Tags

, , ,

Ոչ մեր սիրելն էր սիրելու նման
Ոչ մեր բաժանում՝ բաժանում եղավ
Հազիվ լսելի մի երգ կար հեռու
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։

Լսափողների մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացած ծաղիկ չմնա՜ց գրքում
Նամակ չմնաց դեղնած թղթերում։

Պողոտաների խռիվ մայքերին
Երկու զգույգ ոտքեր քայլեցին տրտում
Անցան, գնացին՝ չմտան մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին…

Ոչ մեր սիրելն էր սիրելու նման
Ոչ մեր բաժանում՝ բաժանում եղավ
Հազիվ լսելի մի երգ կար հեռու
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ…

Սիլվա Կապուտիկյան

Լուսանկարները Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանից են։ Երբ էնտեղ էի, տունը թանգարան դառնալու փուլում էր, դեռ ճաշի ու կենդանության հոտ էր գալիս։ Կարոտեցի Սիլվային, իմ առաջին այցելությունը էդ տուն կենդանության օրոք, որպես ԵՊՀ ուսանող։

Սիրտ, մի՛ սպասիր, իզուր մի՛ հուսա,
Իմ շրթունքները՝ սովոր ճշմարտին,
Զղջումի խոսքեր երբեք չեն շրշա
Ու ետ չեն կանչի նրան վերստին։

Այրվի՜ր ինքդ քեզ, ծխա՜ քո վերքով,
Ես հպարտ կապրեմ աշխարհի վրա…
Թող կուրծքս լցվի՜ բոց ու կրակով.
Միայն աչքերիս մեջ ծուխը չերևա..

Սիլվա Կապուտիկյան

Կանայք կհասկանան… Բան չեմ ասում…