90-ականներին, երբ գնում էինք Սեւան հանգստանալու, լողացողներին վախեցնելու ամենադյուրին միջոցը “վադալազը” գոռալն էր. անմիջապես բոլորը դուրս էին փախնում ջրից: Փաստորեն, ջրասուզորդը, որ լողացողներին պիտի փրկեր, հակառակ ֆունկցիայի հետ էր ասոցացվում: “Սարսափելի վադալազի” կերպարը եկել էր այդ ժամանակներում պտտվող լուրերից, թե ջրասուզորդները մարդկանց ոտքերի տակից քաշում, խեզդում են, հետո դիակը հանելու համար մեծ գումար պահանջում…
Վերջերս, երբ մարդիկ հավաքված ինչ-որ բան են քննարկում, հասարակական ակցիա է կամ ինչ-որ միջոցառում, հավաքվածներին ցրելու լավագույն միջոցը <ժուռնալիստները> գոռալն է…Թե ինչ պատմության հետ է կապված լրագրողի անվան սարսափ նախապատմությունը, (մարդ, ով կատարում է “հասարակության շան” դերը), գիտնականները դեռ չեն հայտնաբերել…
Ինչ է` մեդիագրագիտության խնդիր ունի հասարակությունը, լավ չի ըմբռնում ԶԼՄ-ների ու լրագրողի դերը, “զահլա չունի” իր իրավունքների համար պայքարելու, թե իրոք մի քանի լրագրողներ առիթ են տվել, որ “ջրի տակից քաշող վադալազի” համբավը տարածվի բոլորի վրա:
Երբ պատիվ ես ունենում “կարող ա՞մեր վրա գրես-մրես” հասարակության շրջանում պոպուլյար արտահայտությունը լսել օրինակ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից, արդեն զարմանալի չէ:
Բայց, երբ հասարակ քաղաքացիներին ես դիմում, ասենք, հարցում անելիս եւ նմանատիպ արտահայտություն ես լսում, ակամա շտապում ես քեզ հայլու մեջ նայել…”ի՞նչ է` ես ագրեսիվ, չար զրպարտողի տեսք ունեմ, թե դիկտոֆոնի շողքի տակ եմ այդպիսին երեւում”:
Եվ եթե մենակ դու ես այդպիսի չար լինում, դա դեռ ոչինչ. սեփական անձին վերադաստիարակելը հնարավոր բան է, բայց երբ այս երեւույթից խոսում են շատ լրագրողները, սա արդեն լրջորեն մտածելու տեղիք է տալիս…
Ի վերջո, լրագրողները body art-ով չեն զբաղվում եւ չեն պատրաստվում գրել ոչ ոքի վրա, առավել եւս հաստավիզ պաշտոնյաների (ներեղություն, ուրիշ համապատասխան բառ չգտա)…
Categories: