Tags

, , , , ,

festival_of_books

Գրական վարժանքը սկսվում է առավոտ կանուխ: 19 ամյա այս պատանին վազելով իջնում է Երեւանի Կասկադի աստիճանների ամենավերեւից, ինչ-որ բառեր գոռում ողջ ընթացքում ու ձայնագրում: Ներքեւում արդեն դրանք վերծանում է բջջայինում եւ ստացվածը sms-ով ուղղարկում ընկերուհուն: Արտաքինից ոչ մի արտառոց նշաններով իր հասակակիցներից չտարբերվող այս պատանին իրեն “բանավոր գրող” է համարում եւ նշում է, որ այս արտահայտությունը հասկանալու համար պարզապես իրեն պետք է նայել: Ապագա ծրագրավորող Արեգը գրականություն առհասարակ չի կարդում եւ ասում է, որ ատում է գրքերը:

“Պարտադիր չէ իմանաս, թե քեզանից առաջ ով ինչ է գրել: Հենց դա է կաղապարված մտածողության բերում: Ջնջում ես ամեն ինչ ու մարդկությանը սկսում ճանաչել սկզբից. սիրուն հայհոյելու արվեստ ստեղծում, ընկնում առաջին պատահած մեքենայի տակ, հավաքածդ գումարով Nokia-ի վերջին մոդելի հեռախոսն առնում ու ջարդում ընկերներիդ առաջ: Սա է կենադնի գրականությունը, մարդն է գրականությունը”,-ասում է Արեգը: Նա նշում է, որ “գրող” բառը եւ վերջինիս` իր համար ընդունելի կոնցեպցիան իրեն շատ է դուր գալիս եւ ինքը փորձում է գիշերները ինտերնետում լուսացնելով դրա նոր մոտեցումը քարոզել:

Երեւանի Աբովյան փողոցի “Art-bridge” գրախանութ-սրճարանում պետհամալսարանի մի խումբ սփյուռքահայ եւ տեղացի ուսանողներ գրականության ու արվեստի այլ տեսակի մասին են խոսում: Համացանցից քաշված եւ տպված թղթերը փոխանակելով` նրանք օն-լայն թերթերի, հասարակական համացանցերի անդամների նոթերի, ֆորումների ու բլոգերի բաց տեսարաններով տեքստերն են քննարկում, եւ ժամանակից գրականության սահմանը գծում այս նյութերից:

“Գրականությունը համարձակություն է: Ձեւը պահպանելու համար գրված ամեն մի էշություն դա արվեստ չէ: Գրականությունը հասարակությանը հուզող, հասարակության համար հետաքրքիր նյութն է` ամեն անհատ գրողի սեփական հայացքով: Եթե մեզ մոտ համատարած անբավարարվածություն է տիրում, սեքսի մասին ոստանավորը հենց հուզող թեմա է, ուրեմն` հաջողված գրական արվեստ”,-կարծում է սոցոլոգիայի մագիստրոս Սոնան: Նա նշում է, որ ինքն ու իր ընկերները բացառապես մասնագիտական գրականություն են առնում, չնայած գրախանութներում նոր կազմեր ու բազաթիվ նոր հեղինակների անուններ են նկատում վերջին շրջանում:

Այսօր Հայաստանում 70-ից ավել հրատարակչություններ ու տասնյակ տպարաններ են գործում, իսկ վերջին երկու տարիների` 2006-2008 թվականների վիճակագրությունը գրահրատարակչության ոլորտում կազմում է տարեկան 1500-ից ավել անուն գիրք եւ այս ցուցանիշը գերազանցում է Սովետական Հայաստանի օրոք տպագրվող գրքերի տարեկան թվին: Արդեն 6-րդ տարին անընդմեջ տարեկան շուրջ 135 մլն դրամ բյուջեից դոտացիա է տրվում գրահրատարակչությանը եւ 250-300 գիրքերը այս ցուցակից տպագրում է պետպատվերով եւ հրատարակվող գրքերի մոտ 85 տոկոսը ժամանակակից գրականություն է: Այս գրքրեը վաճառվում են Երեւանի ընդհամենը 6 եւ մարզային 2-3 գրախանութներում ու ինչպես մեզ վստահեցրին գրախանութներում, գրքերը հաճախ հետ են ուղղարկվում հրատարակչություններ` պահանջարկ չունենալու պատճառով: Շատ խանութներն էլ առհասարակ չեն ստանում ժամանակակից հայ հեղինակների գրքերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարծում է, որ այսօր հայ գրականությունը շատ ներկայանալի է եւ պոեզիայի, եւ արձակի, եւ թատեգրության ժանրերում եւ վերջիններս ոչ միայն չեն զիջում, այլեւ մրցունակ են համաշխարհային գրականության հետ: Նա նշում է, որ 90-ականների ճգնաժամը հաղթահարված է համարում եւ դրա պարզ ցուցիչը գրահրատարակության “թվերն են”:

“Իմ խաչը ծանր է, ես որպես գրողների միության նախագահ եթե սկսեմ անուններ տալ, դա դատավոր լինելու պատասխանատվություն վերցնել կնշանակի: Միայն կարող եմ ասել, որ առանձնացող դեմքեր կան եւ հայ գրական ավանդության կրողներ”,-ասում է Լեւոն Անանյանը, ում ղեկավարած միությունը 400 անդամ ունի եւ ավելի քան 10 անուն գրական հանդեսներ է տպում:

“Այսօր գրամոլներն էլ բավական շատ եւ նրանք միշտ էլ խճողում են գրական դաշտի չափանիշները: Հիմա ամեն ինչ կարող ես տպագրել. քո քնարական զեղումները, պապիդ հուշերը: Ու այս ամենից չպետք է վախենալ: Դա կմարի, կայուն արժեքը կհաստատվի իր տեղում եւ այստեղ մեծ տեղ ունի գրական մամուլն ու գրաքննադատությունը”,-ասում է Լեւոն Անանյանը եւ ցավով նշում, որ այսօր հայ գրաքննադատների բանակը գերադասում է դասականների ստեղծագործությունների վրա աշխատել` “անշառ, անաղմուկ միջավայրում”:

Գրական ազատության մասին այլ պատկերացումներ ունի գրող Մարինե Պետրոսանը: Իր գրական գործերը “Ինքնագիր” հանդեսում տպող Մարինեն նշում է, որ “Ինքնագրում” եւ դրա շուրջ ստեղծվող որոշակի տարածքում կամ մի ազատություն, որը օրինակ` Ֆրանսիայի գրական տարածքներում չկա:

“Երբ իմ բանաստեղծությունները թարգմանվում էին, ես նկատում էի, որ թարգմանիչները սեղմում էին, լեզվի առումով սահմանափակում էին գործերս, ապա շփումս այդ շրջանակների հետ հաստատեցին համոզումս”,-ասում է Մարինե Պետրոսյանը: Նա նշում է, որ “Ինքնագիրը” գրականության սահմանման ոչ մի չափորոշիչ չի դնում եւ արվեստը հայացք է դառնում, իրերին նայում ես որպես արվեստ:

“Որպես կին շատ դժվար է Հայաստանում, հաճախ քեզ զգացնել են տալիս, որ այստեղից այն կողմ չի կարելի: Բայց որպես արվեստագետ` ոչինչ չի խանգարում: Իմ անձնական կյանքը բացարձակ կարգավորված չէ, բայց դա արվեստագետի համար գուցե լավ է. որպես գրող քո միջի “մարդու” հաշվին ես հաստատվում”,-ասում է միշտ բերետ ու ակնոցներ կրող Մարինեն: Նա արդեն 2-րդ տարին է, ինչ ընդդիմադիր թերթերից մեկում սյունակ է վարում եւ իր բնորոշմամբ եւ իր գործերը գրում է բացառապես քաղաքական զարգացումների ու իրական դեպքերի մասին: “Քաղաքականությունն էլ կարելի է ու պետք է գրականություն բերել, այսօր դա ռեալ է”,-ասում է հեղինակը:

Գրող, լրագրող Վահան Իշխանյանը իր կնոջ՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի հետ ստեղծել են “Ինքնագիր” գրական ակումբն ու “Ինքնագիր” հանդեսը, որի 2-րդ համարը գրախանութները չընդունեցին` հանդեսի, ըստ գրախանութների տնօրենների, անընդունելի բառապաշարի պատճառով: Մինչ Ինքնագրի ծնունդը, Վիոլետ Գրիգորյանը գրող Վահրամ Մարտիրոսյանի հետ հրատարակում էին “Բնագիր” հանդեսը, որը 9 համար ունեցավ եւ բազմաթիվ սկանդալներ առաջացրեց։ 2002-ին Հայաստանի Գրողների Միության պլենումում գրականագիտության պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը հայտարարեց “Բնագրի” մասին` “Ազատ արվեստի քուրմերը չբարձրացան Պառնաս, այլ իջան փողոց` քանդելու բարոյական, գաղափարական, հոգեբանական բոլոր պատնեշները®”

“Գրողների միության շրջանակները ուզում են, որ իրենց պատկերացումներից դուրս եղած գրականությունը պարզապես չլինի: Նրանք հետեւում են, թե ինչ արտասովոր բան է տպվում, որ քննադատեն։ Իմ պատկերացմամբ, գրաքաննադատը պետք է հայտնաբերի գրական նոր երեւույթներ եւ ոչ թե դատապարտի, արգելու փորձեր անի”,-նշում է Վահան Իշխանյանը: Նա հիշեցնում է Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից մեկի հետ կապված միջադեպի մասին, երբ մի քանի գրողներ դիմել էին հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի նման գրականությունը արգելելու համար: Նաեւ ավելացնում է, որ այս միջադեպը նոր գրական մամուլ ստեղծելու պատճառներից մեկն էր/խմբ. ”Բնագիր”,”Ինքնագիր”/:

“Այսօր հասարակության մեջ իշխում է էսթետիկական բարոյական ամբողջատիրացնող դիկտատ, որին չենթարկվողների ստեղծագործությունը անընդունելի է համարվում։ Արվեստի այլ պատկերացման նկատմամբ հանդուրժող վերաբերմունքը քայլ է դեպի ժողովրդավարություն։ Հայաստանում, ցավոք, չկա այն։ Քանի դեռ ժողովրդավարության ինստիտուցիաները փխրուն են, գրաքննության վտանգը միշտ կախված է”,-կարծում է Վահան Իշխանյանը եւ վստահորեն շարունակում իր գործը: Այս օրերին նա “Ժամանակակից հայ գրականության անթոլոգիան” է պատրաստում տպագրության:

Տիկին Աիդան արդեն 28 տարի է գրադարանավար է աշխատում: Նա իր ամուսնու հետ ընթերցասրահում է ծանոթացել եւ ցավով նշում է, որ այժմ ընթերցանության ճգնաժամ է եւ գրադարան քիչ են այցելում: “Մենք ընթերցասրահներում էին սիրային նամակներ թողնում, սիրո խոսովանություն անելիս “Տերյան” էինք նվիրում: Հիմա երիտասարդները իրենց համակարգչից այն կողմ աշխարհ չեն տեսնում: Չէ, որ գիրք կարդալն ու նվիրելը այլ հաճույք է: Թող կարդան ինչ ուզում են, միայն կարդան”,-ասում է նա:

Ե.Գ. 2008 թվականից սկսած փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է հայտարարվել Գրողների միության կողմից:

Շուշան Հարությունյան

Բնօրինակը “168 ժամ” թերթի 2008-ի վերջին համարի հատուկ ներդիրում, որը պատրաստվել է IWPR-ի պատվերով հայ-ադրբեջանական համատեղ ծրագրի համար