[Նոյեմբեր 05, 2007]

«Պատերից ու փշալարերից այս կողմ կյանքն այլ է, այստեղ այլ կերպ ես ապրում, ու այլ կանոններ են գործում, ճնշող է ազդեցությունը, հոգեկան վիճակը»,- ասում է 40-ամյա Սեյրանը եւ լռում` ցանկանալով այսքանով ավարտել իր առօրյայի մասին հարցի պատասխանը:

5,5 տարվա ազատազրկման դատապարտված, թեկնածուի գիտական կոչումով նախկին քաղծառայողի համար դժվար է իր այսօրվա կյանքի մասին առհասարակ խոսել, եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա բոլոր օրերը տան ճամփին են նայում. ընտանիքը սպասում է: Մայրը ծանր հիվանդ է, վերջերս էլ երեխային է կորցրել, ինչը նաեւ նպաստել է նյարդային կծկումների պատճառով մաշկային հիվանդության խորացմանը:

Սեյրանը Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 255 դատապարտյալներից մեկն է: Իսկ այստեղի «ռեզիդենտներից» 16-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր են, 40-ը թոքախտով հիվանդ, հոգեկան շեղումներ ու այլ ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալներ են` 18-ից մինչեւ 87 տարեկան:

Մյուս դատապարտյալները ժամանակավորապես են գտնվում այս քրեակատարողական հիմնարկում: Նրանք այստեղ մինչեւ թույլատրված ցերեկային ժամերն ազատ շրջում են: Բակում տեղակայված կրպակից, որտեղ վաճառվում է ծխախոտ, կոնֆետ, հյութեր, դատապարտյալները կարողանում են վերցնել իրենց աշխատանքի դիմաց ստացած գումարի չափով տարբեր ապրանքներ:

Մինչ ճաշարան տանող ճանապարհն ամենուր տարբեր խաչքարեր են դրված, իսկ ճաշարանի կից պատին դատապարտյալները մի մատուռ են պատկերել: Առօրյա կյանքից առանձնացող պատկերից ու պատերի մոտ կանգնած կամ «պպզած» թզբեհ պտտեցնող մուգ հագուստներով կերպարներից ավելի տարօրինակ է դատապարտյալների հիվանդանոցի բժիշկների սենյակի պահարանը: Այստեղ դրված են վիրահատություններից հետո դատապարտյալների օրգանիզմից հանված երկաթե եւ այլ ծանր իրերը, ու ամեն կապոցի վերեւում գրված է «տիրոջ» անունը:

Դատելով պահարանի պարունակությունից` ամենատարածված իրը, որ կուլ են տալիս դատապարտյալները, մեխն ու գդալն է: Կան նաեւ ջերմաչափ, գրիչ, դանակ, երկաթե կտոր եւ այլ իրեր` դուրս բերված նրանց մարմիններից:

Արթուրը, ըստ բժիշկների, այն «հերոսն» է, ում փորից մի վիրահատության ժամանակ 15 գդալ եւ 1 երկաթե ձողի կտոր են հանել:

Արթուրը բացատրում է, որ սա բերդում ընդունված` նպատակին հասնելու մեթոդ է, եւ դատապարտյալները հաճախ են դիմում այս քայլին:

«Կտրում ես գդալի գլուխը, հարթեցնում ու բրդում ներս»,- ցույց տալով` բացատրում է նա ինձ եւ ավելացնում, որ երկաթե ձողի դեպքում մի քիչ դժվար էր կուլ տալը, եւ ինքը ստիպված է եղել թեքել, հարմարեցնել այն: Ասում է, որ հստակ գիտի` ինչ կուլ տալու դեպքում ինչ աստիճան է վտանգավորությունը, նա, իրոք, ցանկացել է վնասել իրեն, դրա համար է այդքան շատ երկաթ կուլ տվել:

«Ես դեռ չեմ պատկերացնում ինձ ազատության մեջ, ի՞նչ իմանամ, որ դուրս գամ, ի՞նչ եմ անելու, հաստատ աշխարհն այդ ժամանակ փոխված կլինի»,- ասում է նա:

Դատապարտյալներն ամենից շատ բողոքում են նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովից, որը հիմնականում մերժում է դատապարտյալների` պատժից վաղաժամկետ ազատումը: Նշենք, որ նախկինում տվյալ գործառույթը վերապահված էր քրեակատարողական հիմնարկների վարչակազմին:

Սեյրանը, որն իր պատժի 1 տարի 10 ամիսը կրել է, արդեն երկու անգամ ներկայացված է եղել հանձնաժողովին եւ մերժվել է:

«Հանձնաժողովը չի կարող մեզ ավելի լավ ճանաչել ու բախտի քմահաճույքով մեկին դրական պատասխան տալ, մյուսին` բացասական, հետո էլ մի տեսակ վիրավորական է, երբ ադմինիստրացիան քեզ համար երաշխավորում է, հետո այդ կարծիքը հաշվի չեն առնում»,- ասում է Սեյրանը, բայց հույսը չի կտրում, որ մի օր էլ բախտն իրեն կժպտա եւ դուրս կգա այստեղից:

«Ամենադժվարը հիվանդ հանցագործների հետ աշխատելն է»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանն ասում է, որ այսօր իրենց ձեռքբերումներից է բարեփոխված համակարգը, բարեկարգված սենյակները, նրանք կարողացել են լուծել դեղորայքային խնդիրը, իսկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Խնամքո՞վ են դատապարտյալները վարվում ՔԿՀ-ի գույքի նկատմամբ» հարցին պրն Աֆրիկյանը պատասխանում է` «իրենց տան նման» եւ ընդգծում, որ ամեն ինչ կախված է վերջիններիս դաստիարակությունից. եթե իրենց տան գույքի նկատմամբ խնամքով են, այստեղ էլ են խնամքով, չնայած, ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ իրենց տանն այս մարդիկ «վայրենավարի են»:

ՔԿՀ պետի տեղակալ Արամ Խաչատրյանը նշում է, որ հսկայական փոփոխություններ են եղել 2004-ից մինչեւ հիմա, անգամ հիվանդ դատապարտյալներն են փոխվել: Նրա խոսքերով` այն տարիներին լինում էր, երբ ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալն իր արյունը քաշում էր ներարկիչի մեջ եւ սպառնում աշխատակցին, անգամ հետեւից ընկնում:

«Հիմա էլ են միջադեպեր լինում, բայց բնույթն այլ է: Օրինակ` օգոստոսի վերջին փախուստի դեպք գրանցվեց, երբ 31-ամյա դատապարտյալը թոքախտով հիվանդների բաժանմունքի 4-րդ հարկից թռել էր պահակակետի աշտարակի վրա, որտեղ, ի դեպ, աշխատողը զենքով կանգնած է, այնտեղից էլ հարեւանությամբ գտնվող տպարանի բակ էր թռել ու փախել: Իհարկե, հաջորդ օրը բռնեցինք: Հետո պարզվեց, որ փախուստը հատուկ նպատակ չի ունեցել»,- պատմում է պրն Խաչատրյանը:
Նա նշում է, որ իրենց հիմնարկի առանձնահատկությունն այն է, որ գործ ունեն հիվանդ հանցագործների հետ:

«Հիվանդ մարդը, ինչքան էլ առողջ ժամանակ բարի եղած լինի, անկախ իրենից չարանում է ու իրեն թվում է` իր խնդիրներով բոլորը պիտի զբաղվեն, օրենք խախտեն իր համար»,- ասում է Արամ Խաչատրյանը եւ ավելացնում, որ այս մարդկանց հետ որպես հոգեբան աշխատում է ողջ 200 հոգանոց անձնակազմը, հատկապես մեծ է հոգեբանի, իրավաբանի ու սոցիալական ծառայողի աշխատանքի դերը:

Դատապարտյալների հիվանդանոցի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատող Հայկ Թովմասյանն ասում է, որ աշխատում է աջակցել դատապարտյալներին հաշմանդամության կարգ ստանալու, թոշակավորման, աշխատանք ստանալու եւ այլ հարցերում: Նա նշում է, որ դատապարտյալների 30-40 %-ը ցանկություն է հայտնում աշխատելու, բայց աշխատատեղերն են քիչ:

«Տեսակցության հիմնականում գալիս են այս մարդկանց կանայք, մայրերը, քույրերը: Երբեմն էլ միայն արական սեռի ներկայացուցիչ բարեկամներն են գալիս, քանի որ դատապարտյալները չեն ուզում իրենց կանայք այստեղ մուտք գործեն»,- ասում է Հայկ Թովմասյանը եւ ավելացնում, որ դատապարտյալներ էլ կան, ում ընդհանրապես ոչ ոք չի այցելում, որովհետեւ նրանք «այստեղ են ապրում», դուրս են գալիս բանտից, նորից հանցագործություն են անում ու վերադառնում` իրենց բնույթով «ավտարիտետներ» լինելով:

Գլխավոր մասնագետ իրավաբան Նարինե Միկոյանն ասում է, որ հիվանդանոց եկող դատապարտյալներն իրենց իրավունքներին լավ իրազեկ են դեռ մեկուսարանից, եւ բոլորն էլ ուզում են մեղմացնել իրենց վճիռը, Եվրոպական դատարան դիմել: Ըստ նրա` հատկանշական է, որ նրանք հաճախ են շահարկում իրենց` ինչ-որ հարցում իրավունք ունենալու փաստը:

«Այս տարի ամուսնության 2 դեպք ենք ունեցել, մեկ ամուսնալուծություն է գրանցվել»,- մեկ այլ սոցիալական ցուցիչի մասին է խոսում Նարինեն:

«Դատապարտյալների հիվանդանոցում» հանձնաժողովից մերժվածներին հաճախ դժվար է լինում հանգստացնել:

«ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալ ունենք, ով անկախ հանձնաժողովի կողմից մերժվել էր եւ շուրթերը կարել էր, հացադուլ հայտարարել: Դե պատկերացրեք, արյունը գնում է, եւ ես նստած հետը զրուցում եմ` լավ հասկանալով, որ, ճիշտ է, շփում չկա, բայց արյունը կարող է թռնել աչքիս մեջ: Նամանավանդ սկզբնական շրջանում ավելի բարդ էր հանգստացնել նրանց»,- պատմում է պրն Խաչատրյանը:

Նա խնդիրը 2 տեսանկյունից է մեկնաբանում. «Մի կողմից` պետական անվտանգության հարց է, եւ ռիսկայնությունը մեծ է, որ 8 անգամ դատապարտված, 2 անգամ վաղաժամկետ ազատված մարդը կարող է ուղղված լինել: Փորձը ցույց է տալիս, որ նրանք 4-5 ամիս հետո վերադառնում են: Մյուս կողմից` իրոք մարդիկ կան, որ զգում ես` փոխվել են, վստահելի են»:

Նշենք, որ 2007-ից մինչեւ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կողմից քննարկվել է 82 դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, սակայն անկախ հանձնաժողովին ներկայացվել է 75 հոգի: Հանձնաժողովը 20 դատապարտյալի ազատմանը հավանություն է տվել, եւ դատարանը 20-ին էլ ազատել է:

 ՙԱռավոտ՚ թերթի աշխատակիցները այսօր ստիպված են եղել պաշտպանել իրենց գործընկերուհուն` խմբագրություն ներխուժած անձանցից: Այսօր խմբագրություն գալով` լրագրող Ռուզան Մինասյանը հանդիպել է անկոչ հյուրերի, որոնք վիրավորել են նրան, հայհոյել սեռական բնույթի ամենաանպարկեշտ բառերով: Նրանք փորձել էլ հաշվեհարդար տեսնել լրագրողի նկատմամբ՝ դժգոհ լինելով  թերթի նախորդ օրվա հրապարակումից:

Հարձակվողները 2002 թվականի հունիսի 24-ին սպանվածների հարազատներն էին եւ իրենց վայրագությունը «բացատրում էին» նրանով, որ «Առավոտը», իրենց կարծիքով, իրավունք չուներ հրապարակել այն սպանությունների համար դատապարտվածի նամակը, որտեղ նա պնդում էր իր անմեղությունը: Քանի որ ջարդարարները չէին հանդարտվում, սեռական հայհոյանքները (նաեւ կանանց շուրթերից) եւ քաշքշուկը շարունակվում էին, թերթի աշխատակիցները դիմել էին Կենտրոնի ոստիկանություն, որի ներկայացուցիչները արձագանքել են ահազանգին եւ հարձակվողներին կարգի հրավիրել:

Հարուցվել է քրեական գործ՝ 164-րդ հոդվածով՝ «մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով»: Սակայն հարձակվողները սպառնալիքներով չեն սահմանափակվել եւ վնասվածք են հասցրել Ռուզանին, որի արդյունքում կապտել եւ ուռել է լրագրողի շուրթը:

Բոլոր մանրամասները կարդացեք այստեղ` 1, 2, 3, 4: Կարդացեք նաեւ քաղաքացիների կարծիքները տեղի ունեցածի մասին այստեղ:

Ժամանակը գալիս է և դուք,   որ անցյալում հավատում էիք ազատ խոսքի գաղափարին, ուսանողության տարիներին երազում էիք սարեր շուռ տալ, հանկարծ դառնալով տեղեկատվության մենաշնորհի կրողները սկսում եք երկմտել, տրոհվել և իրականում հայտարարում  մի բան, իսկ անում եք ամբողջովին այլ , այսինքն դառնում եք երկակի ստանդարտներով գործողներ: Բռնապետությունը սկսում է ոչ թե այն ժամանակ, երբ քեզ ստիպում են ապրել այս կամ այն ձևով, անգամ ոչ այն ժամանակ, երբ դու համաձայն ես լռել, այլ այն ժամանակ, երբ դու արդեն ինքդ ես ուզում ապրել այդպես: Օրինակ, լրագրողի կողմից պատրաստված նյութը բազմաթիվ անգամ «կտրատելուցլուցեհետո, հաջորդ անգամ արդեն նա կպատրաստի այնպես, ինչպես ուզում է այն տեսնել խմբագ իրը: Ինձ ծանոթ լրագրողուհի մի անգամ ասած, որ եթե չես ուզում քեզ տեսնել հեռուստացույցով,

Սերժ Սարգսյանին քննադատի` ոչ մի ալիքով քեզ  ցույց չեն տա : Ի՞նչ է , խմբագի՞րը չի թողնի: Ոչ , հիմա արդեն լրագրողը չի նկարահանի :

 

Մի փոքրիկ պատմություն սեփական փորձիցՄի քանի օր առաջ ինձ զանգահարեց մի լրագրող և հայտարարեց, որ Տեղեկատվության ազատության կենտրոնի ամենամյա մրցանակաբաշխության անկախ ժյուրիի կողմից ընտրվել եմ ՙիր տեղեկատվության իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի՚ նոմինացիայում : Նա ասաց, որ տալիս են ինձ այս մրցանակը ակտիվ քաղաքացի լինելու համար: Անկեղծ ասած ուրախացա, թեև ինձ համար   անսպասելի էր, որ այդ ակտիվության համար առհասարակ կարելի է մրցանակ տալ: Հաջորդ օրը զանգահարեց Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, շնորհավորեց և նաև ասաց, որ մրցանակը ինձ տալու է ՀՀ Օմբուդսմենը: Երբ ես ասացի, որ դա ինձ համար անընդունելի է, Շուշան Դոյդոյանը ասաց, որ ավելի լավ է ես չգամ , քանի որ նա չի ուզում, որ ՍԿԱՆԴԱԼ լինի: Ասացի , որ երեկոյան կպատասխանեմ: Երեկոյան ասացի, որ կգամ , բայց անպայման ելույթ կունենամ և կասեմ, որ քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում չի գործում: Շուշան Դոյդոյանը ասաց, որ դա անհնար է և ես հրաժարվեցի մրցանակից: Նա նաև ասաց, որ ես իմ անձնական (!) խնդիրները լուծելու համար օ գտագործում եմ ԻՐ միջոցառումը որպես ամբիոն: Բացի այդ, ժյուրիի այն անդամը, որն առաջարկել էր իմ թեկնածությունը , այն հետ է վերցնում: Կենտրոնի տնօրենն ասաց նաև, որ ընդհանրապես այս տարվանից հանում է քաղաքացունոմինացիան (ինչը շատ խորհրդանշական է Հայաստանում տեղեկատվության ազատության համար): ՙՊատկերացրեք , որ մենք ձեզ չենք զանգահարել, և այս խոսակցությունը չի եղել՚, ասաց Շուշան Դոյդոյանը:

 

Լավ կլիներ,  բայց այս խոսակցությունը ցավոք սրտի եղել է, և ես ականատես եղա, թե ինչպես պաշտոնյային ՙչնեղացնելու՚ և ՙսիրուն՚ միջոցառում անցկացնելու համար լռեցրեցին մեկին, ում մրցանակ է շնորհվել հենց չլռելու համար: Փաստորեն ակնկալվում էր անցկացնել մի միջոցառում, որտեղ այն մարդիկ, ովքեր պայքարում են պաշտոնյաների չարաշահումների և անգործության  դեմ պետք է ուրախացած մրցանակ ստանան հենց այդ պաշտոնյաների ձեռքից: Ավելին, այդ մարդիկ հնարավորություն չպետք է ունենան իրենց կարծիքը արտահայտել Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Ծուռ հայելիների թագավորություն:   

 

Հարգելի լրագրողներ և ոչ միայն, թույլ տվեք ինձ հիշեցնել, որ եթե հայտարարում եք ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության գոյության մասին, դա այլևս ձեր սեփականությունը չէ, այլ հայտարարման օրվանից ի վեր ուղղված է իր առաքելության իրականացմանը : Ավելին, այդ առաքելության իրականացմանը պետք է բնորոշ լինի ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ: Երբ հայտարարվում է մի բան, իսկ իրականացման ուղիները ծառայում են դրա հակառակ նպատակներին, այդ հայտարարված գաղափարը այլևս արժեզրկված է: Նմանապես, երբ լրագրողն իր խղճից և էթիկայից բացի սկսում է իր գործի մեջ առաջնորդվել այլ սկզբունքներով և գեղեցիկ բառերի տակ քողարկած ֆարս իրականացնել, քաղաքացին այլևս իր կարծիքը լսելի լինելու ոչ մի հույս չունի: 

 

Որպես առաջարկ` Հայասատանում տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունից ոչ թե ՙքաղաքացու՚ նոմինացիան հանեք, այլ ՙազատություն՚ բառը ջնջեք:

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Հարցերի և ձեր կարծիքի համար` 093 447643, էլ.հասցե` lalakap2000@yahoo.com

Երևան, 28.09.07

 

P.S. Մրցանակը ի վերջո տրվեց ուսանողներին ` ապագա լրագրողներին: Մի փչացրեք նրանց:

 

Վերցված է Observer-ից:

[Հոկտեմբեր 08, 2007]21-ամյա Անին մինչեւ նախորդ տարի իր բուհի ուսանողական խորհրդի (ՈւԽ) ակտիվիստներից էր, բայց հիմա ոչ միայն ուսանողական խորհրդի հետ կապ չունի, այլեւ պատրաստվում է բակալավրիատից հետո Հայաստանից մեկնել` ուսումն այլ երկրում շարունակելու:«Ես մի լուրջ գաղափարական հարցում համամիտ չէի ուսանողական խորհրդի հետ եւ հաճախ վիճում էինք: Մի օր էլ ինձ հասկացրին, որ ՈւԽ-ն ուրիշ լծակներ էլ ունի եւ կարող է ինձ հետ ամենադաժան հաշվեհարդար տեսնել` մինչեւ անգամ վարկաբեկում»,- պատմեց Անին եւ նշեց, որ ոչ մի «վատ բան» տեղի չունեցավ, որովհետեւ հետ կանգնեց իր բոլոր պնդումներից: Նա համարում է, որ իր պես շատ ուսանողներ հիասթափվում են ոչ միայն հասարակական աշխատանքներից, այլեւ Հայաստանից ընդհանրապես, ինչը բերում է բուհերում ՈՒԽ-ների բացարձակ իշխանության, եւ մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, ոչ մի ուսանողական շարժում սկսել չեն կարողանում:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ՈՒԽ նախագահ Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ հիմա իրենց բուհում ոչ մի լուրջ ուսանողական շարժում չկա, բայց ՈՒԽ-ականների իրենց սերունդն իշխանության է եկել մի այդպիսի շարժման հետեւանքով:
«Մենք հայ երիտասարդ ազգայնականների ակումբ էինք կազմել, որն ՈՒԽ-ի հետ կապ չուներ, երթեր, ցույցեր, միտինգներ էինք անում, մեր շարժման կորիզը այսօրվա ՈՒԽ-ն է»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը, ով ՈՒԽ նախագահ է ընտրվել 2005 թ.:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Ռոբերտ Մակարյանն ասում է, որ բուհի ներսում հնարավոր չէ այլընտրանք լինել ՈւԽ-ին:

«Շատերի մոտ ՈՒԽ-ն ասոցացվում է ինչ-որ կլանային համակարգի հետ, կարծում են, որ ՈՒԽ-ն ինչ-որ մաֆիա է ձեւավորում, որը չի թողնում իր պատերից ներս ոչ մի ուսանողի, բայց չէ՞ որ ուսանողներն են ձեւավորում ՈՒԽ-ն»,- ասաց Ռոբերտը, ով արդեն 4-րդ տարին է ղեկավարում ՈՒԽ-ն:

Իսկ թե ինչքանով է դրսեւորվում բուհի ներսում ՈՒԽ-ների դոմինանտությունը, տարբեր բուհերի ՈՒԽ նախագահներ իրենց բանաձեւն ունեն:

«Սկսենք այնտեղից, որ ուսանողներն իրենց իրավունքների ներկայացուցիչ ընտրում են ըստ հնարավորությունների, մեր դեպքում` նաեւ ըստ անձնական հնարավորությունների: Եթե ուսանողները գտնում են, որ ձեռնտու է ընտրել տվյալ անձնավորությանը, ավելի շատ կօգտվեն նրանից, ընտրում են»,- ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Հայկ Ակրմազյանը, ով մոտ 6 ամսվա ընթացքում պատրաստվում է հանձնել իր լիազորությունները ՈՒԽ նոր նախագահին:

Տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Նարեկ Մանթաշյանն ՈՒԽ ներսում կոռուպցիա չի համարում այն, երբ տեսնում է, որ մարդն, իրոք, ՈՒԽ-ի համար աշխատում է, եւ ինքը միջնորդում է, որ 4-ը 5 դառնա, բայց ոչ 2-ը` 5:

«Մի անգամ փորձ արվել է ուսանողական շարժման, բայց տեսան, որ ոչնչով չի արդարացնում իրեն: Բուհի ներսում կա ուսանողական ինքնակառավարման մարմին. ուզում ես, անդամագրվիր, չես ուզում, դառնում ես տվյալ կառույցին ընդդիմադիր: Նման դեպքում ոչ մի խմբակ չի կարող գործել»,- ասաց Նարեկը, ով այս տարվա ապրիլ ամսին է ՈՒԽ նախագահ ընտրվել:

Երեւանի պետական համալսարանի ՈՒԽ նախագահ Համլետ Մանուկյանն ՈՒԽ-ի հետ չհամաձայնվողներին ու շարժում սկսողներին ամբիցիոզ մարդիկ է համարում եւ ասում է, որ լուրջ չի ընդունում նրանց` ինքնադրսեւորման մեթոդ համարելով շարժումը: Նշենք, որ բուհի ներսում մի քանի այդպիսի խմբակներ են գործում:

«Հաճախ նրանք փորձում են ՈՒԽ անունը օգտագործելով նոր մարդկանց ընդգրկել իրենց շարքերը, ու եթե մենք իմանում ենք, խոչընդոտում ենք նրանց, կանչում ենք, խոսում հետները»,- ասաց Համլետը:
Իսկ ահա Ազգայնական ուսանողների խորհրդի անդամները (ԵՊՀ-ում գործող ուսանողական շարժումներից է) ասում են, որ իրենք հիմնականում կազմակերպում են այն միջոցառումները, որոնք չի կազմակերպում ՈՒԽ-ն, օրինակ` արշավներ ու բնագիտական առարկաների օլիմպիադաներ:

«Ֆորմալ ձեւավորվեցինք մայիսին, չնայած միշտ մտքերը կային: Մենք նույն կազմով միջոցառումներ էինք կազմակերպում ՈՒԽ-ին կից, հաճախ էլ ՈՒԽ-ն չէր ուզում մեզ հետ համագործակցել, մենք մեր ուժերով էինք անում»,- պատմեց նախաձեռնող խմբի անդամներից Դանիելը:

Պետական բժշկական համալսարանի ՈՒԽ նախագահ Ավագ Ավարշյանն էլ ասում է, որ իրենց Ուսանողական խորհրդարանի «հակակշիռը» արտասահմանցի ուսանողների խորհուրդն է, որոնցից, օրինակ, հնդիկների հետ կապն անցած տարի կտրվել էր հնդիկ ուսանողի մահվան միջադեպից հետո, բայց հիմա նորից իրար հետ աշխատում են: Նշենք, որ Ավագը 2 շաբաթ առաջ է ընտրվել ՈՒԽ նախագահ:

Հանրապետական պիտի լինե՞ս ՈՒԽ նախագահ ընտրվելու համար

Նելլին Տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է եւ ՈՒԽ անդամ: Նա խորապես համոզված է, որ ՈՒԽ-ում առաջ չէր կարող գնալ, եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չանդամագրվեր: «Հիմա, երբ կուրսում խնդիր է լինում, ընկերներս ասում են. «Դուխով խոսա, համ ուսխորհրդից ես, համ էլ` հանրապետական»,- ասաց Նելլին:

Տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Նարեկն ինքն էլ հանրապետական է եւ չի ժխտում, որ չնայած ՈՒԽ-ում տարբեր կուսակցությունների անդամներ կան, բայց գերակշիռ մասը հանրապետականներ են: «Բուհի ներսում քարոզչություն չկա, եւ ոչ ոք պարտադրաբար չի տարվում կուսակցություն: ՈւԽ նախագահ ընտրվելիս էլ իմ քաղաքական կողմնորոշումները ոչ մի դեր չեն խաղացել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:

Մեր զրուցակից բոլոր ՈՒԽ նախագահները, բացառությամբ ԵՊՀ ՈւԽ նախագահի, Հանրապետական կուսակցության անդամներ են:

«2003 թ., երբ դարձա ՈւԽ նախագահ, բուհերում համատարած, ՈւԽ նախագահների մակարդակով, հանրապետականացման սինդրոմ էր, եւ ես այն եզակի ՈւԽ նախագահներից էի, որ չտրվեցի այդ հոսանքին, որպեսզի արհեստական չլինի առաջխաղացումս, ես այն ժամանակ շատ մարդկանց կողմից «ճնշում» չասեմ, «համոզում էին», խնդրանքներին տեղի չտվեցի: Ու միայն այս տարի հունվարին եմ կուսակցություն մտել»,- պատմեց Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտ Մակարյանը:

Բժշկական համալսարանի ՈւԽ նախագահ Ավագ Ավարշյանն ասում է, որ 4 տարի է, ինչ կուսակցական է եւ վկայակոչում է իրենց համալսարանի նախկին ՈՒԽ նախագահներին` Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, որոնք նույնպես նույն կուսակցությունից էին եւ հիմա ԱԺ պատգամավորներ են:
Իսկ ԵՊՀ-ում նախորդ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ՈւԽ-ի հետ համատեղ սկսվեց մի ուսանողական շարժում` «Հույս»-ը, որը շատերի կողմից տարբեր մեկնաբանություններ ստացավ` ընդհուպ մինչեւ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մաս:
Շարժման խմբի անդամներից Գրիգորի խոսքերով` նախընտրական շրջանում շարժումը նախաձեռնվեց, որովհետեւ այս ժամանակ են խնդիրները լուծում ստանում:

«Մենք ձեռքբերումներ ունեցանք այն ժամանակ, իսկ առաջիկա նախագահականի նախօրեին նման ակտիվություն դրսեւորելը նպատակահարմար չէ»,- ասաց Գրիգորը:
ԵՊՀ-ում գործող Ազգայնական ուսանողների խորհրդի անդամներից Արամի խոսքերով` իրենց շարքերը հաճախ համալրվում են հենց ՈՒԽ-ից դուրս եկածներով` վերջինիս կուսակցականացվածության պատճառով, չնայած ՈւԽ-ում այդպես չեն կարծում եւ պնդում են, թե ոչ մի տեսակի քարոզչություն չի արվում:

ՈւԽ-ների տղաներն էլ են տաքարյուն, ԱԺ պատգամավորների նման

Նորանկախ Հայաստանի պետական բուհերի ուսանողական խորհուրդները 14-15 տարվա պատմություն ունեն, ՈւԽ-ների նախագահներից շատերը համարում են, որ Հայաստանում արդեն զարգացել է ՈւԽ-ների կուլտուրան, եւ բուհերի կառավարման խորհուրդներում նրանց 25 տոկոս ներկայությունը մեծ ձեռքբերում է: Կարեւոր են նաեւ ՈւԽ-ների բյուջետային հատկացումները ռեկտորատների կողմից, նաեւ` Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչը ենթադրում է, որ լավ ծրագիրն առանց ֆինանսավորման չի մնա:

Իսկ ինչքանո՞վ են բաց ու բոլոր ուսանողներին հասանելի բուհերի ՈւԽ-ները:
Տարբեր համալսարաններում մեր կատարած հարցումներին շատ ուսանողներ խուսափում էին պատասխանել, օրինակ` Տնտեսագիտական համալսարանի մի խումբ տղաներ կտրականապես հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել իրենց ՈւԽ-ի գործունեության մասին: Ճարտարագիտական համալսարանում գովում էին իրենց ՈՒԽ-ն, բայց չգիտեին, թե որտեղ է գտնվում ՈւԽ նախագահությունը, ինչ խնդիրներով է զբաղվում եւ ովքեր են իրենց ֆակուլտետների ՈւԽ անդամները: Երեւանի պետական համալսարանում էլ շատերը տեղյակ էին ՈւԽ գործունեությունից, մի քանիսն անգամ համալսարանի հանգստյան տուն էին գնացել ՈւԽ-ի օժանդակությամբ: Բժշկական համալսարանում հանդիպեցինք հնդիկ ուսանողների մի խմբի, եւ աղջիկներից Պուջան ասաց, որ համալսարանի ՈւԽ-ից դժգոհ են, որովհետեւ նրանք հիմնականում ռեկտորատի հետ են աշխատում, ոչ իրենց: Մանկավարժական եւ Ագրարային համալսարաններում էլ առանձնահատուկ պատասխաններ չեղան, մեծ մասն անտեղյակ էր ՈւԽ աշխատանքներից, բայց ՈւԽ համակիրներ էլ շատ կային: Ընդհանուր էր այն, որ բոլոր համալսարաններում ուսանողները համարում էին, որ ՈւԽ-ն աշխատում է համալսարանների ղեկավարությանը գոհացնելու համար: Մի քանի ուսանողներ էլ ասացին, որ «լավ ՈւԽ-ները կռված են լինում դեկանատների հետ»:

Մեզ հետ զրուցած ՈւԽ նախագահներից շատերի խոսքերով` ՈւԽ ակտիվիստներն ու անդամները 150-300 հոգի են` կախված համալսարանի մեծությունից, իսկ ընդհանրապես ամեն համալսարանում ակտիվ է մոտ 2000 հոգի: ՈւԽ հիմնական գործառույթներն ու իրականացրած ծրագրերը հիմնականում զվարճալի, ժամանցային են, հիմա նաեւ` գիտակրթական:
Ճարտարագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Հայկ Ակրմազյանը համարում է, որ այսօրվա ՈւԽ-ների թիվ մեկ խնդիրը Եվրոպական ուսանողական միությանն անդամագրվելն է, որին արդեն անդամակցում են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ շատ այլ երկրներ:

«Մեր ուսանողական կառույցները չեն կարողանում միավորվել, գուցե լուրջ չեն վերաբերվում հարցին, դրա համար է: Արդյունքում մեր ուսանողերը չեն օգտվում այդ հնարավորություններից, ինչը կառույցն ընձեռում է մյուս երկրներին»,- ասաց Հայկը: Նա նաեւ գտնում է, որ ուսանողական խնդիրները ԶԼՄ-ները չեն լուսաբանում, դրա համար էլ համատարած անտեղյակություն է:
Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտը համարում է, որ հեղինակությունների խնդիր կա ոլորտում, եւ նոր նախագահները դեռ երկար պիտի աշխատեն իրենց վրա:

Իսկ այն հանգամանքը, որ ՈւԽ-ներում խնդրո առարկա վեճերը հաճախ են տեղափոխվում այլ հարթություններ, ՈւԽ նախագահները տարբեր կերպ են մեկնաբանում:

«ՈւԽ-ից բողոքողները միշտ այնպիսի մարդիկ են, որ ոչ մի բան չեն փորձել իրենք անել, ու լինում են դեպքեր, երբ մեզ հասնում է, թե «մենք ի՞նչ ենք անում» եւ այլն, եւ համապատասխան ֆակուլտետային մարմինը գնում է այդ մարդկանց մոտ, որ պարզաբանեն, թե ինչու է այդպես արտահայտվել»,- ասաց Բժշկական համալսարանի ՈՒԽ նախագահ Ավագը:
Ճարտարագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Հայկը չի բացառում, որ իրենց գործունեության հետ կապված հակասությունները կարող են այլ կերպ լուծվել: «Մեր երիտասարդությունը տաքարյուն է, դա մեր ազգային դիմագիծն է»,- պատճառաբանեց նա:

Ագրարային համալսարանի ՈւԽ նախագահ Ռոբերտն էլ ասում է, որ իրենց մոտ տարբեր դաստիարակության եւ տարբեր մակարդակի մարդիկ են սովորում, ու ամեն մեկի հետ իր լեզվով պետք է խոսել:

«Քանի որ մենք բոլորս էլ, ի վերջո, հայ երիտասարդներ ենք, ու մեր տարիքն էլ այդ տարիքն է, հնարավոր է, որ խնդիրը տղայականով հարց լուծելուն հասնի: Բոլորս էլ մարդ ենք, չէ՞: Նույնիսկ Ազգային ժողովում են, ի վերջո, հասնում դրան »,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Համլետ Մանուկյանը:

Posted by: blansh | September 15, 2007

Ծեծի են ենթարկել լրագրողի

Այսօր, ժամը 19-ի սահմաններում փողոցում, մահակներով զինված մի քանի հոգի հարձակվել են ՙԻսկական Իրավունք՚ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա եւ նրան դաժան ծեծի են ենթարկել: Գալաջյանը հիմա պահին հիվանդանոցում ստանում է առաջին բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` պարզելու դեպքի հանգամանքները:

Նշենք, որ սա արդեն Հովհաննես Գալաջյանի վրա հարձակվելու երկրոդ դեպքն է: Առաջիը տեղի էր ունեցել 2006թ-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան: Դեպքից անմիջապես հետո Հ.Գալաջյանը դիմել էր Երևան քաղաքի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հետո սեպտեմբերի 6¬ին կատարված բռնության փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով:

Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում սովորական են լրագրողի նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են հանրությանը տեղեկացնելու գործընթացները,  եւ բնական է, սա էլ իր հերթին նպաստում է խոսքի ազատության սահմանափակմանը: Ցավալին այն է, որ Գալաջյանի եւ մյուս բոլոր միջադեպերի պարագայում ակնհայտ փորձում են խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղավորները երբեք չեն պատժվում համապատասխան հոդվածով (164-րդ):

Մեր խորհրդարանի պատգամավորները ոչ միայն օրենքներ են գրում, այլեւ հարձակվում են լրագրողների վրա: Հանրապետական Նահապետ Գեւորգյանը մոտեցել է “Առավոտի” լրագրող Աննա Իսրայելյանին եւ փորձել է հաշիվ մաքրել իր անվան հետ կապված մի հոդվածի համար, որը հեղինակը իրականում Աննա Իսրայելյանը չէր, այլ ”Առավոտի” մեկ այլ լրագրող: Վիդեոն “Ա1+”-ից:

[Հուլիս 30, 2007] hetq

20-ամյա Ռուբենը Երեւանի միակ գեյ-ակումբի բարմենն է եւ այն երեք տղաներից մեկը, ով երեւանյան գիշերային ակումբներում սթրիփթիզ է պարում:

 Ռուբենն ընտանիքից գաղտնի է պահում իր աշխատանքի բնույթը, միայն մի քանի ընկերներ գիտեն այս մասին: Եվ այդ մի քանի ընկերներն էլ գիտեն, որ նա տղայի է սիրում:

«Դպրոցի ավարտական դասարանում արդեն ծնողներս կասկածներ ունեին իմ սեքսուալ հակումների վերաբերյալ, եւ շատ կռիվներ եղան մեր տանը: Հիմա այդ մասին չենք խոսում, կարծում են, թե փոխվել եմ: Իսկ աշխատանքիս մասին գիտեն, որ մի ակումբում բարմեն եմ, բայց չգիտեն, որ դա գեյական է, սթրիփթիզի մասին անգամ խոսք լինել չի կարող»,- ասաց Ռուբենը:

Ռուբենն ուսանող է, ապագա տնտեսագետ: Ասում է, որ պարից գրեթե գումար չի վաստակում, քանի որ տղամարդկանց սթրիփթիզի երեկոներ շատ քիչ են կազմակերպվում, սակայն գումար վաստակելու խնդիրը նրա համար դեռ ամենաբարդը չէ: Նա պատմում է, որ ամենամեծ դժվարությունն իր համար եղավ այն, որ հաղթահարեց ծնողների հետ վեճերի շրջանը եւ հաշտվեց:

«Երբ ծնողներս իմացան այդ մասին, ինձ մեկուսացրին, հետս չէին խոսում, անընդհատ ճնշում էին, ու ես հոգեկան ծանր վիճակում էի: Ես ագրեսիվ էի ու վատ մարդ էի դառնում, որովհետեւ, պատկերացրեք, դու ապրում ես մի աշխարհում, որտեղ քեզ չեն ընդունում»,- ասաց Ռուբենը:

Միասեռականների նկատմամբ ճնշումներն ու անհանդուրժողականությունը, որը հաճախ վերածվում է թշնամանքի, հայ հասարակության կարծրատիպերից են: Այս մասին է վկայում Երեւանի կենտրոնում տարբեր տարիքի 100 մարդկանց միջեւ անցկացրած մեր հարցումը:

Այսպես` հարցվածների 53 տոկոսը թշնամանքով է վերաբերվում միասեռականներին, 40 տոկոսը հանդուրժող վերաբերմունք ունի, 4 տոկոսը լավ է վերաբերվում, իսկ 3 տոկոսը դեռ կողմնորոշված չէ: «Ձեր երեխան միասեռական լինելու դեպքում ի՞նչ կանեիք» հարցին հարցվածների 73 տոկոսը պատասխանեց, որ չի ընդունի որպես երեխա եւ կդադարի շփվել:

Հոգեբան Դավիթ Ամիրյանը կարծում է, որ հայ հասարակության այս կեցվածքը հատուկ է հետխորհրդային բոլոր երկրներին:

«Չիմացության եւ միասեռական հարաբերությունների մասին սխալ պատկերացումների պատճառով հայերը հիմնականում այն զուգորդում են այլասերման հետ եւ համարում, որ մեր ազգին բնորոշ չէ հենց այս պատճառով»,- ասում է հոգեբանը: Նա նաեւ պարզաբանեց, որ միասեռական հակումները կարող են դրսեւորվել տարբեր տարիքում, եւ միասեռականներին հասկանալու համար կարեւոր է ճիշտ պատկերացում ունենալ երեւույթի մասին ընդհանրապես:

Միասեռականության մասին միանշանակ կարծիք ունի Հայ Առաքելական եկեղեցին: Սուրեն դպիր Ներսիսյանի հավաստմամբ` եկեղեցին այս մարդկանց նայում է որպես հիվանդների եւ պատարագներին թույլ չի տալիս հաղորդություն ստանալ, որովհետեւ համարում է, որ մեղքի մեջ են: Եթե անգամ զղջում էլ է, ուրեմն ապաշխարության շրջանում է, եւ էլի չեն կարող հաղորդություն ստանալ (իհարկե, «եթե եկեղեցին իմանում է վերջինիս շեղումների մասին»):

«Այս մարդիկ պիղծ չեն, նրանց մեջ պղծություն կա, գուցե ի ծնե, եւ վերջերս էլեկտրոնային փոստով նամակ գրած մի միասեռականի մենք խորհուրդ տվեցինք ավելի մոտենալ Աստծուն, ապաշխարել»,- ասաց Սուրեն դպիրը:

Սուրեն դպիր Ներսիսյանի հավաստմամբ` ողջ քրիստոնեական աշխարհը նույն վերաբերմունքն ունի միասեռականների նկատմամբ, բացառություն է Մեթոդիստ եկեղեցին Ամերիկայում, որը պսակադրում է միասեռականներին, եւ որի հետեւորդների 40%-ը 2000 թվականին տեղի ունեցած համաժողովի ժամանակ հավանություն էր տվել արվամոլ ձեռնադրելուն:

51-ամյա Գեւորգը հաջողակ բիզնեսմեն է: Նա ասում է, որ հիմա, երբ ընկերություն է անում 17-ամյա մի տղայի հետ, նույն զգացմունքներն ունի, ինչ տարիներ առաջ իր կնոջը սիրահարվելիս: Գեւորգն իր այդ հակումները բացահայտել է մի քանի տարի առաջ, կնոջ եւ երեխաների հետ երկար ապրելուց հետո:

«Գեյական սերն ավելի բնական եմ համարում, որովհետեւ երկուսն էլ նույն սեռից են, իրար ավելի լավ են հասկանում եւ բնական են պահում: Թող ինձ ներեն աղջիկները, բայց նրանք երբեք մինչեւ վերջ անկեղծ չեն լինում»,- ասաց Գեւորգը: Նա համաձայնեց մեզ հետ խոսել իր բնակարանում, որտեղ, իր խոսքերով, ես մուտք գործած առաջին «նատուրալ» աղջիկն էի:

Նա պարզաբանեց, որ միասեռական հակումներ միշտ էլ ունեցել է, իսկ առիթը եղավ այն, որ ընտանեկան վեճերը, սեռական անբավարարվածությունը հոգնեցրին իրեն: Գեւորգը կնոջից օրինական չի բաժանվել, բայց միասին չեն ապրում, իսկ երեխաների հետ ամեն շաբաթ հանդիպում է: Ասում է, որ փոքր երեխան երեւի ոչ, բայց մեծերը գլխի են ընկնում իր հակումների մասին, քանի որ մտերիմ են եւ շատ ժամանակ են իրար հետ անցկացնում:

«Ես կուզենայի այդ մասին բացահայտ հայտարարել, որովհետեւ կարծում եմ, որ արտառոց բան չեմ անում, բայց դե ընտանիք, շրջապատ, աշխատանք, ես չեմ ուզում կորցնել իմ ձեռքբերումները բիզնեսում, հին ընկերներիս հետ կիսվել չեմ կարող»,- ասաց Գեւորգը եւ պատմեց, որ իր վարձած բնակարանում շատ հաճախ հավաքույթներ է կազմակերպում, նեղ շրջանակով հավաքվում են այնտեղ, ու դա իրենց գաղտնիքն է:

Դեռ հինգ տարի առաջ Հայաստանում միասեռականությունը քրեորեն պատժելի արարք էր համարվում, եւ միասեռականները ոստիկանության աշխատակիցների մշտական թիրախն էին, անընդհատ ձերբակալում էին, մեծ գումարներ վերցնում: Այսօր ոստիկանությունը չի ձերբակալում միասեռականներին, սակայն նրանք շարունակում են գաղտնի հավաքվել եւ նախընտրում են թաքցնել իրենց միասեռականությունը:

Գեւորգն ասում է, որ մի քանի ակումբներ կան, որտեղ կարող են իրենց ազատ զգալ, իսկ շատ միասեռականներ դրսում են հավաքվում, ինչը, նրա կարծիքով, ցածր մակարդակով է կազմակերպվում, եւ իր ընկերների հետ նա չի մասնակցում այդ հավաքներին:

«Շատերը վախենում են անգամ ակումբ գալ, ասում են` կճանաչեն: Ես էլ ասում եմ` ախր դու էլ իրենց կճանաչես, չէ՞: Հետո` ակումբում կիսելու ոչինչ չունենք եւ համերաշխ ենք լեսբիների հետ էլ»,- ասաց Գեւորգը:

Գեյ-ակումբի բարմեն Ռուբենը նշում է, որ սովորական օրերին 10-15 հոգի է լինում ակումբում, երեկույթներին ու հատուկ օրերին` 50-ից ավելի, անգամ կանգնելու տեղ չի լինում: Նշենք, որ Պետական ռեգիստրի գործակալության տրամադրած տվյալներով` մինչեւ հիմա իր բնույթով միասեռական ոչ մի ակումբ պաշտոնապես գրանցված չէ, դրանք գործում են այլ գրանցումով ու նեղ շրջանակների համար:

Մեզ հանդիպած բոլոր միասեռականների հավաստմամբ` շփվելու լավագույն միջոցն Ինտերնետն է, որտեղ շատերը ծանոթացել են իրենց զուգընկերների հետ: Հայ միասեռականների ծանոթության ինտերնետային կայքում 1764 միասեռական է գրանցված, որից 1306-ը գեյ է, 342-ը` բիսեքսուալ, 94-ը` լեսբուհի, եւ 22-ը` տրանսվիստիտ: Նրանք իրենց հայտարարություններում հիմնականում զուգընկեր են փնտրում ինտիմ հարաբերությունների համար, հաճախ էլ պարտադիր նախապայման են նշում գաղտնիության պահպանումը:

Մենք փորձեցինք հայտարարություն տվածներից մի քանիսի հետ շփվել ու նամակ գրեցինք: Պատասխանեցին բոլորը, բայց հանդիպել համաձայնեց մի սփյուռքահայ, որը երկու շաբաթով Երեւանում էր: Նա էլ պատմեց, որ մի քանի տարի առաջ դաժանորեն ծեծել են բանակում ծառայող իր ընկերոջը, եւ նա զորացրվելուց հետո բնակության է տեղափոխվել արտասահման` իր մոտ:

«Մի անգամ հետեւիցս անշնորհք բառ գոռացին, ես էլ ձեւացրեցի, թե հայերեն չեմ հասկանում, տհաճ էր այդ պահը»,- պատմեց Դարոնը եւ ավելացրեց, որ հայ գեյերի համար ամենադժվարը զինվորական ծառայությունն է:

Բանակում ծառայող իր ընկերների մասին խոսեց նաեւ Գեւորգը, ով պատմեց, որ իր ընկերոջ նկատմամբ ճնշումները դադարել են այն բանից հետո, երբ բոլորին հայտարարել է իր` միասեռական լինելու մասին, եւ բոլորը` սկսած հրամանատարներից, զգույշ են, որ հանկարծ դեպք չպատահի նրա հետ եւ պատասխանատվության չենթարկվեն:

«Վիրավորականն այն է, որ նրա բաժակն ու ափսեն առանձնացրել են ու չեն դիպչում, բայց դիմում են սեռական ցանկություններին հագուրդ տալու համար»,- ասում է Գեւորգը: Նա այլ ընկերներ էլ ունի, որոնց ծառայությունը նորմալ է անցել, որովհետեւ չեն իմացել:

«Ե՞րբ մեր հասարակությունը հանդուրժող կդառնա միասեռականների նկատմամբ» հարցին մեր զրուցակիցները տարբեր պատասխաններ տվեցին: «Միասեռականների խնդիրը մոտակա ժամանակներս չի լուծվի Հայաստանում, որովհետեւ ժողովրդի այդ մտածելակերպը երկրի ղեկավարության ցանկությունն է»,- կարծում է Գեւորգը:

Ռուբենն ասում է, որ Հայաստանն ինչ-ինչ առումներով Ռուսաստանի ազդեցության տակ է, եւ եթե համեմատաբար զարգացած Ռուսաստանում դեռ չեն ընդունում միասեռականներին եւ արգելում են գեյ- պարադը, ապա Հայաստանում դեռ շուտ է խոսել խնդրի կարգավորման մասին: Դարոնն էլ նշում է, որ ցավալին իր հասակակիցների թշնամական վերաբերմունքն է, տարեցների անհանդուրժողականությունն իրեն չի հուզում:

Հոգեբան Դավիթ Ամիրյանը կարծում է, որ տարիներ հետո կփոխվի սեռական փոքրամասնությունների նկատմամբ թշնամական վերաբերմունքը: Իսկ մինչ այդ նա ներկայացնում է սոցիոլոգիական հարցման տվյալներ, ըստ որոնց` հայ երիտասարդության 86,5%-ն ընդհանրապես հրաժարվում է ապրել ու աշխատել միասեռականների հարեւանությամբ:

Սուրեն դպիր Ներսիսյանն էլ, մեջբերելով Աստվածաշնչից, հիշեցնում է, որ Աստված պատժեց հռոմեացիներին` ստեղծվածներին, ոչ թե ստեղծողին պաշտելու համար եւ նրանց անարգ կրքերի մատնեց. այդ անարգ կրքերը նրանց անբնական պետքերն էին իրենց սեռի նկատմամբ:

Շուշան Հարությունյան

Հ.Գ. Հոդվածում խոսող բոլոր միասեռականների անուններն անվտանգության նկատառումներով փոխված են:

http://www.hetq.am/arm/society/497/

Posted by: blansh | May 27, 2007

“Փախեք, լրագրողներն եկան”

90-ականներին, երբ գնում էինք Սեւան հանգստանալու, լողացողներին վախեցնելու ամենադյուրին միջոցը “վադալազը” գոռալն էր. անմիջապես բոլորը դուրս էին փախնում ջրից: Փաստորեն, ջրասուզորդը, որ լողացողներին պիտի փրկեր, հակառակ ֆունկցիայի հետ էր ասոցացվում: “Սարսափելի վադալազի” կերպարը եկել էր այդ ժամանակներում պտտվող լուրերից, թե ջրասուզորդները մարդկանց ոտքերի տակից քաշում, խեզդում են, հետո դիակը հանելու համար մեծ գումար պահանջում…

Վերջերս, երբ մարդիկ հավաքված ինչ-որ բան են քննարկում, հասարակական ակցիա է կամ ինչ-որ միջոցառում, հավաքվածներին ցրելու լավագույն միջոցը <ժուռնալիստները> գոռալն է…Թե ինչ պատմության հետ է կապված լրագրողի անվան սարսափ նախապատմությունը, (մարդ, ով կատարում է “հասարակության շան” դերը), գիտնականները դեռ չեն հայտնաբերել…

Ինչ է` մեդիագրագիտության խնդիր ունի հասարակությունը, լավ չի ըմբռնում ԶԼՄ-ների ու լրագրողի դերը, “զահլա չունի” իր իրավունքների համար պայքարելու, թե իրոք մի քանի լրագրողներ առիթ են տվել, որ “ջրի տակից քաշող վադալազի” համբավը տարածվի բոլորի վրա:

Երբ պատիվ ես ունենում “կարող ա՞մեր վրա գրես-մրես” հասարակության շրջանում պոպուլյար արտահայտությունը լսել օրինակ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից, արդեն զարմանալի չէ:

Բայց, երբ հասարակ քաղաքացիներին ես դիմում, ասենք, հարցում անելիս եւ նմանատիպ արտահայտություն ես լսում, ակամա շտապում ես քեզ հայլու մեջ նայել…”ի՞նչ է` ես ագրեսիվ, չար զրպարտողի տեսք ունեմ, թե դիկտոֆոնի շողքի տակ եմ այդպիսին երեւում”:

Եվ եթե մենակ դու ես այդպիսի չար լինում, դա դեռ ոչինչ. սեփական անձին վերադաստիարակելը հնարավոր բան է, բայց երբ այս երեւույթից խոսում են շատ լրագրողները, սա արդեն լրջորեն մտածելու տեղիք է տալիս…

Ի վերջո, լրագրողները body art-ով չեն զբաղվում եւ չեն պատրաստվում գրել ոչ ոքի վրա, առավել եւս հաստավիզ պաշտոնյաների (ներեղություն, ուրիշ համապատասխան բառ չգտա)…

« Newer Posts

Categories