Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

“Եսիմինչ”…

Կոմպի ստեղների կոճակները անտրամաբանական հաջորդականությամբ արդեն որերորդ անգամ սեղմելուց հետո ինքս ինձ բռնում այն մտքի վրա, որ շնչելս առանձնապես չի գալիս ու սիրտս համարյա չի էլ թփրտում: Սովորական պատմություն: Պատահում է, չէ՞: Մոլորակի վրա քանի միլիոն մարդու սիրտ է կանգնում ամեն մի վայրկյան: Ախր մարդկային է չէ՞ ցավեցնող ամեն ինչին տեղի տալը, մանավանդ, որ դրա համար առիթներ ինչքան ասես լինում են ու կրկնվում օրական հաջորդականությամբ: Ջնջեցի էս պատմությունը: Սկսում են նորից:

Օրս սկսում եմ շնորհակալության աղոթքով ու չեմ վախենում ոչ նորաձեւ երեւալուց: Ու շնորհակալություն եմ հայտնում այս համատարած արեւների ու սիրո համար: Էնպես սիրում եմ այս արեւները ամենուր, մարդիկ անցնող, ժպիտները ծանոթ-անծանոթ, բոլորին, ամեն ինչ: Մտերիմներիցս մեկը հարցնում է. “լսի, կարողա՞ աղանդավորական ես դառել, էդ կարծեմ վտանգավորա”: Ժպտում եմ: Եթե սիրո աղանդ կա, ուրեմն ես էդ աղանդի հետեւորդներից եմ: Սիրում եմ: Չէ, իսկականից էս մեկը էն փոփ աստղերի երգերի մեջ պատմվող սիրո մասին չէ, են որ պատեր են քերծում, տանջվում, տառապում: Սերը լուսավոր է: Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:

Էն ջնջածս պատմությունը: Վերելակի կոճակը ռոբոտային արագությամբ եմ սեղմում ու նայում վերեւի վառվող կետերին: 8, 7, 6, 5 … բացվեց: Գլխարկով ու սպիտակ բեխերով մի նիհար կազմվածք բարբառում է. “ներքեւ՞”: Գլխով եմ անում ու ներս գցվում: Փակվեց:

4-րդ հարկ, 3-րդ հարկ, իջնում ենք: Նիհար ու սպիտակած կազմվածքը նայում է: Նիհար ու սպիտակած կազմվածքը երկու ձեռքերը փակած բռունցքեներով առաջ պարզում ու ասում, որ գուշակեմ, թե որն է: Ես անակնկալի եկած ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել` ինչը գուշակեմ: Հետո էլի ավտոմատ կերպով ձախն եմ ցույց տալիս:

2-րդ հարկ, իջնում ենք: Ժպտում է, աջը բացում է ու մի կոնֆետ պարզում: “Պապդ սաղ է՞” հարցնում է: Ես էլ գլուխս եմ տարուբերում: Վերցնում եմ կոնֆետը: “Դե ժպտա մի տեսնեմ է~,-ասում է,- կարողա չէ՞ էս անտերը չաշխատեր, ոտքով իջնեիր, ինձ չտեսնեիր ու շակալադ չուտեիր”: “Ըհը”,-ասում եմ ու ժպտում:

1-ին հարկ, բացվում է դուռը, ինքը արագ-արագ դուրս է գալիս: Էլի ժպտում եմ: Հետո տեսնում եմ` ինչպես է պահակակետի մոտ կանգնած թերթավաճառի ձեռքը սեղմում ու կորում դռան հետեւում: “Ոնց է ձեռները գնում թոշակի գրել սենց մասնագետների”,-անցնում եմ թերավաճառի մոտով…

Դրսում ցուրտ է: Թեւանցուկ անցնում են երկու կին մի պուճուրի ձեռքը բռնած: Էս աղջնակը ոտքերը ջրափոսի մեջով չլմփացնելով է քայլում: Մայրը ջղայնանում է: Պուճուրը ժպտում: Ես էլ: Ոտքս ջրափոսի մեջ եմ դնում: Չլմփ: Ինչ լավ է: Մետրո չեմ իջնում, չնայած սովորությանս կամ ավելի ճիշտ բնավորությանս նման օրերին մետրոի մինչեւ վերջին կանգառը գնալու: Տարօրինակ է, բայց արեւ է էս գիշերվա կեսին ու տաք օդ է փչում էս անցնող մարդկանցից, խանութների ցուցափեղկերից, գովազդային վահանակներից: Ժպտում եմ: Անցնողները տանօրինակ են նայում: Չէ, անցորդները տուն են գնացել` քնելու:

Փողոցի մեծ գովազդային վահանակին “Ես սիրում եմ քեզ” է գրված, ներքեւում. “Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին”: Մտածում եմ, այ թե էս “տոնը” ամեն օր լինի, սովորություն դառնա, հետո` բնավորություն: Մյուս վահանակին հերթական բանկի հերթական գովազդն է. “Իրականացրու երազանքդ” մյուսին` նույն վարկային բովանդակությամբ մի ուրիշ բանկի “Այստեղ եւ ամենուր”-ը: Աբովյանի վրա էլի Դավիթն է բռնեցնում, թե նկարներ գնի: “Էսօր իմ ծնունդ է”,- ասում է: Կոնֆետը չեմ կերել, պարզում եմ իրեն: Հարցնում եմ` իսկ դու ինչ ես երազում… Read more »

December 23, 2008 Posted by blansh | Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք | , , | 7 Comments