Tags

, ,

Այս պատմությունը ինձ շատ հուզեց, գրեցի Վահանին, հարցրեցի՝ կարող եմ “ռեպոստել”, անմիջապես պատասխանեց՝ “իհարկե”։ Կիսվում եմ ձեզ հետ, կարճ ասած։ Վերջում նաև քրեական գործի, կարծիքների ու 2 անգամ փախուստի դիմելու, ապա բռնվելու նախապատմության հղումներն եմ դնում, դրանք էլ կնայեք, լա՞վ։

––––––––––––––––––––

Մհեր Դավթի Ենոքյան (ցմահ դատապարտված կալանավոր, բանտից փախել էր 2009թ. նոյեմբերի 27-ին և բռնվել դեկտեմբերի 18-ին։ Փախսուստի դիմելու համար նրա դեմ հարուցվել է քրեական գործ, դատավարությունը կսկսի մարտի 20-ին):

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շուտով լույսը կբացվի: Եվս մի երկու ժամ և երկինքը, լուսավորվելով արևի առաջին ճառագայթներով, կամաց-կամաց կդառնա բաց կապույտ: Ես ինչ-որ սարի գագաթին եմ, պառկած մեջքիս վրա բավական սառը, մի-քիչ խոնավ հողին և նայում եմ աստղերով լի գիշերային երկնքին: Բավական հոգնած եմ և միևնույն ժամանակ թարմ, ձախ ուսս սկսում է ցավալ` ենթադրում եմ, որ վնասված տեղը արյունահոսում է, սպորտային կոշիկներիս մեջ ջուր է լցվում և ընդհանրապես գրեթե մինչև գոտկատեղ շորերս թրջված են` առուների և ինչ-որ ճահիճների միջով անցնելուց, քրտնած եմ և հասկանում եմ, որ շուտով կսկսեմ սառել: Չեմ ցանկանում շարժվել, այսպես պառկած կնայեմ երկնքին` մինչև աստղերը ամբողջովին կանհետանան արևի ճառագայթների մեջ: Ես երջանիկ եմ: Սիրտս արագ է խփում, ուրախությունից շնչում եմ դանդաղ բայց շատ խորը` կարծես չեմ կարողանում հագենալ այս սառը մաքուր օդով` ինչպես ծարավ մարդն ուզում է ջուր խմել:

Ազգությամբ ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Երևանում: Ինչքան եմ սիրում իմ հարազատ քաղաքը: Տարիներ առաջ, երբ ինձ տանում էին «գերեզման», ասացին. «ուշադիր նայիր քո սիրելի քաղաքի փողոցներին, մարդկանց. վերջին անգամ ես տեսնում»: Եվ ես ուշադիր, թախիծը սրտումս և թաքուն արցունքները աչքերիս, սլացող մեքենայի պատուհանից նայում էի գիշերային Երևանին, մեր քաղաքի մարդկանց և ինքս ինձ ասում. «վաղ թե ուշ դու նորից ման կգաս քո հարազատ և սիրելի Երևանի փողոցներով: Անպայման: Երդվում եմ»:

Այն ժամանակ ես 20 տարեկան էի: Ինձ սապանեցին…. բայց չնայած դրան տարիներ անց ես կատարեցի իմ խոստումը…. Ես նորից ազատ և երջանիկ մարդ էի: Ափսոս որ քիչ տևեց…. սակայն մյուս կողմից էլ, շնորհակալ եմ Աստծուց ամեն ժամի, ամեն րոպեի, ակնթարթի համար:

Անկեղծ ասեմ` հարություն առնելուց հետո ամեն մի պահ մի ամբողջ կյանք է:

Ինչպես հարազատ մայրդ, սիրածդ աղջիկը, այդպես էլ այս քաղաքը, մի անտեսանելի ուժ է տալիս մարդուն, երբ «գիտակցում է», որ դու իրեն անկեղծ սիրում ես: Նա պատրաստ է ներել նույնիսկ ամենածանր մեղքերը` ինչպես յուրաքանչյուր սիրող էակ: Միևնույն ժամանակ նա կարող է բարկանալ և վրեժխնդիր լինել, եթե հանկարծ չարացած մարդիկ աչք փակեն նրա հոգու գեղեցկության վրա և անհույս փորձեն այլանդակել այն…

Գրեթե անհավանակն էր թվում, բայց այդ ուժը օգնեց նույնիսկ երկրորդ անգամ հարություն առնել: Երևանի ծայրամասերից մեկում կա գերեզմանոց, աղբանոց և ևս մի կլորավուն տեսքով յուրահատուկ «գերեզման»: Հարազատները ծաղիկների փոխարեն սնունդ և հագուստ են բերում:

