Posted by: blansh | February 2, 2008

Ծուռ հայելի ընտրական հեքիաթ

Մի երկիր կա Հարավկովկասում, որի իշխանական համակարգը բռնակալական չէ եւ հանդես չի գալիս արդարության դրոշի ներքո: Այս երկրում ինֆեկցիոն, վարակիչ հիվանդություն չէ իշխանամոլությունը եւ ոչ ոքի հեչ պետքն էլ չի աթոռակռիվ տալը:

Քարոզարշավը այս երկրում ընթանում է հասարակության բարձր քաղաքացիական գիտակցության պայմաններում:  Փոխվել են ժամանակները եւ ընտրակաշառքի պահանջարկը չկա, դրա համար կուսակցությունների տարածքային զգիրները դռնդուռ ընկած ընտրակաշառք չեն առաջարկում եւ քաղաքացիների անձնագրերի համարները չեն հավաքում:

Մտավորականություն այնքան կայուն սոցիալական եւ հասարակական դիրքերում է, որ մի գրքի տպագրման կամ լավ պատառի համար չի վաճառում իրեն ու պալատական մունետիկ չի դառնում:

Վեհանձն նախագահի թեկնածուներն էլ ընտրողների հետ հանդիպումներին հրապարակներից  չեն վայրահաչում եւ, որ ամենակարեւորն է, մյուս թեկնածուներին չեն դատափետում, ընդհակառակը. գովքն են անում ողջ “ազգուտակով”` հարեւոնի կնոջը չմոռանալով:

Հետո շատ մարդիկ գալիս են հանրահավաքներին թեկնածուներին լսելու, հո չեն գալիս Արամեի կամ Սիրուշոյի համար: Էլ չեմ ասում, որ դպրոցներից ու պետական այլ հիմնարկներից շատերը գլուխ են կոտրում, ուղղակի ստիպում են իրենց ղեկավարությանը, որ վերջիններս իրենց ավտոբուսներնը լցնեն ու բերեն կանգնեցնեն հանրահավաքներին, մի դրոշ էլ ձեռքները տան:

Իսկ թեկնածուների նախընտրական կարգախոսներն էլ կարծես օտար լեզվից թարգմանած չլինեն, իսկական հայկական խորիմաստ կարգախոսներեր են, ասենք “Առաջ Հայաստան էր” կամ գլուխգործոցը` “Երկու կողմերի կռվից շահելու է երրորդը”(ակունք իմաստության):

Այս երկրում լավագույն խորհուրդը` “քվեարկիր նրան, ով բոլորից քիչ խոստումներ է տալիս, հիասթափությունը քիչ կլինի”-ն չէ:

Իսկ Դուք ինչ “դրական փոփոխություններ” եք նկատել այս օրերին?

Leave a response

Your response:

Categories