Tags

, , , , , , , , , , ,

imgp0629

Ամեն առավոտ Երեւանի Ալեք Մանուկյան Մանուկյան 5 հասցեում գտնվող երկու սենյականոց գրասենյակում իր աշխատանքն է սկսում «Ռադիո ջազ»-ը (103,8fm) եւ ռադիոյի ջինգլների ձայն դերասան Արմեն Էլբակյանը արդեն 2-րդ տարին անընդմեջ ազդարարում է. «քաղաքը ջազ է լսում»։

Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 36-ամյա տնտեսագետ Գեւրգը, ով իր մեքենայում լսելով Արմեն Էլբակյանի խոսքերը, բարձրացում է ռադիոընդունիչի ձայնը, որ բոլորն իմանան` ինքը ջազ է լսում: Նա խոստովանում է, որ ոչ մի ջազ կատարողի անուն չգիտի, բայց հստակ գիտակցում է՝ ջազը Երեւանում ճաշակի ու կարողության ցուցիչ է ու պաշտոնի բարձրացումից հետո ինքն էլ կարող է իրեն թույլ տալ «նման ճոխություն»։

Երեւանի մեկ այլ անկյունում ամեն առավոտ համալսարանի դիմաց հավաքվում են Սեւակն ու իր ընկերները, որ ջազային ձայներիզներ փոխանակեն: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ Սեւակը պատմում է, որ ուսումնական թոշակից թոշակ ջազ ակումբներ է գնում` իր սիրած երաժշտությունը կենդանի վայելելու, իսկ մյուս օրերին ստիպված է լինում բավարարվել ջազային ձայներիզների ծովահենային տարբերակները լսելով։ Ասում է՝ մի ամբողջ կարողություն է պետք Երեւանում իսկական ջազին գոնե մոտ լինելու համար։

«Ջազային բումը» մայրաքաղաքում սկսվեց վերջին մի քանի տարիներին, երբ մեկը մյուսի հետեւից բացվեցին ջազ երաժշտության ակումբներ, ջազ փառատոնների անցկացվեցին։ Ջազ երաժշտություն լսելը նորաձեւ դարձրեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով երեկոները «Առագաստ» ջազային սրճարանում էր անցկացնում։

Իրականում հայաստանյան ջազի ավանդույթները սկսվել են դեռ 30-ականներին, երբ արդեն գործում էին ջազատիպ կատարումներով հանդես եկող խմբեր եւ երբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմ Այվազյանի ղեկավարությամբ ու Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ։ Ապա 50-60-ականների Սովետական Հայաստանում «բուրժուական երաժշտության» փառատոններ էին կազմակերպվում եւ համարյա բոլոր ուսումնական հաստատություններում փոքրիկ ջազային կոմբոներ էին գործում, ովքեր երեկոներին նվագում էին փակ ակումբներում։

«Ջազը մագնիսական նշանակություն ունի։ Բոլորը ցանկանում են մոտ լինել ջազին, սակայն իսկական ջազը միշտ «էլիտար» արվեստ է եղել»,-ասում է Հայաստանում ջազի վետերաններից թմբկահար Չիկոն` (Արմեն Թութունջյանը): Նա պատմում է, որ 60-ականներին, երբ ինքը ուղղակի սիրահարված էր այդ արվեստին, գրականության պակաս կար, եւ ձայնագրությունները դժվար էր գտնել: Այսօր, ըստ նրա, իսկական ջազ լսողներն են պակասում, իսկ ձայներիզները կան ՝ ինչքան ուզես։

«Մեզանում դեռ չկա ջազ լսելու կոլտուրան: Ջազ ակումբ են գալիս իրենց ցույց տալու համար. հեռախոսով են խոսում, բարձր ծամում են ու համբուրվում ջազային երաժշտության ներքո»,-ասում է ավանդական ջազ կատարող “Chiko & Friends” քառյակի հիմնադիրը՝ Չիկոն, եւ բացատրում, որ այս պատճառով նա հիմա ակումբներում չի նվագում:

Փոխարենը, արդեն տասը տարի է, ինչ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ջազի մասին հաղորդումներ է վարում եւ դասավանդում Երևանի պետական կոնսերվատորիայում։ Հայկական ջազի զարգացման գործում իր մեծ ներդրումի համար 2007-ին Չիկոյին շնորհվեց տարվա ամենակարեւոր երաժշտական իրադարձության՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հատուկ մրցանակը։

«Ես կարծում եմ՝ «ջազ»-ի տակ ներկայացվող ամեն ինչ չէ, որ ջազ է։ Ես ընդունում եմ ազգային տարրերով ջազը, եթե այն կոմպոզիտորական ձիրքով է արված, ինչը իր հերթին ընթադրում է, որ գերիշխելու է ջազը»,-ասում է Չիկոն։

Այսօր Հայաստանում ամենատարբեր ոճերի և ուղղությունների ջազային խմբեր են գործում, որոնցից առավել հայտնի են «Katuner» ջազ-ռոք սեպտետը, «Time Report» էթնո-ջազ կվինտետը, ֆյուժն «Art Voices»-ը։ Հայկական «բիգ-բենդներ»-ի ավանդույթները շարունակում են «Պետական ջազ նվագախումբը»՝ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանի հանրային հեռուստատեսության, ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։ «Մալխաս» ջազ ակումբում (Մալխասը/Լեւոն Մալխասյան/ հայտնի ինքնուս դաշնակահար է, ով իր ակումբն ունի) երիտասարդ ջազ խմբերն իրենց առաջին փորձերն անում։

Այս շարքում առանձնանում է Armenian Navy Band-ը, որն իր երաժշտության ավանգարդ ֆոլկ մոտեցմամբ հայտնի է լայն հասարակության շրջանում եւ որը 2006թ-ին BBC-ի «World Music Award» մրցույթում հաղթեց հանդիսատեսի համակրանքը անվանակարգում։ Navy Band-ի երաժիշտներից Նորայր Քարտաշյանը (դուդուկ, զուռնա է նվագում) ասում է, որ ջազը դասական հասկացություն է եւ գտնում է, որ հիմա դրան նմանակել այդքան էլ ճիշտ չէ, հանդիսատեսն այլ բան է պահանջում:

«Եթե գնամ մեր գյուղ եւ նվագեմ այն, ինչ այստեղ` ակումբում եմ նվագում, ինձ չեն հասկանա: Ու եթե այս ակումբում նվագեմ այն, ինչ ես սովորել եմ, այստեղ էլ էլի ինձ չեն հասկանա»,-ասում է Նորայրը եւ բացատրում է, որ իրենք բոլորը ջազից են ազդվել, բայց հիմա այլ բան են նվագում:

Նույն խմբի շեփորահար Տիգրան Սաչյանն էլ ասում է, որ իրենք Navy Band-ի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանի անձնական երաժշտությունն ու ոճն են նվագում, որը կոմերցիոն մաս ունի: Ըստ նրա` «երաժշտության մեջ կարեւորը երաժշտություն է»։

«Դժվար է գտնել սահմանագիծը երաժշտությունը ջազ եւ ոչ ջազ դարձնող, բայց օրինակ` Վահագն Հայրապետյանի տրիոից դասական ակումաբային ջազի սիգարի հոտն է գալիս»,-նշում է դուդուկահար Նորայրը:

Իր հերթին «Katuner» յոթյակի հիմնադիր դաշնակահար Վահագն Հայրապետյանը ջազային այլ ընկալումների մասին է խոսում։ Նա նշում է, որ «ջազ» ասելով պատկերացնում է սեւամորթներին եւ ընդհանրապես չի ընդունում «հայկական ջազ» հասկացությունը։

«Երբ ես փոքր էի, շրջապատիս իմ սիրած մարդկանց կատու էի ասում, վերջում ինձ սկսեցին կատու ասել: Հետո գնացի Նյու-Յորք եւ հասկացա, որ բոլոր ջազմենները, երաժիտները իրար կատու են ասում։ Այսպես «Կատուներ» դառանք»,-պատմում է դաշնակահարը:

Իսկ «Կատուներ»-ի սաքսաֆոնահար Դավիթը, ով նվագում է նաեւ Navy Band-ում, ասում է, որ «Katuner»-ին լսելու են գալիս ավելի դասական ջազ սիրողները, իսկ Navy Band-ի ունկնդիրը փոքր տարիքի երեխաներից մինչեւ ամենատարբեր խմբերի ու նախասիրության մարդիկ են, իսկ ունկնդրի լավն ու վատը որոշելը բարդ խնդիր է։

Երեւանում ջազ երաժշտության նորձեւ լինելու եւ պահանջարկի մասին պատմում է երաժշտական սկավառակների խանութի վաճառողուհի Արմինեն, ով նշում է, որ հեռուստագովազդներից հետո շատ են գնում թողարկված ջազային սկավառակները։ «Համեմատության կարգով ասեմ, որ ջազ կատարողներին եւ ձայնասկավառակ ունցող հայ կատարողներին, հարցնում են այնքան, որքան հիփ-հոփ աստղերի ձայներիզները, իսկ հիփ-հոփ հիմա շատ են լսում»,-ասում է նա։

Հայաստանում ջազ լսողների քանակի ու որակի մասին է խոսում նաեւ Երեւանում ամենաթանկ գովազդների ռադիոկայանի՝ «Ռադիո ջազ»-ի տնօրեն Արտյոմ Այվազյանը։ Նշենք, որ fm ռադիոկայանների լսարանների ամենամյա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Ռադիո ջազ» լսում են քաղաքի բնակչության մոտ 10 տոկոսը։

«Մենք գտնում ենք, որ տիպիկ ջազ լսողը միջին տարիքի տղամարդ է` բարձրագույն կրթությամբ ու աշխատանքով։ Այդ պատճառով մենք բարդ ջազային գործեր եթեր չենք տալիս։ Մեր եթերում հնչում է նաեւ հայկական ջազ, իհարկե այն խմբերինը, ովքեր ձայնագրություններ ունեն»,-ասում է Արտյոմ Այվազյանը։

Ու «Ռադիո ջազ»-ի եթերից, քաղաքի բոլոր ցուցապաստառներից, ամենուր հնչում, որ «Հայկական ջազը 70 տարեկան է» եւ այս նախագծի շրջանում թերթերն ու ամսագրերը անընդհատ գրում են Երեւանում տեղի ունեցած ջազի գերաստղ Ալ Ջերրոնի, անվանի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի, «Փարիզ ջազ տրիո» և Բորիս Անդրեասյանի, Ջերիի Բերգոնզիի կվինտետի, Նինո Կատամաձեի, Տաթեվիկ Հովհաննիսյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի եւ այլ անգերազանցելի ջազային աստղերի համերգների մասին։ Ողջ 2008թ-ը ջազային տարի է նշանակում, բայց միայն նրանց համար, ովքեր «կարող են իրենց թույլ տալ» ջազ լսել։

14 ամյա շեփորահար Վահանին երեկոներին հաճախ կարելի է տեսնել «Առագաստ» սրճարանի հետեւի այգում։ Նրան դեռ երկար տարիներ հասանելի չի լինի սրճարան մուտք գործելը, մի ամբողջ կարողություն է անհրաժեշտ դրա համար։ Բայց նա այգում ժամերով լուռ նստում է ու ուշադրությունը կենտրոնացնում` որսալու իր սիրած երաժշտության ամեն մի թրթիռը:

«Հիմա ջազը Երեւանի հարուստների համար է, բայց իրականում իրենց խելքի բանը չէ: Ես համոզված եմ, որ տարիներ հետո ես եմ այնտեղ նվագելու ու այդ ժամանակ ինձ լսելու կկանչեմ մեր հարեւան արեւածաղիկ վաճառող տատիկին: Լավ երաժշտությունը բոլորի դուրը գալիս է, ինքն էլ կհավանի»,- ասում է Վահանը:

Շուշան Հարությունյան

Բնօրինակը “168 ժամ” թերթի 2008-ի վերջին համարի հատուկ ներդիրում, որը պատրաստվել է IWPR-ի պատվերով հայ-ադրբեջանական համատեղ ծրագրի համար