Ժամեր առաջ այդ զարհուրելի և մութ տեղից դուրս պրծա և առանց հետ նայելու, շնչակտուր վազում էի ամայի տեղերով, ճահիճների և ծակծկող թփերի միջով, քարերի վրայով: Միակ ուղեցույցը հեռվում վառվող կարմիր լույսերն էին հեռուստաաշտարակի գագաթին: Արդեն ամբողջովին մութ էր, երբ ճղճղված շորերով, համարյա ուժասպառ հասա Նոր Նորքի զանգված: Միանգամից չկոմնորոշվեցի, թե կոնկրետ որ զանգվածն է: Ճիշտ է, հինգ մատիս պես գիտեմ այս կողմերը, բայց դեռ հեռվից երևացող մագլցող լույսերով մեծ աստղը անծանոթ էր: Երբ շենքերի արանքներով մի քանի փողոց անցնելով մոտեցա` տեսա, որ ինչ-որ սուպերմարկետ է: Փորձեք պատկերացնել, թե ինչ զգացողություններ կառաջանան սառը լռության միջից վերակենդանացած մարդու մոտ, որը ընկել է գույների, լույսերի և զանազան ձայների աշխարհ: Կողքովս անցնում են մարդիկ, մեքենաներ և ես ցանկանում եմ նայել բոլորի աչքերին, կանգնել ինչ որ փողոցի մեջտեղում, կամ հրապարակում և գոռալ. «Ես մարդասպան չեմ»: Բայց չի կարելի, ես պետք է շտապեմ, արդեն բոլոր համապատասխան կառույցները ման են գալիս ինձ և ամենայն հավանականությամբ, հայտնաբերելու դեպքում` կրակ կբացեն և կսպանեն: Փորձելով թաքցնել հետաքրքրասիրությունս` նայում եմ յուրաքանչյուր անցորդի դեմքին, մանավանդ աղջիկներին, կանանց… Չէ՞ որ այնտեղ տեսնում ես միևնույն մեռելային դեմքերը, իսկ այստեղ բոլորը լավն են, հաճելի, բոլորը և ամեն ինչ նոր են…

Միանգամից չես կարողանում հասկանալ` քնի՞ց ես արթնացել և իրականությո՞ւն է կողքիդ, թե՞ հակառակը` երազ ես տեսնում: «Արթնացա», երբ նկատեցի, որ դիմացից մոտեցող երիտասարդ կինը ուշադիր նայում է մեկ երեսիս, մեկ կրծքիս: Գլուխս իջեցրեցի և տեսա, որ սվիտրս երկու տեղից պատառոտված է: Հետո նայեցի ոտքերիս, պարզ զգացվում էր, որ շալվարս ամբողջովին բաց է ճահճաջրերից: Անկախ ինձանից ծիծաղեցի: Բարձր ծիծաղեցի: Կինը հավասարվեց ինձ և առանց կանգ առնելու ոտքից-գլուխ նայեց: Երևի մտածեց կամ բոմժ եմ, կամ խելագար:

-Բարի երեկո ձեզ, – ուրախ-ուրախ ասացի ես: Նա հետաքրքիր ժպտաց և նույպես բարի երեկո ցանկացավ: Այդ ժամանակ անցորդներից մի քանիսը շրջվեցին և նայեցին ինձ վրա: Շտապեցի, անցա փողոցը, փոքր այգի էր, մարդ չկար, փաթաթվեցի մի ծառի և համբյուրեցի մի քանի դեռ կանաչ մնացած տերևներ, պառկեցի կանաչ խոտերի վրա և ամբողջ սրտով բարձր ծիծաղում էի և չէի կարողանում ինձ զսպել: Ես իրոք երջանիկ էի:

Նկատեցի, որ մոտենում է մի կին իր փոքրիկ աղջկա հետ, և վերջապես զսպեցի ծիծաղս, կանգնեցի ոտքի և ուշադիր նայեցի երեխային: Վերջին անգամ, այսքան մոտիկից հինգ տարի առաջ էի այսչափ փոքրիկ մարդուկ տեսել: Քայլերս արագացրեցի, պետք է շտապել: Չհաշված մի որոշակի հատված, համարյա ամբողջ ճանապարհը, սպորտային պայուսակը ուսիս, ոտքով շարժվել եմ երևանից հեռու, դեպի Գառնի:

Ես արդեն բավական ուժեղ դողում էի, ատամներս իրար չեի կարողանում սեղմել, մեջքս սառել էր: Լուսանում էր, բայց աստղերը դեռ երևում էին: Կտրուկ շարժումով վեր կացա, հայացքս կտրեցի երկնքից և նայեցի շուրջ բոլորս: Հեռվում, բայց շատ պարզ երևում էր Գառնու հեթանոսական տաճարը:

Երբ արևն ամբողջությամբ երևաց հորիզոնում, ես արագ հանվեցի և ոտքից գլուխ մերկ, կանգնած սարի գագաթին, նայում էի արևին և ժպտում: Ես նորից ծնվեցի:

Դժվար է բառերով նկարագրել այդ զգացմունքները, բայց փորձում եմ: Ինչ ապրումներ կունենար նորածինը մոր արգանդից դուրս գալուց անմիջապես հետո, եթե ունենար «գիտակցություն»… Կվախենա՞ր թե՞ կհիանար, չգիտեմ, բայց հաստատ կզարմանար: Ես զարմացած էի, որ ամեն ինչ ստացվեց: Ես նորից ազատ եմ: Ես նորից ծնվեցի: Եվ դա նման է առաջին սիրո զգացմունքներին: Այդպես մերկ կանգնած սարի գագաթին և դիմավորելով նոր կյանքի առաջին արևածագը` կարծես առաջին անգամ մերկ մարմնով հպվում ես աղջկա մերկ մարմնին:

Մի իրականության մեջ գոյություն ունի մյուսը: մեկը աստվածային, իսկ մյուսը… Չէր բացառվում, որ ուղղաթիռներով որոնումներ սկսեին Երևանից դուրս, ամայի վայրերում: Արագ հագնվեցի, կրակ վառեցի, սուրճ պատրաստեցի, նստեցի մի քարի և դանդաղ ըմպելով սուրճը նայում էի հեթանոսական տաճարին:

Ինձ կնքել են Գեղարդի վանքում, հաջորդ լուսաբացը դիմովորեցի հենց այնտեղ: Մոմ վառեցի, աղոթեցի: Հետո լիաթոք շնչելով ազատության օդը` հիանում էի կողքիս տեսարաններով: Մի միտք հանգիստ չեր տալիս: Բայց սրա մասին այս պատմության վերջում կասեմ:

Մեքենայով հակառակ ուղղությամբ շարժվեցի` դեպի Երևան: Ճանապարհին երկու տեղ ոստիկաններ կային, կանգեցնում էին Երևանից եկող բոլոր մեքենաները և ստուգում: Ընդհանրապես Երևանից դուրս տանող բոլոր ճանապարհները հսկողության տակ էին: Ով կմտածեր, որ ոչ թե Երևանից եմ փախնում այլ հակառակը քաղաք եմ գալիս…

Երեկոյան Օպերայի(Ազատության) հրապարակում էի: Երաժշտության ներքո, չմուշկները ոտքերիս փորձում էի սահել սառույցի վրա: Նորից այդ անզսպելի ուրախ ծիծաղը պոռթկում էր դուրս, և ես մի կողմից վախենում էի խելագարի տպավորություն թողնել, իսկ մյուս կողմից թաքնվելու փոխարեն եկել եմ այստեղ` քաղաքի կենտրոն և սահում էի բոլորի աչքի առաջ, երեխաների և պատանիների մեջ: Չէ՞ որ ոստիկանները, ազգային անվտանգության աշխատողները կարող էին և այստեղ լինել. ոչ միայն կարող էին, այլ հաստատ կային, նրանք ամեն տեղ էլ կան: Մյուս կողմից էլ այդպես «թաքնվելը» հաճախ ավելի արդյունավետ է լինում, միայն չափի մեջ. իսկ կկարողանա՞մ ես ապրել չափի մեջ, կկարողանա՞մ ինքս ինձ սահման գծել, երբ ես ջարդում և փշրում եմ բոլոր սահմանները… այս պահին ես դրա մասին չէի մտածում, ուղղակի ինձ մի պահ, կարապների մեջ պատկերացրեցի, ինչպես պատկերացնում էի երեխա ժամանակ, երբ ժամերով նստում էի Կարապի լճի մոտ և նայում… Պատկերացրեցի և նորից սկսեցի բարձր ծիծաղել: Պետք է հեռանալ այստեղից, համը դուրս կգա…

Ավելի ուշ ժամի «Կոմիտասի» պողոտայով էի անցնում, մի մարդ մոտեցավ, մոտ 45 տարեկան, կոկիկ հագնված.

-Բարի իրիկուն ախպեր ջան, քեզ մի մեծ խնդրանք ունեմ:

-Բարի իրիկուն, ինչ կա, ինչով կարամ օգնեմ,- ասացի ես և միանգամից մտածեցի, որ սա հաստատ «աշխատող ա» ու ճանաչել ա դեմքս, քանի օր ա հեռուստացույցով ցույց են տալիս ու պարգևատրում խոստանում… Նայում եմ կողքերս` ուզում եմ տեսնեմ մյուսները որտե՞ղ են թաքնված:

-Ես քո ցավը տանեմ, Երևանցի տղա եմ, բայց ամանչում եմ թե ինչ օրն եմ ընկել: Ոչ ալկաշ եմ, ոչ բոմժ , ուղղակի ձեռս կոպեկ փող չկա, ախչիկ թոռանս սրտով սմետան ա անցել, արի միասին մտնենք էն խանութը, դու քո ձեռով մի սմետան առ, տանեմ տուն` թոռս ուտի:

Հազիվ ինձ զսպեցի որ աչքերս արցունքներով չլցվեն: Լուռ դրամապանակս հանեցի, 5 հազար դրամ տվեցի: Սկսեց շնորհակալության խոսքեր ասել, բայց ես «Աստված քո հետ » ասելով` շտապեցի հեռանալ:

Արդեն մի քանի օր է վարձով բնակարանում եմ մնում, կենտրոնից ոչ հեռու: Գիշերվա ժամը մեկն է արդեն, քունս չի տանում, բայց պետք է քնել, քանի որ վաղը մի քանի կարևոր գործ կա անելու. կեղծ անձնագիր է պետք ձեռք բերել և այլն…

