Tags

, ,

21-ամյա Անին մինչեւ նախորդ տարի իր բուհի ուսանողական խորհրդի (ՈւԽ) ակտիվիստներից էր, բայց հիմա ոչ միայն ուսանողական խորհրդի հետ կապ չունի, այլեւ պատրաստվում է բակալավրիատից հետո Հայաստանից մեկնել` ուսումն այլ երկրում շարունակելու:«Ես մի լուրջ գաղափարական հարցում համամիտ չէի ուսանողական խորհրդի հետ եւ հաճախ վիճում էինք: Մի օր էլ ինձ հասկացրին, որ ՈւԽ-ն ուրիշ լծակներ էլ ունի եւ կարող է ինձ հետ ամենադաժան հաշվեհարդար տեսնել` մինչեւ անգամ վարկաբեկում»,- պատմեց Անին եւ նշեց, որ ոչ մի «վատ բան» տեղի չունեցավ, որովհետեւ հետ կանգնեց իր բոլոր պնդումներից: Նա համարում է, որ իր պես շատ ուսանողներ հիասթափվում են ոչ միայն հասարակական աշխատանքներից, այլեւ Հայաստանից ընդհանրապես, ինչը բերում է բուհերում ՈՒԽ-ների բացարձակ իշխանության, եւ մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, ոչ մի ուսանողական շարժում սկսել չեն կարողանում:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ՈՒԽ նախագահ Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ հիմա իրենց բուհում ոչ մի լուրջ ուսանողական շարժում չկա, բայց ՈՒԽ-ականների իրենց սերունդն իշխանության է եկել մի այդպիսի շարժման հետեւանքով:«Մենք հայ երիտասարդ ազգայնականների ակումբ էինք կազմել, որն ՈՒԽ-ի հետ կապ չուներ, երթեր, ցույցեր, միտինգներ էինք անում, մեր շարժման կորիզը այսօրվա ՈՒԽ-ն է»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը, ով ՈՒԽ նախագահ է ընտրվել 2005 թ.:Հայաստանի պետական ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Ռոբերտ Մակարյանն ասում է, որ բուհի ներսում հնարավոր չէ այլընտրանք լինել ՈւԽ-ին: «Շատերի մոտ ՈՒԽ-ն ասոցացվում է ինչ-որ կլանային համակարգի հետ, կարծում են, որ ՈՒԽ-ն ինչ-որ մաֆիա է ձեւավորում, որը չի թողնում իր պատերից ներս ոչ մի ուսանողի, բայց չէ՞ որ ուսանողներն են ձեւավորում ՈՒԽ-ն»,- ասաց Ռոբերտը, ով արդեն 4-րդ տարին է ղեկավարում ՈՒԽ-ն:Իսկ թե ինչքանով է դրսեւորվում բուհի ներսում ՈՒԽ-ների դոմինանտությունը, տարբեր բուհերի ՈՒԽ նախագահներ իրենց բանաձեւն ունեն:

«Սկսենք այնտեղից, որ ուսանողներն իրենց իրավունքների ներկայացուցիչ ընտրում են ըստ հնարավորությունների, մեր դեպքում` նաեւ ըստ անձնական հնարավորությունների: Եթե ուսանողները գտնում են, որ ձեռնտու է ընտրել տվյալ անձնավորությանը, ավելի շատ կօգտվեն նրանից, ընտրում են»,- ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Հայկ Ակրմազյանը, ով մոտ 6 ամսվա ընթացքում պատրաստվում է հանձնել իր լիազորությունները ՈՒԽ նոր նախագահին:

Տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Նարեկ Մանթաշյանն ՈՒԽ ներսում կոռուպցիա չի համարում այն, երբ տեսնում է, որ մարդն, իրոք, ՈՒԽ-ի համար աշխատում է, եւ ինքը միջնորդում է, որ 4-ը 5 դառնա, բայց ոչ 2-ը` 5:«Մի անգամ փորձ արվել է ուսանողական շարժման, բայց տեսան, որ ոչնչով չի արդարացնում իրեն: Բուհի ներսում կա ուսանողական ինքնակառավարման մարմին. ուզում ես, անդամագրվիր, չես ուզում, դառնում ես տվյալ կառույցին ընդդիմադիր: Նման դեպքում ոչ մի խմբակ չի կարող գործել»,- ասաց Նարեկը, ով այս տարվա ապրիլ ամսին է ՈՒԽ նախագահ ընտրվել:

Երեւանի պետական համալսարանի ՈՒԽ նախագահ Համլետ Մանուկյանն ՈՒԽ-ի հետ չհամաձայնվողներին ու շարժում սկսողներին ամբիցիոզ մարդիկ է համարում եւ ասում է, որ լուրջ չի ընդունում նրանց` ինքնադրսեւորման մեթոդ համարելով շարժումը: Նշենք, որ բուհի ներսում մի քանի այդպիսի խմբակներ են գործում:

«Հաճախ նրանք փորձում են ՈՒԽ անունը օգտագործելով նոր մարդկանց ընդգրկել իրենց շարքերը, ու եթե մենք իմանում ենք, խոչընդոտում ենք նրանց, կանչում ենք, խոսում հետները»,- ասաց Համլետը:
Իսկ ահա Ազգայնական ուսանողների խորհրդի անդամները (ԵՊՀ-ում գործող ուսանողական շարժումներից է) ասում են, որ իրենք հիմնականում կազմակերպում են այն միջոցառումները, որոնք չի կազմակերպում ՈՒԽ-ն, օրինակ` արշավներ ու բնագիտական առարկաների օլիմպիադաներ:

«Ֆորմալ ձեւավորվեցինք մայիսին, չնայած միշտ մտքերը կային: Մենք նույն կազմով միջոցառումներ էինք կազմակերպում ՈՒԽ-ին կից, հաճախ էլ ՈՒԽ-ն չէր ուզում մեզ հետ համագործակցել, մենք մեր ուժերով էինք անում»,- պատմեց նախաձեռնող խմբի անդամներից Դանիելը:

Պետական բժշկական համալսարանի ՈՒԽ նախագահ Ավագ Ավարշյանն էլ ասում է, որ իրենց Ուսանողական խորհրդարանի «հակակշիռը» արտասահմանցի ուսանողների խորհուրդն է, որոնցից, օրինակ, հնդիկների հետ կապն անցած տարի կտրվել էր հնդիկ ուսանողի մահվան միջադեպից հետո, բայց հիմա նորից իրար հետ աշխատում են: Նշենք, որ Ավագը 2 շաբաթ առաջ է ընտրվել ՈՒԽ նախագահ:

Հանրապետական պիտի լինե՞ս ՈՒԽ նախագահ ընտրվելու համար

Նելլին Տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է եւ ՈՒԽ անդամ: Նա խորապես համոզված է, որ ՈՒԽ-ում առաջ չէր կարող գնալ, եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չանդամագրվեր: «Հիմա, երբ կուրսում խնդիր է լինում, ընկերներս ասում են. «Դուխով խոսա, համ ուսխորհրդից ես, համ էլ` հանրապետական»,- ասաց Նելլին:

Տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Նարեկն ինքն էլ հանրապետական է եւ չի ժխտում, որ չնայած ՈՒԽ-ում տարբեր կուսակցությունների անդամներ կան, բայց գերակշիռ մասը հանրապետականներ են: «Բուհի ներսում քարոզչություն չկա, եւ ոչ ոք պարտադրաբար չի տարվում կուսակցություն: ՈւԽ նախագահ ընտրվելիս էլ իմ քաղաքական կողմնորոշումները ոչ մի դեր չեն խաղացել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:

Մեր զրուցակից բոլոր ՈՒԽ նախագահները, բացառությամբ ԵՊՀ ՈւԽ նախագահի, Հանրապետական կուսակցության անդամներ են:

«2003 թ., երբ դարձա ՈւԽ նախագահ, բուհերում համատարած, ՈւԽ նախագահների մակարդակով, հանրապետականացման սինդրոմ էր, եւ ես այն եզակի ՈւԽ նախագահներից էի, որ չտրվեցի այդ հոսանքին, որպեսզի արհեստական չլինի առաջխաղացումս, ես այն ժամանակ շատ մարդկանց կողմից «ճնշում» չասեմ, «համոզում էին», խնդրանքներին տեղի չտվեցի: Ու միայն այս տարի հունվարին եմ կուսակցություն մտել»,- պատմեց Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտ Մակարյանը:

Բժշկական համալսարանի ՈւԽ նախագահ Ավագ Ավարշյանն ասում է, որ 4 տարի է, ինչ կուսակցական է եւ վկայակոչում է իրենց համալսարանի նախկին ՈՒԽ նախագահներին` Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, որոնք նույնպես նույն կուսակցությունից էին եւ հիմա ԱԺ պատգամավորներ են:
Իսկ ԵՊՀ-ում նախորդ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ՈւԽ-ի հետ համատեղ սկսվեց մի ուսանողական շարժում` «Հույս»-ը, որը շատերի կողմից տարբեր մեկնաբանություններ ստացավ` ընդհուպ մինչեւ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մաս:
Շարժման խմբի անդամներից Գրիգորի խոսքերով` նախընտրական շրջանում շարժումը նախաձեռնվեց, որովհետեւ այս ժամանակ են խնդիրները լուծում ստանում:

«Մենք ձեռքբերումներ ունեցանք այն ժամանակ, իսկ առաջիկա նախագահականի նախօրեին նման ակտիվություն դրսեւորելը նպատակահարմար չէ»,- ասաց Գրիգորը:
ԵՊՀ-ում գործող Ազգայնական ուսանողների խորհրդի անդամներից Արամի խոսքերով` իրենց շարքերը հաճախ համալրվում են հենց ՈՒԽ-ից դուրս եկածներով` վերջինիս կուսակցականացվածության պատճառով, չնայած ՈւԽ-ում այդպես չեն կարծում եւ պնդում են, թե ոչ մի տեսակի քարոզչություն չի արվում:

ՈւԽ-ների տղաներն էլ են տաքարյուն, ԱԺ պատգամավորների նման

Նորանկախ Հայաստանի պետական բուհերի ուսանողական խորհուրդները 14-15 տարվա պատմություն ունեն, ՈւԽ-ների նախագահներից շատերը համարում են, որ Հայաստանում արդեն զարգացել է ՈւԽ-ների կուլտուրան, եւ բուհերի կառավարման խորհուրդներում նրանց 25 տոկոս ներկայությունը մեծ ձեռքբերում է: Կարեւոր են նաեւ ՈւԽ-ների բյուջետային հատկացումները ռեկտորատների կողմից, նաեւ` Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչը ենթադրում է, որ լավ ծրագիրն առանց ֆինանսավորման չի մնա:

Իսկ ինչքանո՞վ են բաց ու բոլոր ուսանողներին հասանելի բուհերի ՈւԽ-ները:
Տարբեր համալսարաններում մեր կատարած հարցումներին շատ ուսանողներ խուսափում էին պատասխանել, օրինակ` Տնտեսագիտական համալսարանի մի խումբ տղաներ կտրականապես հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել իրենց ՈւԽ-ի գործունեության մասին: Ճարտարագիտական համալսարանում գովում էին իրենց ՈՒԽ-ն, բայց չգիտեին, թե որտեղ է գտնվում ՈւԽ նախագահությունը, ինչ խնդիրներով է զբաղվում եւ ովքեր են իրենց ֆակուլտետների ՈւԽ անդամները: Երեւանի պետական համալսարանում էլ շատերը տեղյակ էին ՈւԽ գործունեությունից, մի քանիսն անգամ համալսարանի հանգստյան տուն էին գնացել ՈւԽ-ի օժանդակությամբ: Բժշկական համալսարանում հանդիպեցինք հնդիկ ուսանողների մի խմբի, եւ աղջիկներից Պուջան ասաց, որ համալսարանի ՈւԽ-ից դժգոհ են, որովհետեւ նրանք հիմնականում ռեկտորատի հետ են աշխատում, ոչ իրենց: Մանկավարժական եւ Ագրարային համալսարաններում էլ առանձնահատուկ պատասխաններ չեղան, մեծ մասն անտեղյակ էր ՈւԽ աշխատանքներից, բայց ՈւԽ համակիրներ էլ շատ կային: Ընդհանուր էր այն, որ բոլոր համալսարաններում ուսանողները համարում էին, որ ՈւԽ-ն աշխատում է համալսարանների ղեկավարությանը գոհացնելու համար: Մի քանի ուսանողներ էլ ասացին, որ «լավ ՈւԽ-ները կռված են լինում դեկանատների հետ»:

Մեզ հետ զրուցած ՈւԽ նախագահներից շատերի խոսքերով` ՈւԽ ակտիվիստներն ու անդամները 150-300 հոգի են` կախված համալսարանի մեծությունից, իսկ ընդհանրապես ամեն համալսարանում ակտիվ է մոտ 2000 հոգի: ՈւԽ հիմնական գործառույթներն ու իրականացրած ծրագրերը հիմնականում զվարճալի, ժամանցային են, հիմա նաեւ` գիտակրթական:
Ճարտարագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Հայկ Ակրմազյանը համարում է, որ այսօրվա ՈւԽ-ների թիվ մեկ խնդիրը Եվրոպական ուսանողական միությանն անդամագրվելն է, որին արդեն անդամակցում են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ շատ այլ երկրներ:

«Մեր ուսանողական կառույցները չեն կարողանում միավորվել, գուցե լուրջ չեն վերաբերվում հարցին, դրա համար է: Արդյունքում մեր ուսանողերը չեն օգտվում այդ հնարավորություններից, ինչը կառույցն ընձեռում է մյուս երկրներին»,- ասաց Հայկը: Նա նաեւ գտնում է, որ ուսանողական խնդիրները ԶԼՄ-ները չեն լուսաբանում, դրա համար էլ համատարած անտեղյակություն է:
Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտը համարում է, որ հեղինակությունների խնդիր կա ոլորտում, եւ նոր նախագահները դեռ երկար պիտի աշխատեն իրենց վրա:

Իսկ այն հանգամանքը, որ ՈւԽ-ներում խնդրո առարկա վեճերը հաճախ են տեղափոխվում այլ հարթություններ, ՈւԽ նախագահները տարբեր կերպ են մեկնաբանում:

«ՈւԽ-ից բողոքողները միշտ այնպիսի մարդիկ են, որ ոչ մի բան չեն փորձել իրենք անել, ու լինում են դեպքեր, երբ մեզ հասնում է, թե «մենք ի՞նչ ենք անում» եւ այլն, եւ համապատասխան ֆակուլտետային մարմինը գնում է այդ մարդկանց մոտ, որ պարզաբանեն, թե ինչու է այդպես արտահայտվել»,- ասաց Բժշկական համալսարանի ՈՒԽ նախագահ Ավագը:
Ճարտարագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Հայկը չի բացառում, որ իրենց գործունեության հետ կապված հակասությունները կարող են այլ կերպ լուծվել: «Մեր երիտասարդությունը տաքարյուն է, դա մեր ազգային դիմագիծն է»,- պատճառաբանեց նա:

Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտն էլ ասում է, որ իրենց մոտ տարբեր դաստիարակության եւ տարբեր մակարդակի մարդիկ են սովորում, ու ամեն մեկի հետ իր լեզվով պետք է խոսել:

«Քանի որ մենք բոլորս էլ, ի վերջո, հայ երիտասարդներ ենք, ու մեր տարիքն էլ այդ տարիքն է, հնարավոր է, որ խնդիրը տղայականով հարց լուծելուն հասնի: Բոլորս էլ մարդ ենք, չէ՞: Նույնիսկ Ազգային ժողովում են, ի վերջո, հասնում դրան »,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Համլետ Մանուկյանը:

Շուշան Հարությունյան
http://www.hetq.am/arm/society/7160/