• Գրում եմ ինչ ուզում եմ
Այսօր ես, հետո ես մի այսօրում, հետո մի ուրիշ այսօր, հետո ուրիշ այսօր “ես”-երի ու օրերի` ԱՅՍօրերի… պատռված, խամրած իմ ցուրտ կեսերի… պատառիկների…
•Պատառիկ արյունոտ / զզվում եմ այդ հեքիաթից երեք խնձորով/
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար դու պարզապես կապրես: Ու կսիրես այդ զբաղմունքը… Ու կյանքի հրապարակում հաղթականորեն առաջ գնաս` բեմում փայլելու համար…Անկասկած, դա քեզ հեշտ կտրվի… Ու քեզ կսիրեն, ու քեզ կքծնեն…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար ես պարզապես կարբեմ: Անկասկած, ինձ դա հեշտ կթվա… Ու կյանքի հրապարակում ես հանդիսականների ոտքերը տրորելով առաջ կգնամ` բեմին առաջինը հասնելու եւ առաջինը կյանքի երեսին ԹՔԵԼՈՒ… Հավանաբար դա հոգեմաշ ու անշնորհակալ գործ է ու ինձ դժվարությամբ կտրվի… Ու ինձ կատեն, ու ինձ կարհամարհեն…
Ես ու դու… Դու վախենում ես “չհասցնել”, ես վախենում եմ “հանկարծ ու հասցնեմ… հետո՞… Խեղկատակություն է, չէ… Հա… դու հպարտ, դու խիզախ, դիմադրում ես անգամ աչքերիցդ թափվող տխրությանը հեղուկ, իսկ ես… թույլ եմ տվել նրան տիրել թշվառիս, ահաբեկվածիս…
Ու անարդար է սցենարը գնում… ես ու դու նույն վագոնում… դու գնում ես գալիքին ընդառաջ, ես` այդ պչրուհուն ԿԱՑՆԱՀԱՐԵԼՈՒ: Ու մենք` պայծառատեսներս երկու, կույրի ձեռնափայտով խարխափում ենք հրապարակում նույն… գուցե պատահի հեքիաթն այն` երեք խնձորով…
Բլանշ /չեմ հիշում որ “այսօրի”, ուղղակի գիշեր էր/
•Պատառիկ դարն առած պատմության/ տանել չեմ կարող սենտիմենտալիզմը /
Տես, դեռ հայտնության մոմեր են փողոցի լույսերը խավարի թագավորության հոծ պաստառներին: Ու մթագնած բիբերն են քո կոչում արթնության: Կոչում, որ այս բովի մեջ որերորդ անգամ խոցվես, բայց ներես: Օ, հավերժական թափառման թախիծ… Դու էլ կհոգնես այս երգից հինավուրց….
Բայց սպասիր, մթնել է օ՞րդ պայծառ, թե՞ կորցրել ես ցուցումներդ ապրելու: Բա ոնց, դու էլ… թռել ես ծիրից ու չես պտտվում քո զնդանում ժառանգական…Քեզ դեռ օրորոցում ներշնչել են, որ հենց դու…Ցավում եմ, իզուր… Իզուր ես փնտրում ու քեզ ներշնչում, թե կորցրել ես երազ, լուսե մի օրրան, որ չի էլ եղել, բայց չի էլ մեռել քո ՀԻՎԱՆԴ հոգում: “Պարզ իրողություն”… չէ մի` “առեղծված”… Ճիշտն ասեմ, չտխրես… “դարն ապրած պատմություն”…Չէ, ավելի ճիշտ… “հավերժական թափառման թախիծ”…Ախ, անչափ հոգնել եմ այս երգից հինավուրց…
“Հավերժական փնտրտուք մի հին, անձայն մեղեդի, հեռու անսահման: Վհատ սոսկումի տանջանքեր…” … ու մի հրաման վերեւից… “չէ, դու էլ չես գտնի”… Դե, համարձակ ես, քո իսկ ձեռքերով փշրի ՊԱՏՐԱՆՔՆ այս հոգնած… ախ չէ. “անծայր հմայք մի հեռու, թովչական երկրում”, ճիշտ եմ հիշում: Հա, “հավատ, հոգի, անմահություն…”, սիրուն է հնչում: Ախր չկա, է…անսկիզբ է, անվերջ… Բայց դե ճախրիր, ով գիտի, գուցե հենց դու…Իսկ ես…