Մոտենալով շենքին որտեղ վարձով էի մնում` զգացի որ ինչ-որ բան էն չի: Այդ ժամին շատ տարօրինակ էր երկու անձի կանգնած լինելը շքամուտքի մոտ, իսկ մի քանի մետրի վրա էլ սպիտակ նիվա էր կանգնած, մգեցված ապակիներով: Միգուցե սխալվեցի, բայց բնազդս ասաց, որ պետք է հեռանալ այդտեղից:

Համապատասխան ծառայությունները արդեն վաղուց գիտեին իմ բոլոր հարազատների, բարեկամնների, ընկերների հասցեները, հեռախոսի համարները, այնպես որ ոչ մեկի օգնությանը այս անգամ դիմել չեի կարող: Երեք օր անցկացրել եմ փողոցներում. մոտ մեկ ժամ փորձել եմ ննջել Մոսկվա կինոթատրոնի դահլիճում, իբր ֆիլմ դիտելուց, սնվում էի սրճարաններում, բարերում, փոքր ռեստորաններում և հնարավորինս երկար էի նստում այդ վայրերում, որ համ ոտքերս հանգստանան անընդհատ քայլելուց, համ էլ աննկատ փորձում էի ննջել:

Չորրորդ գիշերը արդեն անհնար էր այդպես անքուն մնալը:

Իմ միակ և անչափ հարազատ ընկերուհիս արդեն 15 տարի է Գերմանիայում է , ընտանիքի հետ գնաց Հայաստանից 1995թվին, երբ միասին սովորում էինք Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսում: Իսկ մեկ տարի անց ինձ մահվան դատապարտեցին: Այս տարիների ընթացքում միշտ իրար շատ ջերմ նամակներ էինք գրում, նա ինձ հետաքրքիր և գեղեցիկ հուշանվերներ էր ուղարկում, CD ռոմանտիկ երաժշտություններով: Երբ երկու տարի առաջ ես կարողացա « Գերեզմանում» ձեռք բերել բջջային հեռախոս և զանգահարեցի Գերմանիա, չեք պատկերացնի ինչ երջանկության պահեր էինք ապրում իրար ձայն լսելով` ես այստեղ Երևանում, նա այնտեղ Բեռլինում: Իսկ փախուստիցս երկու ամիս առաջ նա առաջին անգամ եկել էր Հայաստան և այցելեց ինձ «Գերեզմանում»: Հրաժեշտ տալուց , երբ համբյուրվում էինք, ես ասացի, որ մինչև տարվա վերջ անպայման կփախնեմ այստեղից:

Չորրորդ անքուն գիշերն էր: Զանգահարեցի Բեռլին: Բավական երկար խոսելուց հետո, մի հարց տվեցի, Դիանկա ջան, գիտե՞ս որ առանց քեզ իմ երջանկությունը լիարժեք չի , բայց խնդրում եմ քեզ, որ թույլատրես մինչև մեր հանդիպումը գոնե մեկ, մեկ անգամ փողոցային ախչիկների հետ լինեմ….

Նա սկսեց բարձր ծիծաղել հետո բավական երկար լռություն տիրեց. «իհարկե թույատրում եմ: Նույնիսկ ուշացնում ես, արդեն քանի օր է անցել….»:

Դե երկու օր սարերում ու անտառներում էի, իսկ հետո… Տաքսիով շարժվեցի դեպի Ջրվեժ, համարյա քաղաքից դուրս բազմաթիվ փոքր ու մեծ հյուրանոցներ են, որ այն ժամանակ չկային: Հյուրանոցներից մեկում համար վերցրեցի,ընթրիք պատվիրեցի: Բավական երկար կանգնած էի տաք ջրի տակ, հետո հագնվեցի, սեղանը արդեն պատրաստ էր երկու անձի համար: Դուռը թակեց և ներս մտավ սպասուհին.
–Կներեք, դուք երևի լողանում էիք, երբ բերեցի ձեր պատվիրածը, ուրիշ ինչ կցանկանաք:

Չգիտեմ էլ ինչպես ասել…

-Ձեր մոտ աղջիկների հնարավորություն կա՞…. հասկանում էք ինչ նկատի ունեմ:

-Սովորաբար մեր այցելուները իրենց հետ են բերում ձեր ասած աղջ…, պոռնիկներին , մեր մոտ նման ծառայություններ չկան:

Այդ սպասուհին, թե մատուցողուհին, չգիտեմ, մոտ 30 տարեկան հաճելի արտաքինով կին էր, բայց ինչ որ ակցենտով էր խոսում: Նա ինչ որ բան էր ուզում ասել, բայց լուռ նայում էր ուղիղ աչքերիս մեջ և ոնց որ չէր պատրաստվում հեռանալ, ես նրան տվեցի 2 հազար դրամ և ասացի, որ շատ ափսոս գիշերը առանց կնոջ պետք է անցկացնեմ:
-Ինչո՞ւ եք պոռնիկներին այդպիսի քնքուշ բառերով անվանում` կին, ախչիկներ,- չգիտես ինչու այս սպասուհին չէր ցանկանում հեռանալ: Մտածեցի որ 2 հազարը քիչ էր և ասացի.
-Ես վաղուց Հայաստանում չեմ եղել, միգուցե ավել պետք է տամ ձեզ:
-Չէ, ինչ էք ասում չայևոյը նորմալ է , դուք նույնիսկ առանց սենյակը նայելու վճարեցիք մեկ օրվա համար և երկու անձի ընթրիքի համար,- մի քիչ տարօրինակ և զարմացած ժպիտով հարցրեց նա:
-Իսկ ինչ կա զարմանալու:
-Դե, ադմինիստրատորն էլ զարմացավ, որ առանց մեքենայի, ոտքով եկաք, ամբողջ օրվա համար վերցրեցիք…- նա ժպտալով շարունակում էր նայել ուղիղ աչքերիս մեջ:

Ես մտածված տաքսին մոտ 100 մետր հեռու կանգնացրեցի, որ վարորդը չիմնա կոնկրետ որտեղ եմ գնում: Ամեն ինչ պարզ էր: Նման մոթելներում գալիս են 1-2 ժամով և աղջիկների հետ: Ես դա գիտեի, բայց մտածում էի, թե այստեղ կլինեն աղջիկներ և հետո էլ մինչև առավոտ մնալ և քնել այդքան էլ տարօրինակ չի թվա: Հյուրանոցի բակ մտնող մեքենաների ձայներ լսվեցին: «Պարզ է, ադմինիստրատորը կասկածել է, թե ով եմ ես և զանգահարել է ոստիկանություն, սա էլ ժամանակ է ձգում»,- մտածեցի ես: Ճիշտ ժամանակին բջջայինիս զանգը լսվեց. միայն մի մարդ գիտեր իմ համարը: Կարճ խոսալուց հետո Լիզային ասացի (այդ անունով էր նա ներկայացել) .

-Անսպասելի փոփոխություններ, ես պետք է շտապ գնամ,- վերցրեցի պայուսակս և մոտեցա դռանը: Լիզան բռնեց իմ ձեռքը դռան բռնակի վրա և ասաց.

-Ճիշտն ասած իմ աշխատանքային ժամը արդեն ավարտվում է և ես կմնամ ձեր հետ ամբողջ գիշեր:

-Հարցը դրանում չի, ես իրոք շտապ պետք է տեղ գնամ, բարի գիշեր Լիզա:

-Շատ ափսոս, բարի գիշեր, իսկ վճարած գումարը…

-Ես արդեն աստիճաններով իջել էի և շտապ հեռացա այդ փոքրիկ, բայց բավական հետաքրքիր կառուցված հյուրանոցի տարածքից:

Նորից տաքսի վերցրեցի: Կրկեսի մոտ գնալը վտանգավոր էր երկու տեսակետից` էտ աղջիկերքից շատերը համագործակցում են ոստիկանների հետ: Տաքսու վարորդը գիտեր ինչ, կամ ավելի ճիշտ ում եմ ման գալիս գիշերային Երևանում: Կոմիտասի վրա էինք նայում, մի քանիսը կային, բայց ճաշակովս չէին, տաքսիստը առաջարկեց, Լենինգրադյանի կողմ գնանք: Բաղրամյանի մոտ էինք, ասացի, որ շրջվենք, նորից Կոմիտասով բարձրանանք:

Նկատեցի մի սիրունիկ աղջկա, հազիվ մի 20 տարեկան լիներ, բայց հագուկապից, կանգնած տեղից հասկանալի էր, որ աշխատանքի է դուրս եկել: Շենքերի արանքից մի սև ջիպ դուրս եկավ և կանգնեց այդ աղջկա կողքին:

-Չհասցրինք,- ասաց տաքսու վարորդը:

-Կանգնացրա ըստեղ, տենանք, կարող ա չգնա հետները,- ասացի ես և իջնելով մեքենայից` մոտեցա էտ ջիպին:

-Ախչի արի նստի, փողդ կտանք, մի վախի, նստի երկու բառ խոսանք,- ասում էին ջիպի միջից: Աղջիկը վախենալով ու կասկածանքով, բայց նստեց մեքենան: Ես դեռ սպասում էի: Երևի մի երկու րոպե անցավ, դուռը կտրուկ բացվեց, աղջիկը դուրս թռավ մեքենայից, երեսին ապտակի կարմիր հետքն էր երևում:

-Ապուշի մեկը, – գոռաց աղջիկը և փորձեց փախնել, բայց ջիպից դուրս եկած մի 30 տարեկան տղան, ամբողջովին սև հագնցած, հասցրեց բռնել ձեռքից: Ես մոտեցա.

-Բարի իրիկուն տղերք:

-Ինչ կա ապեր,- հարցրեց ջիպից դուրս եկածը:

-Թե չի ուզում հետներտ գա` հո զոռով չի:

-Էս ով ա արա,- աղջկա ձեռքը թողնելով` մոտեցավ ինձ:

-Որ սով լիներ, ջիպով ման չէիր գա,- ասացի ես և տեսա, որ մեքենայից ևս երկուսը դուրս եկան: Էլի մոտ 30 տարեկան տղեք էին: Վարորդի տեղից իջնողը ճիճուի տեսք ուներ, մոտեցավ աղջկան ապտակողին, ամբողջովին սև հագնվածին, ու ասաց.

