Tags

Ես սիրում եմ
լքված ու կիսաքանդ շինություններ,
որտեղ ապրել են լրիվ անկարևոր մարդիկ,
սրտաճմլիկ բաժանումներ,
հոկտեմբերի վերջին շաբաթը,
գլխավոր պողոտայի վրա աննպատակ աճող,
բայց պարտաճանաչորեն բերրի կաղնիները,
պոեզիա,
կենսաբանության դասատուներին,
կարմիր լոբով ապուր,
Մարքսի «Կապիտալի» հոտը և
ռետրո բեղերով պապիս սև–սպիտակ անցյալը,
առաջին իսկ գողության վրա բռնվողներին,
պառավ ամուսինների մանրախնդիր
և ինքնանպատակ վեճերը,
կակտուսներ,
մարմնավաճառների շաբլոն պատմությունները
«մինչ և հետո» ձևաչափով,
ծիծեռնակների գալու հաջորդ երկու օրերը,
շաաատ հեռավոր բարեկամներիս,
վերջին հազարանոցի առաջին 500–ը,
քննարկումներ Աստծո գոյության և աշխարհի վերջի շուրջ,
պառաված օրիորդների անփորձ ակնարկներն
ու ողբերգական հպարտությունը,
հոնի արաղ,
անցանկալի մազածածկույթի դեմ
կանանց պայքարի լրջությունը,
սնափառությունից ուշաթափվելու վրա
մարդկանց բռնացնելը,
ընդհանրապես ինչ–որ «մեղսագործման« վրա
բռնացնելն ու չմատնելը,
ձևի համար հավաքված գրադարանները,
աշխարհը մայրիշխանության ժամանակներում
պատկերացնելը,
բալոտ շրթունքներ, բալի հետ կապված ամեն ինչ,
տատիս տեսակ–տեսակ կանաչիների բոստանը,
ժայռապատկերներ,
հորինովի պատմություններ՝
հատկապես այն, որ ծնվել եմ 11–րդ ամսում,
իսկ 13 տարեկանում 2 մետր փոս եմ փորել՝
դինոզավրի կմախք գտնելու հույսով,
պեղումներ,
որոշ տեսակի կանանց և մի քանի տղամարդու,
բանալիների խրձեր, կանաչ խնձոր,
Վանա լիճը,
«բարուրաշոր» և «հոգեթել» բառերը,
երիտասարդ մայրիկների թթվածնով հարուստ
հասունությունը,
Է տառը,
իսկ ամենաշատը՝
պոեզիան ավարտելու
3–ից մինչև 18–րդ րոպեները։

Կարեն Անտաշյան /իմ տենդենցիոզ ընկեր/ Էս էլ իր կայքը։