…

Ես լուռ նստել եմ կապույտ մի քարի
Կապտել եմ ես էլ և կապույտ քարից
Տարբերվում եմ ես այնքանով միայն
Որ ես դողում եմ, քարը չի դողում։

Գյուղ տանող ճամփով գնում է հայրս
Ցախը շալակին.

–Ցո՞ւրտ է,–հարցնում է։
–Տաք է, ասում եմ։
–Քարին մի նստիր,վե՛ր կաց,–ասում է։
–Տավարն,–ասում է,– լույսով չբերես։
Ասում է, գնում…

Անցել է ուղիղ քառասուն տարի
Հիշեցրի երեկ, հայրս լաց եղավ…
Ինչո՞ւ հիշեցրի…

Համո Սահյան