-Ախպերս, էսի,- իմ վրա ցույց տվեց,- իրա գլխին փորձանք ա ման գալիս:

Մեքենայի մյուս կողմից իջնողն էլ, առանց մոտենալու, բարձր ասաց.

-Արա, շառտ քաշի գնա ստից:

Ամեն դեպքում ձեռս տարա գրպանս…

-Եթե ընկերուհին,-ցույց տվեցի աղջկա վրա,- ասի, որ իմ միջամտության կարիքը չունի, ուրեմն հարց չկա, շուռ կգամ ու կգնամ:

Ընկերուհին նայեց ինձ, բայց բան չասեց:

-Դե ուրեմն բարի գիշեր ձեզ, -ասի ես ու շրջվեցի, որ գնամ:

-Թէ, ես քո հետ կգամ,- ասեց ընկերուհին և մոտեցավ ինձ:

Սրանց «շեֆը» էլի կոպիտ բռնեց աղջկա ձեռքը.

-Ոչ մի տեղ էլ չես գնա, նստի ավտոն:

-Թող ձեռս, -բարձր գոռաց աղջիկը,- ասի` ես մինետ չեմ անում ու վաբշե ձեր փողը ձեզ լինի, չեմ ուզում ձեր հետ գամ:

Նա իր փոքրիկ պայուսակից հանեց 100 դոլար և շպրտեց «շեֆի» վրա: Զգացի որ հես ա ապտակելու է աղջկան:

-Ձեռ չբարձրացնես,- ասացի ես` նայելով դրա աչքերի մեջ: Ճիճվաձև երիտասարդը մոտեցավ ինձ.

-Ապեր արի կողի անցնենք, Էրկու բառ կա ասելու:

-Ստեղ ասա,- մի քայլ հետ գնալով` ասացի ես:

– Չե արի մի քիչ կողի,- սա մի հինգ մետր հեռու գնաց: Մոտիկացա:

-Ի՞նչ կա:

– Ախպեր ջան, դու պռոստո չես ջոգում ինչ մոմենտա ստեղ:

-Ի՞նչ կա չջոգելու,- հարցրեցի ես:

-Մեր լավ ախպերը,- աչքերով ցույց ա տալիս սև հագնված «շեֆի» վրա,- եքա սռոկ նստած տղա ա, նոր ա հելել, հետն էլ հիմա դոզի տակ ա: Արի դու քո ճամփով գնա, իզուր գլուխդ ցավի տակ մի դիր, քեզ պռոբլեմ պե՞տք ա:

-Էտ լավ ախպորդ անունը ոնց ա,- հարցրեցի ես:

-Ձևո, մեկին փոքր ժամանակ լավ ձևել էր, դրա համար:

Մոտեցա էդ Ձևոյին.

– Ձևո, էրկու բառ արի առանձին խոսանք:

-Ասա:

-Էս աղջիկը իմ հետա ուզում ա գա, արի էս օրն էլ թող իմ օրը լինի, քեզանից պակաս տանջված տղա չեմ….

-Ձև չկա, էս քածը նստելու ա ավտո, մեր հետ գա:

Իմ իրավիճակում գտնվող մարդու համար ճիշտ կլիներ թողնել հեռանալ, բայց ես որոշեցի սրան ասել, թե ով եմ…

Մի պահ սա քարացած մնաց տեղը ու ուշադիր նայում էր վրես.

-Հա էլի, դու ես,-հետո շշուկով ավելացրեց,-ախպերս, էս աղջկան վեկալ գնա, բայց հանկարծ դրան չասես ով ես, էս հետիններս էլ թող չիմանան: Ուրիշ ինչով կարամ օգտակար լինեմ քեզ:

– Կարա՞ս զենք ճարես, փողը կտամ:

-Ի՞նչ ա պետք:

Ուզում էի ասել` յուրաքանչյուր ատրճանակ էլ կլինի, բայց ասեցի.

-Լյուբոյ պիստալետ էլ կլինի, մի 1000 դոլարի սահմաններում:

Ուշադիր նայեց վրաս ու հարցրեց.

-Ուզում ես քեզ ընդեղ ուղարկողին խփե՞ս:

-Չէ, ես մարդ խփող չեմ, ուղղակի ինքնապաշտպանության համար կարող ա պետք գա: Իմ ուզածը հանգիստ, նորմալ ապրելն ա, ուրիշ ոչինչ:

Իրականում, օրեր անց պետք է Վրաստանի սահմանը անցնեի ու չէր խանգարի ձեռքումս մի զենք ունենալը. գիշերով անտառներով անցնելուց կարող է գազաններից պաշտպանվելու կարիք լինի:

Անիի հետ, նստած տաքսու հետևի նստարանին, նրա ձեռքը ձեռքերիս մեջ սեղմած, գնում էինք դեպի «Օֆուռո» ճապոնական սաունան:

Չէ, զենքի պահով ես էտ Ձևոյի հետ հանդիպման չեմ գնա: Քանի՜ դրա նման գողական, «լավ» տղերք եմ տեսել, որ ընկնում են այնտեղ ու կուռկուռի ձագ են դառնում: Դուրսը երկու կոպեկի համար մարդ են սպանում, իսկ իրանց ազատության համար փախուստի անուն հենց լսում են` վախից ծնկները թուլանում են: Քանի՜ դրանց նման «լավ» տղեք եմ տեսել, որ ունևոր գոմիկների հետ սեղան են նստում` ինչ է փորները լցնեն ու նմանների հնարավորությունները օգտագործեն և հակառակը` իսկական լավ տղեքին, որ իրանց «ճիշտ» հասկացողություններով չեն ապրում, կամ ունևոր չեն` գործ տվողի, կամ նույնիսկ գոմիկի պիտակ են կպցնում: Մեկը կար, սենց ասեց «Պալաժենի» էր նայում «գերեզմանոցում», «աբշակի» համար փող էր հավաքում «մահացածներից», բայց կեսը իրա պագոնավոր(ուսադիր կրող) շեֆին էր տալիս, կեսն էլ երակների մեջ էր լցնում: Փախուստի մասին էլ մի բառ լսեր` միանգամից զեկուցում էր:

Ճիշտ է բոլորի մասին չի խոսքը, բայց քիչ չեն այնտեղ էտ գործ տվող ու գոմիկ «լավ» տղերքը: Իրականում սրանք «Գերեզմանից » դուրս գալու ցանկություն էլ չունեն, քանի որ եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցորեն իրենք իրենց էլ են պատժում: Իմանալով, որ մեղավոր են իրենց արածների համար` ընդունում են պատիժը: Իսկ ի՞նչ անի նա, ով չի կարող համակերպվել նման պատժի հետ, զուտ այն պատճառով, որ մեղք չի գործել:

Ի՞նչ անի նա, ում մեջ մարդուն չի կարողանում սպանել այն համակարգը, որ հանդես է գալիս հասարակության անունից: Մարմինը սպանելով` չեն կարողանում հոգին սպանել:

Չեմ ցանկանում վատ և տհաճ բաների մասին մտածել, փողի մասին էլ չեմ ցանկանում լսել: Անիին տալիս եմ իր ուզած գումարից էլ շատ, միայն թե փողից չխոսի, ապահովիչի անուն չտա… Առանց դրա…Գրկում եմ սիրում եմ այս շատ երիտասարդ կնոջը, համբյուրում եմ շրթունքները:

Արթնացա հյուրանոցում, արդեն կեսօր էր, Անին կողքս էր պարկած, իսկ ես մտածում էի Դիանկայի մասին : Բեռլինում դեռ ժամը 9-ն է, նա դեռ քնած կլինի, ուշ է սիրում արթնանալ:

Սուրբ Սարգիս եկեղեցի մտա. 5 տարի առաջ այս նույն վիճակում, այստեղ նստած Աստծո հետ էի խոսում: Նորապսակներ մտան եկեղեցի իրենց հարազատների հետ: Մնացի եկեղեցում ամբողջ արարողության ընթացքում: Այդ օրը, համարյա մինչև գիշերվա 12-ը Պրոսպեկտով բարձրանում էի մինչև Մատենադարան, հետո իջնում` հասնում ձկան խանութի մոտ, կամ եկեղեցու մոտ կանգնում` նայում ձորը, ստադիոնի կողմը, կոնյակի-գինու գործարանի կողմը:

Մնացած օրերին հաճախ Աբովյանով էի ման գալիս, Հրապարակում էի շրջում , իջնում կինո «Ռոսիայի» մոտ. կներեք հիմա արդեն Այրարատ տոնավաճառ, եթե չեմ սխալվում: Երբ հոգնում էի, «Կոմայգում» էի նստում, ականջակալներով, Կլայդերմանի երաժշտությունը լսելով` նայում էի անցնող զույգերին:

Շուտով երազս պետք է վերջանար, բայց ես չգիտեի դրա մասին: Եվ մի 10 օր և ես կհայտնվեի Աֆրիկայի մայրցամաքում: Հա, հա մի զարմացեք: Իհարկե ցանկալի էր Եվրոպան կամ ԱՄՆ-ն, բայց Աֆրիկայում կամ քաղաքակրթությունից հեռու վայրեր, որտեղ ապահով կլինեի, սակայն դա, անկասկած, ժամանակավոր էր լինելու:

Այնտեղ Երևանը ու հայ աղջիկներին միայն երազումս կտեսենի, ինչպես և հիմա….Ախր շատ լավն են մեր հայուհիները, նույնիսկ տաբատներով, չնայած, որ շրջազգեստն ավելի կանացի է:

Մի պահ պատկերացրեցի, որ Երևանում մարդ չկա, ուղղակի դատարկ քաղաքն է մնացել: Չէ էն չի: Բայց դե եթե մեկը մյուսի նկատմամբ անտարբեր լինի` կստացվի, որ մարդ չի մնացել….Նույն դատարկությունը կդառնա էլի…. մյուս կողմից էլ, եթե երևանցինեը քաղաքում չլինեին` դա էլ էն չի…. նկատի ունեմ` մարդիկ կան, բայց քաղաքն արդեն չկա…

