Ավստրիական թաղամասը սպասում է առաջին հարսանիքին
Գյումրիի հյուսիս-արեւելյան հատվածում, քաղաքի ծայրին առանձնանում է իր տեսակի մեջ միակ, միհարկանի, միանման տներից բաղկացած Ավստրիական թաղամասը: Այստեղ բնակվում են 1988թ-ի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժի հետեւանքով հաշմանդամ դարձած մարդիկ:Ավստրիական թաղամասի առաջին բնակիչներից է 53-ամյա Կիմա Ասատրյանը: Նա ապրում է դստեր, փեսայի ու թոռների հետ: 88-ին կորցրել է ամուսնուն եւ իր չորս երեխաներից երկուսին: Իր` Կիմայի ոտքը անդամահատել են: ՙԹոռներս ինձ այգի են տանում կամ հանդիպում եմ հարեւաններիս դռան դիմաց: Բոլորս էլ նույն` օրվա ապրուստի, առողջականի, համարյա նույն խնդիրներն ունենք: Խոսում ենք դեսից-դենից, բայց ոչ երկրաշարժից՚,- իր առօրյան է պատմում Կիման:
80 ամյա Վռամ պապը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ իր 2 աղջիկ թոռներից բացի ոչ-ոք չունի այս աշխարհում: Բոլորին կորցրել է երկրաշարժի ժամանակ: Ապրուստի հիմնական միջոցը Վռամ պապի թոշակն է, բայց ծերունին չի դժգոհում, որոշել է հարսանիք անել, թոռներին ամուսնացնել ու դեռ ծոռներին էլ տեսնել: ՙՄենակ մեծացրի թոռներիս, ու հիմա վախենում եմ, թե հանկարծ իրենց նպատակներին չհասցնեմ, շուտ մեռնեմ՚,- ասում է նա:Վռամ պապենց կողքի տանը ապրող 58 ամյա Սաթիկ Չափազյանն ու իր ամուսինը միայնակ թոշակառուներ են` երկուսն էլ հաշմանդամ. տիկին Սաթիկի ոտքն է անդամահատված, ամուսինն էլ կույր է: Նրանք չեն պատկերացնում իրենց առօրյան առանց հարեւանների եւ սուրճի սեղանի շուրջ ամեն առավոտ քննարկվող խնդիրների, կատակների ու վիճաբանությունների: Սաթիկն ասում է, որ գյումրեցիները խուսափում են իրենց թաղ մտնել` պատճառաբանելով, որ ծանր թաղամաս է:
ՙՀազիվ օրը կմթնեցնենք` ծայրը ծայրին էլ չհասցնելով: Սա է մեր վիճակը: Մեր թաղն էլ մարդկանց աչքից հեռու, քաղաքի ծայրին` ամբողջը փոս ու քարերով պատված՚,- պատմում է նա:Ավստրիական թաղամասի տները երկրաշարժից հետո կառուցել են ավստրիական տարբեր կազմակերպություններն ու անհատ բարերարները: Յուրաքանչյուր տան վրա փակցված է այն կառուցողի անունը` վրան համապատասխան ցուցանակով: Տները կոկիկ են, հիմնականում երկսենյականոց, միանման, սպիտակ քարերով եւ կարմիր տանիքներով: Թաղամասի դպրոցը, խանութն ու դեղատունը թեքահարթակներով են: Այստեղի նեղ փողոցները կառուցման օրից միայն մեկ անգամ են ասֆալտապատվել:
Ավստրիական թաղամասում այսօր 130 ընտանիք է ապրում: Կիպրահայ Թորոս Փիլիպոսյանը թաղամասի նորեկներից է: Երկու տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել այստեղ մշտական բնակության: Այս տարի նրա աղջիկները թաղամասի դպրոցն են գնալու, ինքն էլ այգին է բարեկարգել, որ հարեւանների հետ այնտեղ նարդի խաղա:ՙ1991թ-ից հետո ամեն տարի ամռանը գալիս էինք Ավստրիական թաղամաս ու տեղի երեխաների համար ճամբարներ կազմակերպում: Հետո այնքան կապվեցինք հետները, որ դժվարությամբ մի տունը առանք ու տեղափոխվեցինք այստեղ՚,- պատմում է Թորոսը:
Նա բացատրում է, որ Ավստրիական թաղամասում դժվար էր վաճառվող տուն գտնել, քանի որ դրանցից ոչ մեկը սեփականաշնորհված չէր: Հիմա գրեթե բոլոր տները սեփականաշնորհված են, եւ կան մարդիկ, ովքեր հարմար առիթի դեպքում վաճառում են իրենց բնակարանները եւ հեռանում այս թաղամասից: ՙՀամաձայնեք, Հայաստան ու հաշմանդամների թաղամաս. Անգամ անսովոր է հնչում, դրա համար են գնում: Բայց իմ հարեւաններից շատերը միտք էլ չունեն բնակարանը վաճառելու, այստեղ հարազատ է՚,- ասում է Թորոս Փիլիպոսյանը:
ՙՀիշում եմ, 6 ամիս գնացի մյուս դստերս մոտ ապրելու` Ռուսաստան ու շուտ եկա: Չէի դիմանում, կարոտել էի տունս, հարեւաններիս՚,- պատմում է Կիման:Սաթիկն էլ ասում է, որ սովորել է ապրել այս թաղամասում: Նա պատմում է, որ երկրաշարժից հետո թաղամասում ուրախություն չէին տեսել ու երբ անցած տարի իրենց հարեւանը թոռնիկ ունեցավ, առաջին անգամ ամբողջ թաղամասուվ հավաքվեցին ու մի լավ նշեցին:Թաղամասը 18 տարիների գոյության ընթացում դեռ հարսանիք չի տեսել£ Վռամ պապի թոռների սպասվող ամուսնությանը Սաթիկը, Կիման եւ մյուս ՙավստրիացիները՚ մեծ անհամբերությամբ են սպասում. ՙՍպասում ենք, թե առաջին հարսանիքը երբ է լինելու: Երեւի Վռամը թոռանը կամուսնացնի: Ի վերջո, մեր միապաղաղ առօրյան կլցվի մի ուրախ օրով”:
Շուշան Հարությունյան
No comments yet.