Tags

, , , , ,

Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու 5-րդ մասիվի կամուրջից ներքև էի թքում… Համ էլ ես փոքր ժամանակ “յուբկա բարձրացնոցի” ու “շալվար իջացնոցի” էի խաղում… Համ էլ ես փոքր ժամանակ երազում էի հավաքարար դառնալ, մաքրել ամբողջ աշխարհը, ու “ցրում” էի տան ավելները… Համ էլ ես փոքր ժամանակ քարերով լարում էի կողքի շենքի տղաներին ու Սեթոյի “բախչայից” “մալինա” գողանում… Համ էլ ես փոքր ժամանակ ուզում էի մեր բակում շուն ունենայինք, իսկ մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյան միշտ քշում էր բոլոր շներին ու մի օր, երբ ինքը իր հողաթափերը թողել էր տան դռան շեմին, ես ու Մարջիկը “սավոկով” շան քաք բերեցինք ու դրեցինք իր հողաթափերին…

Համ էլ ես փոքր ժամանակ “իմպրտնի” խաղալիքների ունեի, իջացնում էի բակ` “տուն-տունիկ” խաղալու ու բակի երեխեքը “վրիցս թռցնում էին” դրանք… Համ էլ ես փոքր ժամանակ միշտ գտնում էի տատիի պահած շոկոլադները ու իջեցնում բակի երեխեքին… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ տանը մենակ էի մնում, գետնին էի գցում մահճակալների “մատրասները” ու երեխեքի հետ վրան թռվռում էինք, իսկ մի օր մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայենց “խռուստալի լուստրայի” հատիկներից ընկել կոտրվել էին մեր թռվռոցից ու հետո մաման թանգ-թանգ առավ տվեց, որ վրաներս կռիվ չգա…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պապիի սենյակը ու երբ ինքը գրում էր կամ նկարում, ես միշտ մատներս յուղաներկի մեջ էի խոթում ու տպիչ մեքենայի “վինտերը” թուլացնում… Համ էլ ես փոքր ժամանակ անընդհատ փող էի ուզում մամայից ու երբ ինքը ջղայնանում էր, թե հո փող չեմ տպում, ասում էի` բա պապին էն ի՞նչ ա անում… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ պապին էլ չկար, բայց ես փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ ու պապիի անտիպ գործերը հրատարակել… Համ էլ ես փոքր ժամանակ հովհարային անջատումների 90-ականներին էի փոքր ու երբ լույսերը “գնում էին”, թաքնվում էի մահճակալների տակ ու տանեցիքի ոտներից բռնում…

Համ էլ ես փոքր ժամանակ “Գտնված երազն” էի սիրում, մեկ էլ “Իքս ֆայլս”-ը ու էդ ֆիլմից հետո երազում էի տիեզերագնաց դառնալ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, “Ֆորեսթ Գամփ” –ը տեսա, նորից սկսեցի երազել աշխարհը մաքրելու մասին ու որոշել էի ավելով վազել ամբողջ աշխարհը… Համ էլ ես փոքր ժամանակ երգչախմբում “հորովել” էի երգում ու դաշնամուրի էի գնում, բայց երբ դաշնամուրի դասատուն մի օր հասկացավ, որ ես իր նվագածի հիշողությամբ եմ երաժշտությունը “հանում”, նոտաներին չեմ էլ նայում, հրաժարվեց նվագել ու էդ օրը երեկոյան ես տանը հայտարարեցի, որ դաշնամուրի էլ չեմ գնում ու իմ կյանքը ես եմ տնօրինում…

Համ էլ ես փոքր ժամանակ միշտ երազում էի գյուղ ունենալ ու մի անգամ, երբ մեր հեռու բարեկամի տուն հյուր գնացինք գյուղ, առաջին անգամ կնայքումս նախիր տեսա, ահավոր վախեցա, համ էլ գյուղացի երեխեքը համոզել, եսիմինչ գազարագույն բույս էին կերցրել… վախից ու լուծից քանի օր չքնեցի, ու էլ չէի երազում գյուղի մասին… Համ էլ ես փոքր ժամանակ “Օրուել”-ի “1984”-ն էի թռցրել պապիի գրադարանից ու կարդացել, բայց բան չէի հասկացել ու տպավորվել էր մեջս մենակ էն սեքս անելու դրվագը, երբ Օրուելը գրում է. “էտը բիլ նե պալավոյ ակտ, էտը բիլ պալետիչսկի ակտ” ու ես կարծում էի` բոլոր տիպի սեքսերը աշխարհում քաղաքական են…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում ամպ նկարել ու մի օր կապույտ ջրաներկոտ ջուրը թափեցի պատուհանից դուրս` մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայի լվազքին, ու ինքը մեր վրա կռիվ եկավ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ երեխեքով հոգի էինք կանչում, ապսեն միտումնավոր շարժում էի, ու երեխեքը հավատում էին, թե հոգին եկել ա… /երեխեք, կներեք “ժուլիկությանս” համար/… Համ էլ ես փոքր ժամանակ շենքի երեխեքի մոտ գլուխ գովացի, թե կարող եմ 10-րդ, էն վերջին աստիճանից թռնել ու իսկականից թռա, բայց ընկա, ոտքս կոտրվեց, գիպսով պարկած մնացի ամսի ու կես, դպրոց չգնացի…

Համ էլ ես փոքր ժամանակ դպրոցում բոլոր հանդեսներին, երգում, պարում կամ արտասանում էի, միշտ սիրուն հանդեսի շորեր էի հագնում ու ինձ սիրում էր մեր դպրոցի Գառնիկը, բայց ինձ ռազմագիտության դասատուն էր դուր գալիս… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, դակիչով թղթերը կլոր-կլոր դակում էի ու տանում 5-րդ մասիվի կամուրջից /էն որ թքում էի/, ներքև թռցնում… Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու ինչ արել եմ, լավ եմ արել🙂