Լավ, երևակայությունս մի կողմ դնեմ ու հիանամ թե Երևանով, թե իր բնակիչներով, քանի դեռ երազս չի ավարտվել:

Խանջյանով դուրս եկա Ամիրյան: Շատ եմ սիրում Ամիրյանով անցնել, բայց այ քեզ բան` քաղաքի կենտրոնում էլ «Գել ու շուն» կա…. հասնում են մարդու վրա, որ հոշոտեն…. ի՞նչ վատ բան եմ արել, ման եմ գալիս էլի իմ հարազատ քաղաքում: Հիշեցի երկրորդ գիշերը սարերում: Մութ գիշեր էր, քնելու մասին խոսք լինել չէր կարող: Պայուսակիցս մի կտոր բան հանեցի որ ուտեմ: Մեկ էլ հանկարծ 4 հատ մեծ շներ հայտնվեցին, կատաղած աչքերով նայում էին վրաս ու գռմռում: Ամեն մեկի դեմը մի կտոր իմ ուտելիքից գցեցի: Եղածը մի բան չէր, միանգամից կուլ տվեցին, բայց կանգնած էլի նայում էին ձեռքիս: Հանգիստ սկսեցի հացս ուտել: Սրանք շրջվեցին ու գնացին: Մտածեցի, որ էս կատաղած շները, որոշ երկու ոտանի արարածներից էլ խելացի են գիտեն, որ մարդուց վերջինը վերցնել չի կարելի: Հանգիստ թողեք էլի ես ժողովրդին:

Քաղաքն էլ հանգիստ թողեք: Երևանը մի սիրուն ծաղիկ ա: ինչքան էլ ծաղկամանը զարդարեք , թանկարժեք քարեր կպցնեք` մեկ ա կարևորը ծաղիկն ա: Ծաղիկի մեջ կյանք կա, իսկ ամենաթանկարժեք քարը` մեկ ա քար ա մնում: Ինձ էլ թողեք` հանգիստ գնամ, ծնողներիս, եղբորս գրկեմ, համբյուրեմ, սիրածս ախչկան , բոլոր հարազատներիս, ընկերներիս: Ինձ որ սպանեք` ո՞վ ա շահում:

Թե՞ Եվրոպաները պետք ա ստիպեն, որ մարդ դառնաք, քաղաքակիրթ լինեք…. Մեզ, մեր տան մեջ սովորոցնում են թե ոնց ապրենք: Է՜, ճիշտ են անում: Ցավում եմ, բայց դե որ ճիշտն ու սխալը իրարից չէք տարբերում… տո արի ու մի ասա. լավ էլ տարբերում եք, ուղղակի, կներեք, բայց պետք ա ասեմ` ձեզ էշի տեղ եք դրել: Նեղանում էք նեղացեք: Ձեր գործն ա: Ես կորցնելու բան չունեմ:

Երբ «գերեզմանում» էի կաթողիկոսին մի նամակ գրեցի: Քահանա այցելեց ինձ ու ասաց. «Մինչև քո մոտ գալը, գնացի նրա մոտ ով որ քեզ այստեղ է ուղարկել` մահվան դուռը, բայց զրույց տեղի չունեցավ, նա հենց ինձ տեսավ քահանայի հագուստով, ասաց՜ ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն»: Դե դա իրա իրավունքն ա, մենք իրան բան չենք կարող ասել: Իսկ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում (և այլն…): Մենք քեզ չենք կարող օգնել, որ «Գերեզմանից» դուրս գաս»:

Դե էտ անհավատ մարդասպանը շուտով հասարակություն կվերադառնա, իսկ իմ երազս նորից վերջացավ, այս անգամ Ամիրյանի վրա: Շատ ափսոս: Լավ երազ էր:

Երկու խոսքով էլ այն մտքի մասին, որ ինձ հանգիստ չէր տալիս Գեղարդում, վանքի մոտ: Անշունչ տեղից, ոտքով եկա հասա մինչև «Հեթանոսական քաղաքակրթություն»: «Մերկ» և «քաղցած» էի: Հետո արդեն մեքենայով շարժվեցի դեպի «քրիստոնեական քաղաքակրթություն»: «Հագնված» և «կուշտ» էի: Այստեղ է վերջանում մեր` մարդկանց քաղաքակրթությունը: Առայժմ այստեղ ճանապարհը ավարտվում է …

Բայց մարդիկ միշտ էլ իրենք են իրենց ձեռքերով նոր ճանապարհներ կառուցում….. Պետք է շարունակենք ճանապարհը…. դա է միակ ուղին, որ երբեք այլևս հետ չվերադառնանք…

––––––––––––––––––––

Մհերի “Իրական պատմությունը” ներկայացված է “Ինքնագիր” գրական մրցանակին

Կարդացեք այստեղ Վահան Իշխանյանի նյութը Մհերի, քրեական գործի ու նախապատմության մասին։

Այստեղ կարդացեք Մհերի երկրորդ փախուստն ու նախպատմությունը լրագրողական տեսանկյունից։

Այստեղ կարդացեք Մհերի նամակը՝ հրապարակված է “Առավոտ” օրաթերում։

Այստեղ կարդացեք ֆորումային քննարկումը այս թեմայով։