
Հայ բիզնեսմեն մուրացիկների թեորիան շատ պարզ է. մոտենում ես, գումար տալիս ու խոսում կամ նկարում: Չէ, հակառակ դեպքում թույլ չեն տա, դա էլ է ծառայություն: Դա նման է կենտրոնական փողոցների այն ավտոկանգառների “նայողներին”, որ մեքենադ դուրս հանելիս “լավա-լավա” են գոռում ու ձեռքով ճամփա ցույց տալիս: Ախր, ի վերջո, նրանք էլ են գիտակցում, որ փողոցը իրենց հոր սեփականությունը չի ու այդ 200 դրամը հենց այնպես վերցրած չլինելու համար “մի բան անում են էլի”: Բայց ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող բոմժերը այս կանոններին չեն ենթարկվում: Չէ, մարդիկ կանոնների չեն ենթարկվում:
Այդ օրն էլ, ես ու ընկերուհիս երկու տոպրակ “պեռաշկի” առանք ու մոտեցանց: Լինում է, չէ, որ մի բան մտքովդ անցնում է ու ինչ էլ լինի, պիտի անես: Բայց ոնց ասես, թե ինչու ես հանկարծ մոտենում, ինչ ես ուզում իրենցից ( բոմժերը առհասարակ սովոր են, որ “ձրիի” միֆը չի գործում):
Ասում ենք. “գիտեք մենք նոր “պեռաշկի” էինք ուտում, որոշեցինք ձեզ էլ հյուրասիրել”: Լռություն: Նայում է դեմքիս, ձեռքիս տոպրակին: Հետո… “հա, ես քեզ ճանաչում եմ”, ասում է, “դու հաճախ ես էս կողմերով անցնում”: Նստեք, երեխեք: Նստում ենք, չնայած առանձնապես նստելու տեղ էլ չկա:
Դե Իսահակյան 1-ի աղբարկղի կողքին “բորդյուր” էլ չկա, իրենք, որ կրակ են վառում, կողքերը պպզում են: (Ինձ սովորեցրել են, որ խոսելիս պետք է աչքերը մեկ հարթության վրա լինեն, որ հաղորդակցությունը ստացվի, ես էլ դե դպրոցում դասերս լավ եմ սովորել): Պպզում ենք: Գրական ասած` կքանստում:
Ասում է. “գիտեմ, ուսանող ես, դասերդ ոնց են”: “Դե լավ են,- ասում եմ,-չնայած էս երկրում ինչն է լավ?”: Առհասարակ, այս վերջին նախադասությունը փորձված տրյուկ է, որ խոսեցնում է ու բորբոքում ընդդիմության հանրահավաքներին կոկորդը պատրող նախկին պահեստապետ կոմունիստներից մինչեւ մեր բակի “բիսետկայում” նարդի խաղացող բամբաս բյուրոյի տղամարդանց:
Բայց ասեմ, այս դեպքում ձախողվեցի… Ծայրահեղ անհույս հայ բոմժը չի դժգոհում երկրի վիճակից: “Դե մենք էլ, մի օր լավ, մի օր վատ: Էսօր վատ օրին հանդիպեցիր ու ամաչում եմ, որ էսպես ծանոթացանք: Մյուս անգամ քեզ Բելաջո կհրավիրեմ”,-ասում է: Ժպտում եմ: “Իհարկե ասում եմ ու հարցնում` այս ձմեռ անօթեւանների կացարանում է մնալու”: Ասում է, թե` “չէ, արդեն տեղ չկա”:
Խոսում ենք երկար, ես էլ անգամ իմ հոգսերից եմ պատմում: Այնքնան ջերմություն ու բարություն կա այս մարդու աչքերում: Հիմա արդեն ընկերացել ենք: Հիմա ամեն անգամ հանդիպելիս էլ չեմ ամաչում “պեռաշկիներ” առնել նրա ու իր ընկերների համար: Գիտի, որ ձրի չի, ընկերության համար է:
Հա, ինչու եմ պատմում այս ամենը: Վերջերս հավաքված խոսում էինք ու ինձ հարցնում են, չես ամաչի, որ ծանոթները տեսնեն քեզ բոմժերին բարեւելիս կամ չես զզվում իրենց կողքին նստելուց?
Պատասխանում եմ… զզվում եմ… Բայց գիտեք ինչից? Այս նույն բոմժերի կողքին իրենց նիվաները կանգնեցրած “լավ տղաներից”, որ Նոր տարվա առիթով “բոմբ” են գցում նրանց կրակի մեջ ու վախեցած դեմքներին նայելով` ուրախանում:
Զզվում եմ փետրավոր տիկնանց ու նրանց հաստավիզ ամուսինների բարեգործական միություններից, որ նրանց անունով փող են վերցնում ու “Մոմոշիկի սադիկի դաստուին նվիրում, որ երեխուն լավ նայի”:
Զզվում եմ առհասարակ սուտ զզվողներից ու ապլոմբ զզվանքներից: Սրանց կաստայի թունավորած օդից եմ զզվում: Չէ, անկեղծ ասեմ, ես էլ չգիտեի, որ էսքան զզվում եմ, բայց արի ու մի զզվի…
Categories: