Tags

, , ,

Armenian_bloggersՀայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել 2007թ խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը,  երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։  Ապա 2008թ մարտի 1–ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։

Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։

«Բլոգային» միջոցառումներ

2009–ի ապրիլին համացայցային էնտուզիաստների ուժերով կազմակերպված «ԲարՔեմփ Երևան 2009» իրական կյանքում հանդիպելու հնարավորություն ընձեռեց ավելի քան 400 բլոգերների, լրագրողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների։ Մինչ այդ բլոգների մասին լրատվամիջոցներում տպվող սակավ հրապարակումների շրջանին հաջորդելու եկավ ակտիվ անդրադարձի շրջանը, ընդ որում նաև ռադիո և հեռուստանյութերի տեսքով։

Ապա հայկական բովանդակության ինտերնետը նաև ակադեմիական բովանդակությամբ լցնելու և տարբեր ոլորտի մասնագետներին «նորաձև» համարվող բլոգինգի դաշտ բերելու նպատակով նախաձեռնվեցին «Ակադեմիական եւ Պրոֆեսիոնալ Բլոգինգի Ամառային Դասընթացներ»–ի 6 անուն դասընթացները,  Արդյունքը thearmenia.com համահեղինակային ֆորմատի բլոգը եղավ։

Ի դեպ, դասընթացային ֆորմատով 2009–ի դեկտեմբերին նաև «Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» Ծաղկաձորյան հանդիպումը տեղի ունեցավ։ Տարատեսակ հանդիպում–քննարկումներ տեղի ունեցան նաև Հայաստանում Բրիտանական խորհրդի /Բրիտանացի հայտնի քաղաքական բլոգեր/ , ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան և «Ամերիկյան անկյուն Երևանում»/ գրասենյակի նախաձեռնությամբ /բլոգների մասին սեմինար լրագրության ուսանողների համար/ Իսկ ահա տարեվերջում արդեն «Նեո մեդիա»–ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպումը։

Հայկական բլոգների «կատալոգներ»

Տարեսկզբին մոտավոր հաշվարկներով արդեն 3000–3500–ի հասնող հայկական բլոգների մասին ընդհանրական ինֆորմացիա հավաքելու առաջին փորձերն արվեցին, ապա թարմացվեցին նախկին բլոգային ցանկերը։
Armeniapedia-ի հայկական օն–լայն բլոգների ցանկի, Armenianforums–ի հայկական բլոգներ և հայկական «լայֆջորնալի»–ի բլոգային ցանկերին, ինչպես նաև Ditord–ի հայկական բովանդակության հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն բլոգների ցանկ–ին  ավելացան նորերը։

Հայկական բլոգներում «ով–ով է» հանրագիտարանային ցանկի կազմման գործը ստանձնեց Kornelij–ը։ Նույն թեմատիկայով բացվեց նաև նոր կայք՝ Հայկական բլոգների հանգույցը,  որտեղ իրենց բլոգները, ինչպես նաև միկրոբլոգներն ու սոցիալական ցանցերում խմբերը գրանցելու հնարավորություն ստացան բոլոր բլոգերները։ Նշենք, ի դեպ, որ ներկայումս գործում է նաև armfeeds Հայկական բլոգների ագրեգատոր համակարգը։  Բլոգների ցանկերն ավելացան նաև շատ բլոգներում, օրինակ՝ «7օր բլոգ»–ում. /տե՛ս «Հայկական բլոգներ» հատվածը/:

Լրատվամիջոցներ–բլոգներ հարաբերությունները

2009–ին բլոգերները պարբերաբար հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ընդ որում, հաճախ որպես նոր, «էկզոտիկ» երևույթ, որի մասին հետաքրքիր է գրել։ Սակայն բլոգերները լրատվամիջոցների էջերում հայտնվում էին նաև «հավաքական» ակտիվության և հասարակական–քաղաքական զարգացումներին դիրքորոշում արտահայտելու համատեքստում։ Այսպես, օրինակ, «Այսօր»–ը հրապարակեց «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ. Հայ բլոգոսֆերան պահանջում է» իսկ «Առավոտ»–ը՝ «Բլոգերները հիմնականում դեմ են հայ–թուրքական գործընթացին» հոդվածները։

Լրատվամիջոցներում բլոգային թեմային անդրադարձ լինում էր նաև արտասահմանյան բլոգային իրադարձությունների համատեքստում, ինչպես, օրինակ, «Կուբայի իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի երկրի ամենաճանաչված բլոգ» Tert.am–ի հոդվածը  կամ «Ադրբեջան. քաղաքական դրդապատճառ բլոգերների «գործում»» Panorama.am -ի նյութը
Լրատվամիջոցներում լինում էին նաև հրապարակումներ լրագրող–բլոգեր մասնագիտությունների մրցակցության կամ համագործակցության մասին, ինչպես «Cjteam» հայկական ծագման հարավկովկասյան լրագրողների թիմի կայքում։ Շարունակվում էին հրապարակումները նաև բլոգերների և բլոգներից դուրս եկած ինֆորմացիայի վստահելիության թեմայով, ինչպես, օրինակ, «Հետք»–ի «Ասա որն է բլոգդ, ասեմ` ով ես դու» հրապարակումը

Հատկանշական է, որ լրատվական դաշտում 2009–ին շրջանառված երկու սկանդալային հրապարակումները հենց բլոգների կողմից էին վեր հանվել ու լրատվամիջոցների կողմից պաշտոնական աղբյուրներում հաստատում կամ հերքում ստացել։ Խոսքը «Խոշտանգվող ավանակի և առյուծի ձագերի մասին» պատմության և Հրանտ Թոխատյանի ու Ալբերտ Ազարյանի մասնակցությամբ հայտնի տեսաերիզի պատմության մասին է: Առաջին դեպքում «Armenianow»–ն հապատասխան, որպես ինֆորմացված աղբյուրներ, բլոգներին «խոսեցրեց», երկրորդ դեպքում նաև ասուլիս հրավիրելու և հերքելու անհրաժեշտություն եղավ։

Կարևոր է նշել, որ «ավանդական լրատվամիջոց–բլոգ» ասպարեզում 2009–ը նշանավորվեց հայկական օն–լայն տիրույթում գործող մի քանի լրատվամիջոցների պաշտոնական բլոգների գործարկմամբ ու արդեն գործողներում էլ՝ փոփոխություններով։

2009-ի մայիսից սկեց գործել «Ռադիո Վան» ռադիոկայանի բլոգը։  7or.am–ի բլոգը պաշտոնապես գործարկվեց 2009–ի հուլիս ամսից։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը երկու բլոգ թողարկեց՝ «Footprints» անգլալեզու բլոգը՝ 2009թ մայիսից  և «ԵրիտաՍԱՐԴ»–ը՝ 2009–ի հուլիսից։ Աշնանը՝ սեպտեմբերին, արդեն «Բանաձև»–ը թողարկեց իր բլոգը։ Նշենք, որ մինչ այդ գործող լրատվամիջոցների բլոգներից tert.am–ի 5 բլոգները նվազեցին ի հաշիվ սպորտային բլոգի, իսկ «Ա1+»–ի բլոգում թարմացումների ակտիվությունը նվազեց՝ այնուամենայնիվ, պահպանելով մեկնաբանողների հոծ զանգվածը։

Նոր, թեմատիկ բլոգներ… Հայկական բլոգներ ամեն ինչի մասին… Ամենուր…

Միանգամից անցնելով թվարկումի ժանրին՝ նշենք, որ 2009–ը հայկական՝ քաղաքականացված բլոգային տիրույթում նոր բազմազան և տեխնիկական առումով բազմաֆունկցիոնալ բլոգների գործարկման ակտիվ տարի էր։

Քաղաքական բլոգներ.

Ընդդիմադիր ՀԱԿ–ական բլոգներին, որոնք 2008–ից արդեն ակդտիվ էին, օրինակ՝«Հիմա» բլոգ միացան նաև իշխանական թևի բլոգային ակտիվիստները։ Մասնավորապես Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ ստեղծվեց ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանի բլոգը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բլոգը Հարկ ենք համարում հիշատակել քաղաքական մի գործիչների 2009–ին գործարկված անհատական բլոգները, որոնք բավականին հետաքրքիր են.  քաղաքագետ Արմեն Աղայանի բլոգը, ընդդիմադիր գործիչ Սուրեն Սուրենյանցի բլոգը, ՀՅԴ գործիչ Գիրո Մանոյանի բլոգը,  ՀԱԿ–ական գործիչ Կարապետ Ռուբինյանի բլոգը։

Ի դեպ, քաղաքական գործիչների բլոգներից, որոնք հատկապես ակտուալ էին 2008թ նախագահական ընտրությունների շրջանում /Լևոն Տեր–Պետրոսյանի levonpresident կայքի բլոգը/ ներկայումս «Unknown User»–ի կարգավիճակում է բացվել նախագահ Սերժ Սարգսյանի բլոգը, որը միայն մեկ գրառում ունեցավ և ընթերցողներից հարցեր ընդունեց։

Գրական և «արվեստի» բլոգներ.

2009–ի առատ էր նաև գրական բլոգներով։ Ակտիվության ցուցաբերեց «armenian-poetry» բլոգը պարբերական թարմացմամբ։ Ապա բացվեցին «Անկախ» նորաբաց պարբերականի հիման վրա գործարկվեցին «Ինքնագիր» գրական բլոգը։ Տարեվերջին բացվեց նաև «Գրանիշ» գրական բլոգը։ Գրական բլոգների մասին հիշատակումների համատեքստում հետաքրքիր է նշել Դորիանի «Հոգու մերկապար» բլոգը, որի հեղինակի ով լինելն ու գրական գործերը մի շարք սկանդալային պատմություններով ուղեկցվեցին։ 2009–ի հետաքրքիր գրական բլոգներից էին նաև «Շահվերդյան եղբայրների բլոգը» ու ժամանակակից գրող Գնել Խաչատրյանի բլոգը։

Իսկ «արվեստ» նեղ իմաստով թեմատիկայի համատեքստում հետաքրքիր էին arartplatform նախագծի բլոգն ու  «Армянское современное искусство» ռուսալեզու բլոգը։

Ուսանողական–ակադեմիական բլոգներ.

Ակադեմիական բլոգների զարգացման գործում մեծ էին ARMACAD–ի ջանքերը և թեև ոչ այնքան ակտիվ, բայց 2009–ին նշանակալի էր հենց «Արմակադ» բլոգը։ Ապա հայ իրականության կրթական–ուսանողական խնդիրների մասին ակտիվորեն գրում էր «Հայաստան Երկիր» բլոգը։ Ուսանողական–ակադեմիականի համատեքստում 2009–ի ազդեցիկներից էր «Ուսանողական շարժումը Հայաստանում» նախաձեռնության բլոգը, որը գործարկվեց 2009–ի մարտից և ամիսներ անց արդեն 1000–ից անցնող աջակիցներ ձեռք բերեց։

2009–ին ակտիվ էին Հայաստանյան տարբեր բուհերի առանձին ֆակուլտետներ ու ֆորմալ կամ ոչ ֆորմալ կառույցներ։ Այսպես տարվա խոստումնալից բլոգներից էր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական Խորհրդի համահեղինակային ֆորմատի բլոգը։ Ստեղծվեց նաև ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգը,  որը բավականին ջերմ ընդունվեց։ Այսպես, ստեղծվեց նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բլոգը։ 2009–ին ակտիվորեն գործում էր նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցի նորասետղծ բլոգը ինչպես նաև ակտիվ էին տարբեր մարզերի անհատ ուսանողներ, ինչպես օրինակ գյումրեցի ուսանող Լուսինե Բարսեղյանը իր բլոգում։

«Էքսպերտ» կամ խիստ թեմատիկ բլոգներ.

Տարվա ընթացքում թողարկվեցին և ճանաչում ձեռք բերեցին մի շարք թեմատիկ նաև տեխնիկական առումով նոր ժանրի բլոգներ։ «Ժանրային» նոր բլոգներից Գործարկվեց «Հայկական վիդեոբլոգ»,  «Լուսանկարներ Հայաստանից» բլոգները։

Նորաձևության և ոճի առումով իսկական հայտնություն էին հայերեն–անգլերեն Styleblog–ն ու լատինատառ Fashionblog–ը։ Ի դեպ, լատինատառ բլոգներից իրենց հաջողություններն էին շարունակում 2009թ–ի հուլիսից kamoblog–ն ու paparazzi–ի բլոգը։

Կարճ ժամանակում հասցրեց բոլորի կողմից սիրվել և պոպուլյար դառնալ armcomedy–ի բլոգը։ Փորձագիտականների շարքում հետաքրքիր էին Առաջին հայկական պրոֆեսիոնալ բժշկական բլոգը,  «Հաշվապահ» բլոգը,  Լուսինե Նալբանդյանի «Մարկետինգ» բլոգը։

2009–ի ընթացքում հանրագիտարանային լինելու հավակնություններ ձեռք բերեց «Unzipped: Gay Armenia» բլոգը։  Հետաքրքիր էր նաև Հիմալայան Յոգայի մասին բլոգը։  Հասարակական գիտությունների բլոգներից էին թուրքագետ Արտակ Շաքարյանի բլոգը,  Խոհափիլիսոփայական ներաշխարհ բլոգը,  «Հայոց Պատմություն» բլոգը։  Ջավախքում տեղի ունեցող զարգացումների մասին ակտիվորեն տեղեկացնում էր Ջավախք բլոգը։

Վերջաբանի փոխարեն

Հայաստանի հեռավոր գյուղերի երիտասարդները իրենց թանկարժեք հեռախոսների բազմաթիվ ֆունկցիաների մասին գուցե այպես էլ չիմանային եւ բազմաթիվ հայ ընտանիքներում համակարգիչը երևի անհրաժեշտություն չէր դառնա, եթե չլիներ Odnoklassniki.ru կամ նման սոցիալական ցանցերը։ Ու գուցե այդ պատճառով 2007–ի վիճակագրությունը Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվի մասին, որը կազմում է 172 800 (բնակչության 5.9 տոկոսը) կրկնակի աճեց, իսկ Երևանի պարագայում հավակնեց հասնել բնակչության թվաքանակի կեսին։
Ու ինտերնետային ֆորումներին փոխարինելու եկած բլոգերը իրենք էլ ենթարկվեցին “սոցիալականացմանը”`առաջացնելով բլոգային համայնքներ, զարագացելով «ինտերնետ մարկետինգ»–ն ու ապահովելով դաշտի զարգացումը։ Այլևս սոցիալականացվեցին նաև օն–լայն լրատվամիջոցները՝ միաժամանակ ենթարկվելով «YouTube» վիդեոնյութերի, «Twitter» կարճ լրատվության կամ «Facebook» սոցիալական ցանցում ներկայացվածության «օրվա հրամայականին»՝ ուղղակիորեն ազդելով «բլոգինգի» զարգացմանը, ինչը, ի դեպ, մենք հավկաված ենք «սոցիալական մեդիա» ընդհանուր տիրույթում դիտարկելու և չառանձնացնելու «user generated» բովանդակության ցանկացած կայքից։

Մենք հավատում ենք, որ 2010–ը կլինի օն–լայն զարգացումների կրկնակի արդյունավետ տարի և «օն–լայն դեմոկրատիան» կմտնի նաև հայկական «օֆֆ–լայն իրականություն»։

Անկեղծորեն ձեր՝ Շուշան Հարությունյան

Օրիգինալը՝ 7օր Բլոգ-ում և կայքում