…իսկ ես անիծում եմ քեզ` հավերժական թափառման թախիծ: Ախ, զզվում եմ այս երգից հինավուրց…
Բլանշ /էլի չեմ հիշում օրը/
•Պատառիկ հենց էնպես /անպատճառ պատճառաբանություն/
Երբ մենակ դու չես դու…
Քնաթաթաղ աղոտ անուրջների մի մեծ տոպրակ հետեւիցդ գցած, դու բնավ անվրդով ու հեգնական, նեսրից տագնապալից ու կործանվող, քայլում ես փողոցով ու նայում աջ ու ձախ, հայացքեր որսում… երբ չի ստացվում, հայացքներ քծնում… երբ ստացվում է հայացքներ արհամարհում: Տարօրինակ զբաղմունք է…
Լուսավոր փողոցների լուսասյուներն ու բարձրահարկերն իրենց աչքերը մեծ-մեծ չռել են քեզ վրա ու էնպես… մեկուսի հետեւում… Ու կուրծքիդ ամեն մի փքվելիս, դուրս է գալիս տարօրինակ մոլորումի ու հետապնդվողի շունչդ… Զզվելի տերություն է…
Քայլում ես ու մտածում, թե ով է մտածել, թե քայլեիս պատրադիր պետք է մտածել… Ով է հորինել, թե կարելի է քայլել մտազբաղ, քայլել մեկուսի, քայլել անփույթ կամ շտապող, քայլել երազկոտ, տխուր կամ ուրախ: Կամ որ հիմարն է մտքով անցացրել, թե քայլել կարող ես սիրահարված կամ հիաստափված կամ շատ հոգնած կամ հեռացած, մոռացած, ծերացած… “անարած”, բան չարած, չէ, տավարած…
Քայլել, քայլել, ուղղակի քայլել, էսպես քայլելով կիսաքայլ, բայց քայլ… Քայլում ես…
Արեւ է… Շողոքորթ օր է… Մարդկանց դեմքերին, մարդկանց կիսավեր, մարդկանց գունաթափ, մարդկանց աներես, չէ մարդկանց անդեմք դեմքերի վրա տեսնում ես արեւ… չէ օրն է շողոքորթ…
Ժպիտ է գալիս դեմքիդ երեսին ու մտածում ես կարծում, թե ով է մտածել, թե պետք է մտածել դեմքիցդ երեսին ժպիտը գալիս, ով է հորինել, թե գալիս է այդ էշը քեզ գուշակելով, քեզնով տեսնելով, հույզդ հուզելով… Գալիս է էլի… Ինչ բարդ է հիմա, անպատճառաբանված պատճառն է միայն, թե ինչու է քեզ մոտ այդպես անպատճառ պաճառաբանությունը… Մարդիկ են էլի, բան ու գործ չունեն, բան են մտածել, ստեղծել հորինել ու օդ սրսկել…
Ժպտում ես, քայում, ու թքած ունես, թե ժպիտը քո այդ մարդկային ճղճիմ, էդ քած օրենքում շողոքորթ արեւ, թե անձրեւ է լափում… Ինչ էլ որ լինի, անպատճառաբանված հենց այս պատճառում, քայլում ես ժպտում ու չես մտածում` ինչու ես ժպտում…Օր է էլի, կանցնի կգնա, բան էլ չի մնա, լուրջ եմ ասում, հեչ էլ չի մնա… Հեռու ենք այնքան օդից այն հեռու…
Բլանշ /23.04.08/
•Պատառիկ ուրիշի տեսության / երկու աչքեր մութուլույսում/
Ես տեսել եմ քեզ, հա տեսել…Դու էն աղջկա, էն` դիմացի շենքի 6-րդ հարկի մուգ կապույտ վարագույրների…
Թաքուն նայել եմ, նայել եմ երկար…Ու իմ վիրավորված ինքնասիրության ու լուռ գոյության մեջ կախված այդ պատկերների, ծանրացած այդ մութուլույսերի շողքերն եմ ցրել, որ գնան…Թող գնան…
…Դու սեղմում նրա ձեռքը, այտերը շոյում, մազերը քնքշում, դու ժպտում նրան, դու քչքչում նրան աղմուկով…Թող գնան…
…Մութուլույսում մի տկար ես տեսել եմ այգի մի ծաղկած, աչեր գարունի, աչքեր կրակոտ: Գեթ մի պատմություն… Երկու աղունիկ թռիչքը թողած ծառ էին մագլցում, լացում հա լացում…Թող գնան…
…Երազում մենավոր բազում-բազում հույզերից թրվծած հերոսը իմ մութ գրկում ուրիշի, ուրիշի աչերի աչքերը տեսնող, ուրիշի հեզության գրկին հեծեծող, ուրիշի կյանքի տեսության մեջ կորած տեսություն գրող…Մաքրում եմ, գնան…
…Հիմա իմ այս գիշեր նկարում բազում, բազում արեւներ եմ լցնում ու անթիվ-անհամար լուսիններ բացում, տարփոտ աստղերի կրակները վառում, երազներ լույսի, երազներ հույսի, արշալույսի…Նկարում այս գունավառ գիշեր ու ցերեկ առանց կապանքի առանց կալանքի երգում հա երգում ու չեն էլ լքում…
Տեսել եմ, իրոք, քեզ եմ տեսել նրան գրկումդ սեղմած…բայց չէ, թող գնան, մաքրում եմ գնան…Գեղեցիկ էր անչափ արեւը քո մութ գրկում ուրիշի, ես էլ ուրիշի…Թող գնան, դեռ արեւ է…
Բլանշ /21.05.08/
•Պատառիկ անբարոյականության սուրբ գրքի / Ես Հուդային եմ հավատում/
Երբ մարդկության հրեշտակները քնած, ապլոմբ վեղարի տակ դոգմա էր գրվում, առաջին առաքյալները պարապ-սարափ ուղեղ էին լցնում, լակում հա լակում: Հա էդպես էր: Թե չէ ինչպե՞ս կարող էր հանկարծ պատահել, որ դարեր ու դարեր հարցը գոյության` անբարոյականության օրենքը բարո աշխարհ, երկիր, պետություն քշեր, պատմություն գրեր…
Մարդկության կործանումի հենց առաջին մուտից էդ հարբեցող առաքյալները տես ուղեղ են լցնում, մարդ չի հասկանում, հատուցման օրը իլյումինակի, հետո մասոնական լյոժան է կոծկել, թե էս անբան էշերն են քծնել: Ծիծաղ զզվելի, քիչ հոմերական, քիչ աստվածային: Դոգմա եմ գրում… Որովհետեւ ժամանկին մեկը հարկավ, բերանը “վազքով” բաց ու խուփ արել, երեսն է պարզել, թե սա էլ ձեզ ծիծաղ…
Ամբոխավարության ճղճիմ կաստայում, էնպես մեկուսի, էնպես անբարո վեր ու վար անում, էդ առաքյալները մինչեւ հիմա արյուն են խմում ու տես որոշում, թե իմացության այն որ հարթության ուղիները մութ բացեն մեզ համար, որը էլ պահեն իրենց հետնորդին տիրելու համար: Ու էդ անգո լրբերի կաստան էնպես անփույթ սեթեւթ կեցվածքով պայծառափայլի քռչոտ ցուպերով խարխափում է դեռ, իբր թե չգիտենք, թե հենց իրենց հարբած, քնած օրերին էդ ցուպը խռչոտ համբավ ստացավ, հարգի չէ հիմա, հետո չգիտեմ…
Ու հենց այն օրից, երբ էդ բազմաչար, անաբորոյականության սուրբ գիրքը վկա դրին խորանին, հայրը մեր սուրբ իր սեւ թիկնոցի տակ ճմռթված էն մերկ պատանուն սեղմում, ասում էր` սուս կաց, ես կաղոթեմ քեզ համար, որ դու էլ սուրբ հայր անիծվես: Ու հենց էդ օրից գրքերում մյուս այն, հիմա չգիտենք անբարոյականության, թե անգոյության, կարմիրով ներկվեցին տառերը խոսող, որ էլ չիմանանք, ամբոխավարության անօդ օրերում էլ ոչ ոք չիմանա, ոչ ոք…
Բայց մի հերետիկոս բջջային հանգույցների կապոցում իր աննշան, հոգնեց ձեւացնել ու իր հորինած դոգման անբարո լքեց ու թքեց, դավաճանեց…
Ես գիտեմ, թե դու ով ես եւ ով է քեզ ուղղարկել, ինձ դա քեզ օդի պես գիտենալ է պետք… Բնությունը ես եմ…
Բլանշ /27.04.08/
•Պատառիկ սառը գոյության /այսօր ցուրտ է ավելի քան ցուրտ երբեւէ/
Գնալ եմ ուզում, ցրտին ամռվա այսօր քան երբեւէ հաստատ որոշել եմ գնալ…
Երեկոյան, հետո մինչեւ լույս ու մութ գիշերին, երկար փորփորում, երկար էի փնտրում… Քաղաքան այս ճմրթված, ուղղին այս այլանդակ…Ինձ չեն հասկանում…
Մրսում եմ շոգին, սառել եմ անչափ, գնալ եմ ուզում…
Կիսաստվերների, կեսգոյության, կեսերի երգում, կեսերի հետքում հենվել են էնպես մեկուսի… ապրում, հա ապրում… ես գնալ եմ ուզում…
Ու երեկոյան, հետո մինչեւ լույս կիսաամառաի ձմռան այս շոգին նստած զնդանում ու երկարներիս սառած տեսության, սառած գոյության այս մութ սենյակում, տանջվում եմ փակված, հոգնել եմ անչափ, գնալ եմ ուզում…
Մի զանգեք, խնդրում եմ, կեսն այս կեսի ինձ բութ դանակով սպանել է, թողել…
Մի կանչեք, ափսոս, դժվար է անչափ այս մութ լույսերում, գնալ եմ ուզում…
Սողունները քաղաքի տունս են մտել, ամրոցի տակի հիմքերն են փորում, էս կիսատ ստվերներում մենակ եմ, անհույս, գնալ եմ ուզում…
Վազքում մարդկության սառը գոյության բոլոր վազքերը հետեւում թողած այս գժական վազքում սողալ չեմ ուզում… թող սուս ու փուս գնամ, հոգնել եմ անչափ բազմահազար ներկաներով այս մենակությունից…Ցուրտ է անչափ այսօր քան երբեւէ…
Ինձ չեն հասկանում ու թող միայն դա լիներ… Բայց տես ահա, սեղմում են, գամում այլանդակության դոգմայով գրված խաչերին իրենց պիղծ, իսկ ես ցրտին այս շոգի դիմանալ չեմ կարողանում…Մի կանչեք իզուր…
Պարում ենք, գրկվում եմ, որ վազքն այս կիսատ պատմության մեջ թողնի մի քանի ստվերներ ու մութ քաղաքում… Իսկ ես չեմ ուզում երազանքներիս բոլոր պատառիկները կախվեն աչքերից այս կույր քաղաքի, ծվենների պես ծանրանան օդում…
Այսօր ցուրտ է ավելի քան ցուրտ երբեւէ… ինձ չեն հասկանում…
Բլանշ /28.05.08թ/
•Պատառիկ մահվան խրախճանքի / խանգարում են ճիչերը քծնող բնազդի/
Դանդաղ լուսաբացի աղոտ ընդերքում երազներդ խարխլված են: Անհող անձկությամբ են գորշ պատերը ներկվում եւ անհողմ օդի մեջ տարածում երազներդ: Ու մի լուսաբաց…
Երազներիցդ այն կողմ ոչինչ չես տեսնում: Շարժումը մութ է: Բայց ահա ուրվականների մի ծվատ թափոր է լուծվում ու խառնվում անձեւ կրքին… Դանդաղ լուսաբացի մութ ընդերքում երկու խորշեր են լուռ թեւածում… թախծում: Ու խանգարում են ճախրանքին անմիտ ճիչերը կանխազգող, ողբերգող…Չէ, չբացվե’ս, առավոտ:
Դանդաղ լուսաբացի մութ աչքերի մեջ զույգ սենյակներ են` աղոտ, կիսարթուն: Սենյակների պատուհանին փոշի է նստել ու փեղկերի մոտ կոպերն են թարթվում: Լույսը մոտ է: Նա հածող մենակյացի պես հոտոտում է աղոտ խորշերը: Հետո տնտղում է իրերը, ուր շուռ հայելին իրերի պատկերն է շեղում: Դու լարվում ես դեպի լույսը: Ուռած աչքերիցդ կախվում են սեւ երազներիդ պատառիկները ու ծվենների պես ծանրանում օդում: Այդ երազները` անանուն, անցեղ, իրենց դրոշմն են թողնել քո դեմքին եւ դեռ հոսում են… իբրեւ մի սեւ կիրք: Ի՞նչ, այստեղով անաչք գիշերն է անցե՞լ…
Մինչ լուսաբաց մի ճղճիմ հմայք տարալուծվում է ու գունաթափվում: Հետո քո ցավազրկված երակների մեջ թաքուն ուռչում է կյանքի բնազդը: Ու դու քծնող, շողոքորթ նայում ես անողոք դահճի կացնին: Բայց լուսաբաց է
…ու արշակույսը անողոք է, անկիրք… Էլ չի շարժվում աչքիդ հայելին…
Բլանշ /նախքան այդ օրը/
•Ցուրտ պատառիկ. Աղոթում եմ միշտ նույն աչքերի համար…
Քաղաքում ձյունը ժամանակից շուտ եկավ: Շատ շուտ: Սեպտեմբերյան լուսավոր փողոցները հանկարծ մի երեկո ձյան հաստ շերտով ծածկվեցին: Օդերեւութաբանները իհարկե հազար ու մի ցիկլոնային, թե անցիկլոնային բացատրություններ տվեցին, հիմա հստակ չեմ հիշում դրանք: Բայց ձյունը նստեց քաղաքում, տունս սառեցրեց:
Անկասկած շատերը տխրեցին ինձ համար, շատերն էլ ուրախացան: Ու քայլեցի ես սպիտակի մեջ սառն ու ցավեցնող: Ու անհանգիստ բաբախեցի խաչմերուկի լուսաֆորի տակ սառած: Ու ժպտացի, շարունակ ժպտացի անցորդներին անծանոթ: Ու խարխուլ դեմքերին շարունակ մի դեմք ու փնտրեցի, մի ժպիտ փնտրեցի: Սառեցի…
Ինձ դժվար է իրոք բացատրել քեզ: Իմ եղբայր, իմ հարազատ, ես քեզ ցավեցնել իրոք չեմ ուզում: Հասկանու՞մ ես, պարզապես այնպես պատահեց, որ ձմեռն այս տարի ժամանակից շուտ եկավ ու ցեխոտ ասֆալտներին տրորված հույզերիս հետ ձյունը ծածկեց ուրիշ աչքեր տեսնելու կարողությունս: Առհասարակ սառեցրեց: Հասկանու՞մ ես: Հա, ինքս էլ լավ չեմ հասկանում, բայց արդեն ձմեռ է: Սառել է տունս հավետ… Աղոթում եմ միշտ նույն աչքերի համար…
Բլանշ /էս վերջերս/
•Պատառիկ “Եսիմինչ”…
Կոմպի ստեղների կոճակները անտրամաբանական հաջորդականությամբ արդեն որերորդ անգամ սեղմելուց հետո ինքս ինձ բռնում այն մտքի վրա, որ շնչելս առանձնապես չի գալիս ու սիրտս համարյա չի էլ թփրտում: Սովորական պատմություն: Պատահում է, չէ՞: Մոլորակի վրա քանի միլիոն մարդու սիրտ է կանգնում ամեն մի վայրկյան: Ախր մարդկային է չէ՞ ցավեցնող ամեն ինչին տեղի տալը, մանավանդ, որ դրա համար առիթներ ինչքան ասես լինում են ու կրկնվում օրական հաջորդականությամբ: Ջնջեցի էս պատմությունը: Սկսում են նորից:
Օրս սկսում եմ շնորհակալության աղոթքով ու չեմ վախենում ոչ նորաձեւ երեւալուց: Ու շնորհակալություն եմ հայտնում այս համատարած արեւների ու սիրո համար: Էնպես սիրում եմ այս արեւները ամենուր, մարդիկ անցնող, ժպիտները ծանոթ-անծանոթ, բոլորին, ամեն ինչ: Մտերիմներիցս մեկը հարցնում է. “լսի, կարողա՞ աղանդավորական ես դառել, էդ կարծեմ վտանգավորա”: Ժպտում եմ: Եթե սիրո աղանդ կա, ուրեմն ես էդ աղանդի հետեւորդներից եմ: Սիրում եմ: Չէ, իսկականից էս մեկը էն փոփ աստղերի երգերի մեջ պատմվող սիրո մասին չէ, են որ պատեր են քերծում, տանջվում, տառապում: Սերը լուսավոր է: Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
Էն ջնջածս պատմությունը: Վերելակի կոճակը ռոբոտային արագությամբ եմ սեղմում ու նայում վերեւի վառվող կետերին: 8, 7, 6, 5 … բացվեց: Գլխարկով ու սպիտակ բեխերով մի նիհար կազմվածք բարբառում է. “ներքեւ՞”: Գլխով եմ անում ու ներս գցվում: Փակվեց:
4-րդ հարկ, 3-րդ հարկ, իջնում ենք: Նիհար ու սպիտակած կազմվածքը նայում է: Նիհար ու սպիտակած կազմվածքը երկու ձեռքերը փակած բռունցքեներով առաջ պարզում ու ասում, որ գուշակեմ, թե որն է: Ես անակնկալի եկած ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել` ինչը գուշակեմ: Հետո էլի ավտոմատ կերպով ձախն եմ ցույց տալիս:
2-րդ հարկ, իջնում ենք: Ժպտում է, աջը բացում է ու մի կոնֆետ պարզում: “Պապդ սաղ է՞” հարցնում է: Ես էլ գլուխս եմ տարուբերում: Վերցնում եմ կոնֆետը: “Դե ժպտա մի տեսնեմ է~,-ասում է,- կարողա չէ՞ էս անտերը չաշխատեր, ոտքով իջնեիր, ինձ չտեսնեիր ու շակալադ չուտեիր”: “Ըհը”,-ասում եմ ու ժպտում:
1-ին հարկ, բացվում է դուռը, ինքը արագ-արագ դուրս է գալիս: Էլի ժպտում եմ: Հետո տեսնում եմ` ինչպես է պահակակետի մոտ կանգնած թերթավաճառի ձեռքը սեղմում ու կորում դռան հետեւում: “Ոնց է ձեռները գնում թոշակի գրել սենց մասնագետների”,-անցնում եմ թերավաճառի մոտով…
Դրսում ցուրտ է: Թեւանցուկ անցնում են երկու կին մի պուճուրի ձեռքը բռնած: Էս աղջնակը ոտքերը ջրափոսի մեջով չլմփացնելով է քայլում: Մայրը ջղայնանում է: Պուճուրը ժպտում: Ես էլ: Ոտքս ջրափոսի մեջ եմ դնում: Չլմփ: Ինչ լավ է: Մետրո չեմ իջնում, չնայած սովորությանս կամ ավելի ճիշտ բնավորությանս նման օրերին մետրոի մինչեւ վերջին կանգառը գնալու: Տարօրինակ է, բայց արեւ է էս գիշերվա կեսին ու տաք օդ է փչում էս անցնող մարդկանցից, խանութների ցուցափեղկերից, գովազդային վահանակներից: Ժպտում եմ: Անցնողները տանօրինակ են նայում: Չէ, անցորդները տուն են գնացել` քնելու:
Փողոցի մեծ գովազդային վահանակին “Ես սիրում եմ քեզ” է գրված, ներքեւում. “Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին”: Մտածում եմ, այ թե էս “տոնը” ամեն օր լինի, սովորություն դառնա, հետո` բնավորություն: Մյուս վահանակին հերթական բանկի հերթական գովազդն է. “Իրականացրու երազանքդ” մյուսին` նույն վարկային բովանդակությամբ մի ուրիշ բանկի “Այստեղ եւ ամենուր”-ը:
Աբովյանի վրա էլի Դավիթն է բռնեցնում, թե նկարներ գնի: “Էսօր իմ ծնունդ է”,- ասում է: Կոնֆետը չեմ կերել, պարզում եմ իրեն: Հարցնում եմ` իսկ դու ինչ ես երազում…
…Տաքսու վարորդը բախտի բերմամբ չխոսկան է դուրս գալիս: “Որսա պահը”,- ասում է գովազդային վահանակը: Հերթով նայում եմ Դավիթի նկարները, հետո պայուսակիցս թղթապանակ հանում ու մեջը տեղավորում: Երեսի նկարը շրջած եմ դնում ու մտածում գրվածի մասին: Լավ է, որ բոլորը գնեցի, թող սովորի կարգին բան երազել: Մենակ վատն էն է, որ նոր նոթբուկի համար էդպես էլ գումար չի հավաքվում:
“Հոգալ ավելին”,-ասում է գովազդային վահանակը: Ու մտածում եմ` ինչ եմ ասելու տանեցիքին: Բա տատիին: Ինքը միշտ էսպես կարեւոր օրերին իմ տանից իմ դուրս գալուց առաջ ջուր է ցանում հետեւիցս: Հին “խասիաթի” կին է, հավատում է, որ դա անպայման հաջողություն է բերելու:
… Դուռը հենց տատին է բացում: “Հը՞, ինչի՞ էսպես ուշացար”: Համբուրում եմ ու ասում, որ իրեն շատ եմ սիրում: “Ասում եմ էլի, ես եմ հետեւիցդ ջուր ցանել, ուրիշ ձեւ չէր էլ լինի”: Բոլորը ժպտում են, տանը տաք է: “Մենակ հեռախդ ինչի ես անջատել, անհանգստանում էինք”: Իրոք, մոռացել էի հեռախոսի մասին: Միացնում եմ: Ցերեկվանից արդեն ահագին սմս-ներ ունեմ, էլի մարդիկ կան, որ անհանգստանում են ինձ համար: Ջերմություն է գալիս հեռախոսից: Չէ, ջերմությունը ամենուր է, տեսել է պետք: “Ես սիրում եմ քեզ”,-ամեն ուր ասում են էդ վահանակները: Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
Սովորական պատմություն է էլի: Օրս սկսում եմ շնորհակալության աղոթքով: Շնորհակալ եմ: Ախր էնքան եմ սիրում էս կյանքը, որ դժոխքում ապրել էլ կհամաձայնեմ: Գիշերին միշտ առավոտ է հաջորդում, ինչպես “կորցրած” օրերին` արեւոտները: Սիրում եմ… Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
•Պատառիկ դավաճանած/քեզ համար պոռնիկ չդառա/
Ինձ դուր է գալիս քո թույնը… Թույնդ քինոտ, ոխակալ… Արբում ենք… Պարում են ստվերները ու մթում ես լույս եմ փնտրում, որ ուրվագծեմ դեմքդ այդ թունոտ… գարշելի արարած, իմ սեր, իմ անվերջ երազած… Իմ… Ու նյարդերիս է պրկվում լիբերտանգոյի սեթեւեթող, խմահաճ ու մինչեւ ոսկորներիս անդին խրվող, չէ ծակող, ցավեցնող էս երգով… Դավաճան…Պիղատոս… Սեղմվում եմ մարմնիդ, որ հրեմ քեզ ցավոտ, ոտքդ տրորեմ էնպես ուժեղ… ու շշնջամ ականջիդ, որ սիրում եմ թունավոր օձ, հենց քեզ եմ սիրում… փոքրոգի արարած…
Իմ կարծիքը՞ քո ջազ-տանգոյի մասին… Որ ջազումդ հերթական պոռնիկը չդառա՞… Որ քեզ չսիրեցի՞ ինչպես սնանդարտ տանգոյում… Որ…սեղվում եմ քեզ ամուր, իմ գարշելի արարած… սիրում եմ թույնդ… չէ, պաշտում եմ թույնդ … չէ, առանց թույնիդ ապրել չեմ կարող, ինչպես առանց օդ մեր մարդկային ցեղակիցները շատ… բայց դու…
Նազում է լիբերտանգոն… ծորում է լիբերտանգոն… կարոտում եմ քո ջազ-տանգոն… Ատում եմ քեզ, որ կաս, որ… ատում եմ ինձ, որ չեղա պոռնիկ քեզ համար… Գիտես էլի, իմ կարծիքը քո ջազի մասին… Ծորում է տանգոն… Չէ, ոռնում է տանգոն… Բայդ դու… իմ խելոք, իմ բարի, իմ համառ… Դու էլ ես ատում էս մութ քաղաղի բարքերն աղաղակող… ու սիրում ես չէ՞ արբեցումն էս գլախապատառ… Ու մեր ջազ-տանգոն ամայի փողոցում… ամայի քաղաքում, ամայի լուսնի վրա… Ուր ուզես… դու իմ տանգոյում, ես քո ջազում, չէ, դու իմ ջազում, ես քո բոլոր ջազերի ու բոլոր-բոլոր… Ինչպե՞ս թե բոլոր… Դու… բոլո՞ր… իմ բոլորների ջազերից անդի՞ն… Սիրտս խառնում է էս սիրո կապկումից, քո սիրո վայասունից անդադար… Զզվում եմ… Գրկիր ինձ ամուր…
Ես եմ… Նույն արբած անմուսան… Ի վերուստ քո ջազ անակողնու մի հերթական… ի բնե հիվանդ հպարտությամբ մի հիմար անմուսա, որ պատվով չի կարող անգամ անկողնու ջազ լինել… Լինել ջազ… Ի՞նչ կաեւոր է քո երգի որ տիրույթում… Լինել քեզ համար…Լինել…
Չէ, կտրի էս ձենը… Գարշելի է լիբերտանոգն… Էլի կսեղմեմ ոտքդ … Սիրում եմ, գնա…
Հարբած եմ… Իմ կարծիքը բոլոր տանգոներից անդին տանգոյի մասին հարբած է էսօր… Բայց չէ… իմ ջազ… արի…կգա՞ս… քեզ կարոտում եմ քո ներկայությամբ իսկ, ուր մնաց եթե գնաս… Մի հարցրու, գիտեմ… ես քեզ համար որպես հերթական ջազ… գիտեմ…բայց կգա՞ս… Ոչ մի բաժանում… զզվում եմ… հիմա կփղձկամ… բոլոր շներից էլ շուն կեղծավոր ջազ… Կգա՞ս… Էսօր չերեգեց լիբերտանգոն… ոռնաց էսօր էդ անմուսան… Կգա՞ս…
Ի՞մ… կարծիքը՞… քո ջազի՞, թե տանգոի մասի՞ն… Որ անկողնումդ հերթական պոռնիկը չդառա՞… Ափսոս չդառա… սիրում եմ թույնդ… չէ, պաշտում եմ թույնդ … չէ, առանց թույնիդ ապրել չեմ կարող, ինչպես առանց օդ մեր մարդկային ցեղակիցները շատ…
Բլանշ /29.03.2009
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Առայժմ չեմ հասկանում ինչ եմ կարդում , բայց կարծես երաժշտություն եմ լսում , թախծոտ ու բազմհնչյուն ……..
Բոլորս էլ քո պես ենք ապրում: ինչ վոր նոր բան չկարդացի:
Ուղակի դու լավ արտահայտվում ես
Erani qez unecoxin u erani en txun um sirum es….
Erani… gone facebook-um hastati friend requsts ay joxovrdavar. Esqan jamanak a blogd kardum em, gone friend linelu patvin arjani chem?