Եվ ով դառավ Կլարա Ցետկինը, որ “ազգիս” վրա մատ թափ տա :)
Երեկ ազգիս վրա վատ երազ տեսա
Երազումս իբր Մայր Հայաստանը գյուղական էլիտայի ներկայացուցիչների` “ժեկերի”, անձնագրային բաժնի աշխատակցուհիների ու դպրոցի տնօրենների իգական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ բոբիկ գնացել էր կանանց տիեզերական համաժողովին` մեր երկիրը ներկայացնելու ու թղթե շերեփը համաշխարհային հարիսայի կաթսայի մեջ “խրեց”…
Էս Բեթի Ֆրիդենը լիբերալ ֆեմինիզմի շերեփով ափսեների մեջ լցնում էր հարիսան ու հետ փոխանցում, Ջանեթը Բիելի էկոֆեմինիստական աղ էր բաժանում, իսկ երբ Անջելա Դեվիսը սեւամորթ կանանց համար փայտե դագանակներ բերեց ու երբ եվրոպացի կանայք սկսեցին կանանց գրականությամբ ու Վիրջինի Վուլֆով “լոպազանալ”, էս մեր խեղճ ու կրակ Մայր Հայաստանը քաշվեց մի կողմ ու լաց եղավ…
Բայց… հիշեց Եղիշեին, տիկնանց փափկասուն, հավաքեց իրեն ու “երկրորդ մոտեցմամբ” փորձեց գոնե թղթե շերեփի ծայրից բռնել ու… Ու չնայած մեր Մայր Հայաստանը կարդացած կնիկ էր, Կապուտիկյանից մինչեւ Զապել Եսայան անգիր էր արել դպրոցում, բայց գլխի չընկավ, որ գոնե դրանք հիշատակելու տեղն է եկել ու միակ փայլատակումը երգչուհի Շեր-ին հիշելն էր: Բայց դե Շերը շեր է մնում, թքած ուներ` հայկական արմատներ կա մեջը, թե չէ…
Մեր Մայր Հայաստանը “տիեզերական ձախողումից” հետո նամակ գրեց տուն, որ իրենց պահած, փայփայած որդիներն ու ամուսինները գան, տուն բերեն, բայց թարսի պես էդ ժամանակ քաղաքում ուկրաինացի ու ռուս մի երկու կնիկ էին ֆռֆռում, ու էս մեր տղամարդիկ ազգային-ազատագրականով էին խրված, նամակին պատասխանելու ժամանակ չեղավ…
Ու ինչպես դարերով ավանդվել էր, ժառանգական հարմարվողականությամբ քարից հաց քամող էս մեր կանանց դելեգացիան տան ճամփեն բռնեց, որը անցնում էր Դեր Զորով… Ու պատմական անարդար զարգացմամբ մեր Մայր Հայաստանի մայրը մեկ անգամ եւս լացեց ուժգին ու աղեկտուր… Ու լռեց նա` հարմարվելով իր վիճակին ու ընկճված տուն գալով` դաստիարակեց իր Թագուհի դուստրերին Արա որդիներին ծառայելու համար, իսկ Արա որդիներին` հարեւանի Շամիրամներով զբաղվելու համար… Հետո երազումս աչքիս երեւաց Կլարա Ցետկինը ու մատ թափ տվեց ազգիս վրա… Վեր թռա, “ջրի վրա” պատմեցի երազս ու էլ քնել չկարողացա… Էհ… Էլի մարտի 8-ն է…
***
Մշակութաբանության 19-րդ դարի տեսություններից մեկում աչքիս ընկավ հասարակությունում եւ ազգային մշակույթի պայմաններում կնոջը վերագրվող սոցիալական դերի ու վարքագծի մասին մի տեսլական, որը հատուկ շեշտում էր, թե կանանց` չափից ավելի առաջադեմ լինելու ձգտում ու գայթակղությունը կարող է բերել կնոջը առնականի` խաղի կանոնների ոլորտ:
21-րդ դարում, երբ արդեն ոչ ոք կասկած էլ չունի, որ “man’s world” է, տեսությունը հատուկ շեշտում է, որ սեռադերային ծիսակարգը անզոր է կոտրել անգամ ամենաուժեղ քարոզչաապարատն ու շարժումը: Անզոր է, որովհետեւ “կայֆը” հենց նրանում է, որ դու կարող ես կանացի լինել ու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ահա քեզ եւ առաջադիմություն… Սակայն հենց մեր հարյուրամյակում չգիտես ինչու անհատի ինքնության պարապը արագորեն լցվեց միջմշակութային անգործությամբ ու 21-րդ` “տղամարդկանց դարում” դժվարը այսուհետ “տղամարդ” գտնել է… Գտնել մեկին, ով չի վախենում ուժեղ կանացիության սուբյեկտի կողքին լինել ու սեռադերային ծիսակարգը տանել ըստ արժանավույնս…
Ու գլոբալը դեռ մի կողմ, Եվրոպան էնտուզիաստներ կվարձի` հրապարակում շորերը պատռելու ու խմբակային կլորին թքելու համար… Բայց մենք
Ինչպես պատահեց, որ մեզանում պարապը միայն սեփական հեռախոսի կամ մեքենայի հետ հարաբերվող, սեփական գենդերային դերը կորցրած սոցիալական կառուցվածքներում արդարացում փնտրող “անտղամարդկության” սերունդով լցրեց: Read more »